Ի՞ՆՉ Է ԽԱՉՔԱՐԸ


Խաչքարը, որպես կանոն, բացօթյա միջավայրում ուղղաձիգ կանգնեցրած, աշխարհի չորս կողմերի հանդեպ հստակ կողմնորոշում ունեցող քարասալ է, որի արևմտահայաց տափակ երեսը զբաղեցնում է կենտրոնական խաչից և նրան ուղեկցող բուսաերկրաչափական զարդերից, երբեմն էլ թռչուններից, կենդանիներից և մարդկային կերպարներից բաղկացած քանդակային հորինվածքը:

Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանիշներից մեկը: Իր զարմանահրաշ քանդակային հորինվածքներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ հավատացյալի ամենաակնածելի, իսկ բացօթյա տեղադրությամբ և բազմաքանակությամբ՝ նաև ամենամատչելի սրբություններից մեկը: Ավելի քան մեկհազարամյա ճանապարհ անցնելով՝ այն նաև արդիական մշակութային դրսևորում է, քանի որ խաչքարերի կերտման նոր ալիքը սկիզբ առնելով անցած դարի 60-ական թվականներից, աննախադեպ զարգացում է ապրում հատկապես մեր օրերում: Հայաստանի անցյալն ու ներկան ներկայացնող ընդհանրական բնույթի հրատարակություններում, օրեցօր լայն տարածում գտնող համացանցային աղբյուրներում չկա Հայաստանին վերաբերող մի աշխատություն կամ էջ, ուր անդրադարձ չլինի խաչքարին և չշեշտվի նրա կարևորությունը Հայաստանն ու հայ մշակույթը հասկանալու գործում: Նկատի ունենալով խաչքարի էական դերակատարումը հայ մշակույթի պատմական կերպարի և ինքնության ձևավորման գործում և հաշվի առնելով խաչքարակերտության ծավալումը մեր օրերում  ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ, խաչքարը («Հայկական խաչքարի արվեստը, խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» վերնագրով) 2010թ. ընդգրկվել է «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում:

Առաջին թևավոր խաչերն ու խաչային հորինվածքներն Հայաստանում երևան են եկել դեռևս 4-րդ դարում:  6-7-րդ դարերի սահմանագծին առկա էին խաչքարի առաջացման բոլոր պայմանները, սակայն մոտ երկդարյա արաբական նվաճումները խաչի բացօթյա կիրարկման խիստ արգելքներով՝ համարյա դադարեցրին այդ գործընթացը: Վերջնական ծավալային և հորինվածքային ձևավորում ստանալով 9-րդ դարում և մեծ ծաղկում ապրելով 12-13-րդ դարերում՝ քարերը գոյատևեցին մինչև 18-րդ դար: Մեկից մինչև երեք մետր բարձություն, կես մետրից մինչև մեկ ու կես մետր լայնություն և տասից մինչև երեսուն սանտիմետր հաստություն ունեցող այդ կոթողները սփռված են ողջ Հայկական լեռնաշխարհով մեկ. հին բնակատեղիներում և գերեզմանոցներում, ճանապարհների խաչմերուկներում և բարձունքների վրա, աղբյուրների և կամուրջների մոտ, վանքերի, եկեղեցիների և մատուռների շրջապատում: ճակատագրի բերումով՝ հայ գաղթականները խաչքարերը «ցրել» են իրենց անցած ճանապարհներին Վրաստան և Աղվանք, Հյուսիսային Կովկաս, Մերձվոլգա և Ղրիմ, Մոլդովա և Կարպատներ, Պարսկաստան, Սիրիա, Պաղեստին և այլն: Խաչքարի ամենամեծ հմայքը նրա հյուսածո բուսաերկարաչափական քանդակն է, որն ստեղծվում է չընդհատվող ու ճկուն ելնդավոր գծերի ու նրանցից կազմվող ժապավենների միջոցով: Խաչքարերը բացօթյա, հավատացյալին շատ մատչելի, մոտիկից տեսանելի և ձեռքով շոշափելի կոթողներ են: Եվ գծի անընդհատությամբ ստեղծվող անվերջության պատրանքն այն հիմնական հատկանիշն է, որ տեսանելի խորհրդավորություն և զորություն է հաղորդում Սուրբ նշանին: Խաչը՝ զբաղեցնելով հորինվածքի կենտրոնը իրար է միացնում հորինվածքի ներքևը (որի նախշերը խորհրդանշում են երկիրը, մարդկային կյանքը, անցյալը, չարը) և վերևը (որի զարդերը խորհրդանշում են երկինքը, սրբազանը, ապագան, բարին)՝ հանդես գալով որպես համընդհանուր միջնորդ հավատացյալի և Աստծո միջև թե՛ երկրային կյանքում և թե՛ հատկապես Վերջին օրերին՝ քրիստոնեական Արդար դատաստանի ժամանակ:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements