Վայոց Ձորի թեմ

ԽԱՉԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Advertisements

Խաչքարային հորինվածքի ակունքները հասկանալու համար հարկ է հատուկ ուշադրություն դարձնել 4-7-րդ դարերում Հայաստանում ընթացող գաղափարական-դավանական և մշակութային գործընթացներին, որոնց հետևանքով, ազգային ինքնության մի շարք համալիրների հետ մեկտեղ, մշակվեցին նաև սրբազան տարածքի կազմակերպման սկզբունքները, խաչի ազգային պաշտամունքն ու պատկերագրությունը, որոնց զարգացումն էլ պատմամշակութային յուրահատուկ հանգամանքներում ի վերջո հանգեցրեց խաչքարերի առաջացմանը:

Անտիկ աշխարհում խաչելությամբ մահապատիժը համարվում էր ծայրահեղ պատժի ամենաստորացուցիչ ձևը: Խաչի, որպես ամոթալի մահվան գործիքի, այս ընկալումը կիսում էին և վաղ քրիստոնյաները, և հարկ եղավ բավականին երկար ժամանակ, մինչև այն հաղթահարվեր: Մինչև Կոստանդիանոս Մեծը (306-337թթ.) խաչը համարվում էր սպանության ու անարգանքի գործիք և, որպես քրիստոնեության խորհրդանշան, կիրառվում էր եզակի դեպքերում, այն էլ՝ ի լրումն այլ խորհրդանշանների: Բնութագրական է, որ 4-5-րդ դարերի խաչի գաղափարաբանության առաջին մշակողների՝ հավատացյալներին ուղղված ամենակարևոր հորդորներից մեկն էլ այն էր, որ այլևս պետք չէ ամաչել խաչն ընդունելուց ու երկրպագելուց: Լայնածավալ քարոզչության շնորհիվ խաչն արագորեն վերածվեց քրիստոնեական ինքնության բացարձակ նշանի՝ նրանով էր սկսվում, ընթանում և ավարտվում ցանկացած միտք, ծես և գործ: Խաչի պաշտամունքի ժողովրդականացման և խաչքարի առաջացման մեջ կարևոր դեր խաղաց նաև Հայ եկեղեցու առաձնահատուկ խաչապաշտությունը: Խաչքարի առաջացման և նրա հանդեպ ժողովրդական ակնածանքի հիմքերից մեկն էլ Հայաստանի նման լեռնային երկրում առանձին կանգնած կամ բնական միջավայրից ինչ-որ բնութագրով առանձնացող ժայռի, լեռան և ի վերջո ուղղակի քարի պաշտամունքն էր:
Վաղքրիստոնեական արվեստում խաչի պատկերագրության ձևավորման սկիզբ է համարվում Կոստանդիանոս Մեծի տեսիլքը (312թ.), որը հիմք հանդիսացավ մենագրային (Քրիստոս անվան հունարեն գրության առաջին երկու՝ Քի և Ռո տառերի) և նրա հետևությամբ՝ հավասարաթև կամ այսպես կոչվող հունական խաչի պատկերագրության պաշտոնականացման համար: Խաչի զարդարուն և կենացծառային գաղափարաբանությունն ու պատկերագրությունն էլ կապվում է Կոստանդիանոսի մոր՝ Հեղինեի կողմից խաչափայտի գյուտի հետ, որից էլ ծագում է ձգված համամասնություններով կամ լատինական խաչը:
Քրիստոնյա Հայաստանի ամենահին փաստագրված խաչերը մենագրային խաչերն են (էջմիածին, Աղցք, Քասաղ)՝ ներառված դափնեպսակի մեջ, շրջապատված հավատացյալների հոգիները խորհրդանշող աղավնիներով և տեղադրված այգային-դրախտային միջավայրում: Սակայն, Հայաստանի վաղմիջնադարյան արվեստի համար ավելի բնորոշ են շրջանի մեջ առնված շառավղաձև լայնացող թևերով հավասարաթև խաչերը, որոնք լայն տարածում ստացան թե որպես առանձին կանգնած խաչակիր կոթողի տեսակ, թե հոգևոր զանազան կառույցների քանդակային հարդարման մանրամաս: Արդեն ամենավաղ օրինակներից սկսած խաչի արևայնացում-լուսայնացումը համադրվում էր նրա համարյա պարտադիր բուսականացման հետ, որն էլ Հայաստանում խաչային հորինվածքների հետագա ծավալման և, ի վերջո, խաչքարային հորինվածքների առաջացման հիմքերից մեկն էր:
Հայաստանում զարգացման ավելի մեծ հեռանկարներ ունեցավ ձգված համամասնություններով խաչը, որը տարածվեց հավասարաթև խաչերից մի փոքր ուշ՝ 5-րդ դարի կեսերից սկսած: Դրանք պատկերվում են բարձունքի, աստիճանների, գնդի վրա կանգնեցված, արմավազարդով ու շուշաններով հարդարված, թևերն ու խաչահատումը շեշտվում են ակ-բլթակներով: Այս մանրամասների իմաստավորումը թույլ է տալիս եզրակացնել, որ ձգված համամասնություններով խաչը համադրեց հաղթական ու փրկագործական գաղափարաբանությունը և պատկերագրորեն հանդես եկավ որպես տիեզերքի կենտրոնում՝ Դրախտային լեռան վրա կանգնեցված կենաց ծառ՝ հղելով Խաչելությունը, բայց և ցուցելով ապագան:
