ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ


Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է: Հազարամյակների պատմություն ունեցող և համաշխարհային քաղաքակրթության անդաստանում իր ուրույն տեղն ու դերն ունեցող մեր ժողովուրդը, սկսած մեր Հայկ Նահապետից, պայքարել է, մաքառել է անկախության հասնելու համար:

Շատ բարդությունների միջով ենք անցել և անցնելու ենք, երբեք չկորցնենք մեր հույսը, երբեք չընկրկենք, երբեք չդավաճանենք անկախության համար զոհված մեր մարտիկներին, երբեք մեր ազգային նպատակները չուրանանք, այլ այս գաղափարների և նպատակների շուրջը միանանք ու անխոտոր գնանք առաջ՝ դեպի մեր ազգային իղձերի իրականացում:

Թող Ամենակալ Տերն Իր Սուրբ Աջի և Խաչի պահպանությամբ օրհնի, զորացնի ու առաջնորդի բոլորիս:

Շնորհավորում ենք բոլորիս ՀՀ Անկախության օրվա առթիվ: Մեր միությամբ, մեր հավատով, մեր սիրով պահպանենք և մեր սերունդներին փոխանցենք ամենաթանկը մեր ազգի համար` Անկախությունը:

Advertisements

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը` ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ


Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Մուսա լեռան հերոսամարտի հիշատակման օրն է:

Փառահեղ է այն իր գաղափարով, իր ռազմավարությամբ ու իր հաղթանակով: Հերոսական մեր ժողովրդի բեկորները, որ միախմբվելով դարձան լեռ մեր թշնամու բիրտ ուժերի դեմ, ապացուցեցին, որ որևէ ազգային նպատակ, որևէ ազգային իդեալ, կարող է իրականանալ` միասնականությամբ, անկոտրուն կամքով, անսասան հավատով ու անվեհեր քաջությամբ: Ահա Մուսա լեռան և հերոս մուսալեռցիների պատգամը մեզ: Հետևենք նրանց, պահպանենք նրանց հիշատակը սրբությամբ ու կհաղթենք նրանց համառությամբ:

Մուսա լեռան հերոսամարտի կապակցությամբ շնորհավորում ենք և մաղթում մեր ժողովրդին, հատկապես մուսալեռցիներին, որ Ամենագութ Աստված խաղաղություն պարգևի հայոց աշխարհին և իրականացնի մեր ազգային բոլոր իղձերն ու երազանքները: