Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Սրբոց Թարգմանչաց տոնին


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

(Առակներ 1:2)

 Այս խոսքերը մեր շուրթերից հնչեցին շատ դարեր առաջ, իբրեւ հայատառ առաջին նախադասություն, իբրեւ մեր սրբացած թարգմանիչ վարդապետների առաջին հայերեն թարգմանություն:

Սիրելի՛ հավատացյալներ, այսօր Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու տոնացույցով ոգեկոչում ենք խնկելի հիշատակը նրանց:

Մեծ է Սրբոց թարգմանչաց գործի խորհուրդը: Այդ խորհրդով մենք առաջնորդվեցինք դեպի քաղաքակրթություն, եւ ազդարարվեց մեր մուտքը քրիստոնեական մշակույթ: Այդ խորհրդով մենք ունեցանք հայատառ ու հայալեզու Աստվածաշունչ մատյանը, այդ խորհուրդն ուղեկցեց մեզ դարեր ի վեր:

Ե դարում հայ ժողովուրդը փառավորվեց Սուրբ Մաշտոցի հանճարեղ գյուտով: Հայի միտքն ու հոգին, որից մեր մշակույթի ու գրականության զարմանահրաշ գանձերը պիտի ծնվեին, այդուհետ փայլատակելու էր հայերեն:

Սեփական գիրն ունենալու ձգտումն այլեւս դարձել էր հոգու պահանջ, ժամանակի թելադրանք ու անհրաժեշտ նախապայման՝ իրականացնելու համար սեփական հայրենիքում ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի դարավոր իղձը: Այո՛, բազում արհավիրքներ ու ալեկոծություններ ապրած հայ ժողովրդի կյանքում եղել են նաեւ լուսավոր շողարձակումներ: Բազմադարյան մեր պատմության ընթացքում ծնվել են բացառիկ մարդիկ, եղել են դեպքեր ու իրադարձություններ, որոնք կտրուկ փոխել են պատմության ընթացքը՝ ի օգուտ մեզ: Այդ բացառիկներից էր Մեսրոպ Մաշտոցը՝ իր հանճարեղ գյուտով:

5-րդ դարի սկզբին (405- 406 թթ.) ստեղծված հայոց գիրը ոչ միայն մեր ժողովրդի ֆիզիկական գոյության առհավատչյան էր, այլ նաեւ նրա ոգեկերտումի  և իբրև ժողովուրդ ինքնահաստատման անջնջելի վկայագիրը: Քրիստոնեությունը պետականորեն ընդունած ժողովուրդը պետք է ստեղծեր նոր մշակույթ՝ անհատական իր դիմագծով, իր հանճարին արժանի, ժամանակին համահունչ: Պետք էր պայքարել օտարամուտ եւ այլադավան ներմուծումների եւ ազդեցությունների դեմ, պետք էր Աստծու գիրն ու պատգամը կարդալ սեփական լեզվով, պետք էր աղոթել հայերեն… Դա էր ժամանակի եւ հոգու պահանջը: Continue reading

Advertisements