4-7-րդ դարերից մեզ են հասել առանձին կանգնած խաչակիր կոթողների բազմաթիվ օրինակներ քանդակակիր քառակող կոթողներ, հուշասյուներ, հուշակառույցներ, առանձին կանգնեցված խաչեր, բեմերում կանգնեցված խաչեր, ձողաբարձ խաչեր:
Կոթողները, որպես կանոն, ավարտվում էին ծավալային կամ ազատ թևերով քարե խաչով՝ ամրացված խոյակների կամ էլ խոյակի վրա տեղադրված՝ քառասյուն գմբեթավոր կառույցի տեսք ունեցող խաչկալների վրա: Երբեմն նրանց պատվանդանները, սյուները կամ խոյակները կրում են խաչաքանդակներ կամ ավելի բարդ խաչային հորինվածքներ: Ծավալային կամ թևավոր խաչերը, ստորին ուղղաձիգ թևի երկարացման շնորհիվ, ունեցել են ձգված տեսք, որը նպատակ ուներ խորհրդաբանորեն ներկայացնել Գողգոթայում կանգնեցված վերացման խաչը, իսկ գեղագիտորեն՝ ապահովել մեծ բարձրության վրա տեղադրված խաչի համամասն ընկալումը: Թևավոր խաչերը հարդարվում էին խաչի հիմքից ծագող և մինչև հորիզոնական թևերի ծայրերը հասնող արմավազարդերով, խաչահատումն ու դեպի եզրը լայնացող թևերի հատվածները կլոր փոսորակներով կամ գնդերով, թևերը՝ զույգ բլթակներով:
Ծավալային խաչերի կողքին լայն տարածում ունեին նաև խաչային հորինվածքները՝ քանդակված եկեղեցական շինությունների, կոթողների ու մահարձանների վրա: Այդ հորինվածքները հնարավոր են դարձնում վերականգնել Հայաստանում խաչի ժողվրդականացման գաղափարական և պատկերագրական ընթացքը: Վաղ քրիստոնեական քարոզչությունը Հայաստանում կարևորում էր ինչպես բանավոր և գրավոր խոսքը, այնպես էլ պատկերը: Վերջինս առաջին հերթին ուղղված էր անգրագետ համայնականին և կոչված էր խաղալու այն նույն դերն, ինչ ուսյալի համար գիրքը: Հորինվածքների հիմնական նպատակներից մեկն էլ Աստվածային պատմությունն ու կարգը զանազան պատկերագրական թեմաների, կերպարների և խորհրդանշանների միջոցով ներկայացնելն էր: Սակայն, ակնհայտ բարդություններ էին առաջանում քրիստոնեության հիմնարար գաղափարի Քրիստոսի փրկագործական խաչելությունը ներկայացնելու խնդրում: Դժվար էր նորընծա հավատացյալին պատկերագրորեն ներկայացնել խաչված, բայց և հզոր Աստծուն: Հիմնարար այս գաղափարը ժողովրդականացնելու համար հայ եկեղեցին ընտրեց ոչ թե Քրիստոսի կերպարը՝ այլ խաչի նշանը: Սակայն, նշանն էլ զուտ տեսողականորեն շատ բան չէր կարող ասել գաղափարի մասին: Ուստի, Խաչելության փրկագործական հեռանկարի մատչելի բացատրության համար, հայ վարդապետներն օգտագործեցին երկրագործ հանրույթին ծանոթ այգային այլաբանությունները, ինչպես որ խաղողն է հնձանում ճզմվելով վեր ածվում «անմահական» հեղուկի, այնպես էլ Քրիստոս-աստվածը խաչի վրա թափեց իր արյունն՝ ի փրկություն մեղսագործ մարդկության: Ինչպես որ թռչուններն ու կենդանիներն են վայելում խաղողուտը, այնպես էլ արդար հավատացյալներն են վայելելու Քրիստոսի խաչելության հետևանքով սպասվելիք երկնային դրախտը: Կամ էլ՝ Քրիստոսի ուսմունքն ինքնին նման է խաղողուտի, իսկ Քրիստոսը՝ խաղողի, և այդ ուսմունքը յուրացնելով է, որ բացվում է դեպի Դրախտ տանող ճանապարհը: Արդյունքում վաղ խաչային հորինվածքները ձեռք բերեցին այգային-խաղողային պատկերագրություն. խաչը պատկերվում է որպես Նոր կենաց ծառ, որը կամ աճել է խաղողի այգում, կամ ինքն է սկիզբ տալիս խաղողի որթերին կամ էլ իր վրա է կրում Քրիստոսին, նրա ուսմունքն ու հետևորդներին խորհրդանշող ողկույզները: Խաչի դրախտային-այգային-խաղողային այս կերպարն էլ դարձավ խաչքարային հորինվածքի հենքը:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements