Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Մուսա լեռան հերոսամարտի հիշատակման օրն է:
Փառահեղ է այն իր գաղափարով, իր ռազմավարությամբ ու իր հաղթանակով: Հերոսական մեր ժողովրդի բեկորները, որ միախմբվելով դարձան լեռ մեր թշնամու բիրտ ուժերի դեմ, ապացուցեցին, որ որևէ ազգային նպատակ, որևէ ազգային իդեալ, կարող է իրականանալ` միասնականությամբ, անկոտրուն կամքով, անսասան հավատով ու անվեհեր քաջությամբ: Ահա Մուսա լեռան և հերոս մուսալեռցիների պատգամը մեզ: Հետևենք նրանց, պահպանենք նրանց հիշատակը սրբությամբ ու կհաղթենք նրանց համառությամբ:
Մուսա լեռան հերոսամարտի կապակցությամբ շնորհավորում ենք և մաղթում մեր ժողովրդին, հատկապես մուսալեռցիներին, որ Ամենագութ Աստված խաղաղություն պարգևի հայոց աշխարհին և իրականացնի մեր ազգային բոլոր իղձերն ու երազանքները: