ԽԱՉԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Խաչքարային հորինվածքի ակունքները հասկանալու համար հարկ է հատուկ ուշադրություն դարձնել 4-7-րդ դարերում Հայաստանում ընթացող գաղափարական-դավանական և մշակութային գործընթացներին, որոնց հետևանքով, ազգային ինքնության մի շարք համալիրների հետ մեկտեղ, մշակվեցին նաև սրբազան տարածքի կազմակերպման սկզբունքները, խաչի ազգային պաշտամունքն ու պատկերագրությունը, որոնց զարգացումն էլ պատմամշակութային յուրահատուկ հանգամանքներում ի վերջո հանգեցրեց խաչքարերի առաջացմանը:

Անտիկ աշխարհում խաչելությամբ մահապատիժը համարվում էր ծայրահեղ պատժի ամենաստորացուցիչ ձևը: Խաչի, որպես ամոթալի մահվան գործիքի, այս ընկալումը կիսում էին և վաղ քրիստոնյաները, և հարկ եղավ բավականին երկար ժամանակ, մինչև այն հաղթահարվեր: Մինչև Կոստանդիանոս Մեծը (306-337թթ.) խաչը համարվում էր սպանության ու անարգանքի գործիք և, որպես քրիստոնեության խորհրդանշան, կիրառվում էր եզակի դեպքերում, այն էլ՝ ի լրումն այլ խորհրդանշանների: Բնութագրական է, որ 4-5-րդ դարերի խաչի գաղափարաբանության առաջին մշակողների՝ հավատացյալներին ուղղված ամենակարևոր հորդորներից մեկն էլ այն էր, որ այլևս պետք չէ ամաչել խաչն ընդունելուց ու երկրպագելուց: Լայնածավալ քարոզչության շնորհիվ խաչն արագորեն վերածվեց քրիստոնեական ինքնության բացարձակ նշանի՝ նրանով էր սկսվում, ընթանում և ավարտվում ցանկացած միտք, ծես և գործ: Խաչի պաշտամունքի ժողովրդականացման և խաչքարի առաջացման մեջ կարևոր դեր խաղաց նաև Հայ եկեղեցու առաձնահատուկ խաչապաշտությունը: Խաչքարի առաջացման և նրա հանդեպ ժողովրդական ակնածանքի հիմքերից մեկն էլ Հայաստանի նման լեռնային երկրում առանձին կանգնած կամ բնական միջավայրից ինչ-որ բնութագրով առանձնացող ժայռի, լեռան և ի վերջո ուղղակի քարի պաշտամունքն էր:
Վաղքրիստոնեական արվեստում խաչի պատկերագրության ձևավորման սկիզբ է համարվում Կոստանդիանոս Մեծի տեսիլքը (312թ.), որը հիմք հանդիսացավ մենագրային (Քրիստոս անվան հունարեն գրության առաջին երկու՝ Քի և Ռո տառերի) և նրա հետևությամբ՝ հավասարաթև կամ այսպես կոչվող հունական խաչի պատկերագրության պաշտոնականացման համար: Խաչի զարդարուն և կենացծառային գաղափարաբանությունն ու պատկերագրությունն էլ կապվում է Կոստանդիանոսի մոր՝ Հեղինեի կողմից խաչափայտի գյուտի հետ, որից էլ ծագում է ձգված համամասնություններով կամ լատինական խաչը:
Քրիստոնյա Հայաստանի ամենահին փաստագրված խաչերը մենագրային խաչերն են (էջմիածին, Աղցք, Քասաղ)՝ ներառված դափնեպսակի մեջ, շրջապատված հավատացյալների հոգիները խորհրդանշող աղավնիներով և տեղադրված այգային-դրախտային միջավայրում: Սակայն, Հայաստանի վաղմիջնադարյան արվեստի համար ավելի բնորոշ են շրջանի մեջ առնված շառավղաձև լայնացող թևերով հավասարաթև խաչերը, որոնք լայն տարածում ստացան թե որպես առանձին կանգնած խաչակիր կոթողի տեսակ, թե հոգևոր զանազան կառույցների քանդակային հարդարման մանրամաս: Արդեն ամենավաղ օրինակներից սկսած խաչի արևայնացում-լուսայնացումը համադրվում էր նրա համարյա պարտադիր բուսականացման հետ, որն էլ Հայաստանում խաչային հորինվածքների հետագա ծավալման և, ի վերջո, խաչքարային հորինվածքների առաջացման հիմքերից մեկն էր: Continue reading

Advertisements