ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔՈՒՄ


Խաչվերացը  Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Սեպտեմբերի 14-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի նույնպես առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը:

Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:

Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի էին եկել բազմաթիվ ուխտավորներ:

Այնուհետև մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր ուխտավորաբար Սբ. Խաչ վանքում գտնվող Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի հոգևոր հովիվ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը:

Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը `«Սա է զէն հաղթության » բնաբանով: Հոգեշնորհ Հայր Սուրբը հավատացյալներին ներկայացրեց տոնի պատմությունը, ինչն անմիջականորեն կապված է վանքի պատմության հետ, խոսեց Խաչի սրբազան խորհրդի, նշանակության ու դերի մասին մեր կյանքում:

Վերջում Հայր Սուրբը մաղթեց, որ Տիրոջ նվիրական Սուրբ Խաչը և Խաչի մասունքը կրող Սբ. Խաչ նշանավոր վանքը պահապան և զորավիգ լինի մեր ազգին, մեր ժողովրդին և Ամենակալ Աստված իրականացնի ուխտավոր ժողովրդի ուխտը:

Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ հանդիսապետությամբ  Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի: Հոգևորականաց դասի, Վայք քաղաքի զորամասի զինվորների, դպիրների, հարյուրավոր ուխտավորների ուղեկցությամբ, վանքի բակում շարականների և ավետարանների երգեցողության ներքո կատարվեց Անդաստանի կարգ:

Այս տարվա Անդաստանն առանձնահատուկ էր նրանով, որ ի նշանավորումն Սբ. Խաչի գերեվարությունից ազատման՝ հայոց զորականների նշանակալից դերին տոնի օրը Արկազի պատմական Սբ. Խաչ վանքում թափորի ժամանակ ռեհանով ու ծաղիկներով զարդարված Սբ. Խաչն մեծ պատվով վերցրել էին մերօրյա հայոց զորականներն:

Արարողության ավարտին Ծաղկյալ Խաչը խորհրդանշող ծաղիկները բաժանվեցին ուխտավորներին, ապա տեղի ունեցավ մատաղի օրհնություն և վանքում գտնվող ուխտավորներին տրվեց սիրո ճաշ:

Այնուհետև սկսվեց Վայոց ձորի թեմի կողմից կազմակերպված մշակութային հանդիսությունը, որի սկզբում ողջույնի ու օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը:

Ժողովրդական տոնախմբության ընթացքում ելույթ ունեցան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի, ինչպես նաև գեղեցիկ ելույթներով հանդես եկան սահմանամերձ Խաչիկ համայնքի պարի համույթի սաները` ղեկավարությամբ Բելլա Առաքելյանի:

Այդ օրվա ողջ լայնածավալ հանդիսության հովանավորներն էին Սբ. Խաչ վանքի վերակառուցման բարերարներ Վարդան և Ռուզաննա Հայրապետյանները, որոնց հիմնադրած «Վարս» բարեգործական ընկերության միջոցներով հոգացել էին կազմակերպչական բոլոր հարցերը:

Առիթից օգտվելով` մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ազնիվ բարերարներին և մաղթում, որ Ամենակալ Տերն իր Սուրբ Խաչով օրհնի և պահպանի նրանց ու նրանց բազում ազգանվեր և եկեղեցաշեն ծրագրեր իրականացնի:

Սբ. Խաչ վանքում հավաքված բազմաթիվ ուխտավորները, հաղորդակից լինելով հոգեպարար այս արարողություններին, ուր խաչված էին միմյանց քրիստոնեությունն ու մեր ազգային էությունը, մեծ խանդավառությամբ ու հոգեպես զորացած, Տիրոջ Խաչի զորությամբ լցված, Աստվածատուր օրհնությունը տարան իրենց ընտանեկան հարկից ներս:

Թող Սուրբ Խաչը խաղաղության մեջ պահի, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, Հայրենիքը մեր սրբազան և քաջարի ժողովրդին:

Թող Սուրբ Խաչ վանքը ի կատար ածի բոլոր ուխտավորների ուխտը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements