Վայոց Ձորի թեմ

ԱՌԱՋԻՆ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Advertisements

9-10-րդ դարեր

Խաչքարերի ձևավորման և սկզբնական զարգացման ընթացքը ոչ թե զուտ արվեստագիտական, այլ քաղաքական-դավանական ու արվեստագիտական միասնական գործընթաց էր: Հայաստանում արաբական քաղաքական ծանր լծի ու դավանական բացահայտ անհանդուրժողականության պայմաններում՝ բացօթյա կոթողների զարգացման, առավել ևս, նոր տիպերի հայտնվելու համար չկային բավարար պայմաններ: Այդ պատճառով էլ խաչքարերը երևան եկան արաբական լծի թուլացմանը զուգահեռ՝ դառնալով երկրում ընթացող քաղաքական-դավանական տեղաշարժերի արձագանքը: 9-10-րդ դարերը խաչքարի ճարտարապետական արտաքինի, հորինվածքի ու արձանագրական տեքստի ձևավորման փուլն են կազմում:

Առաջին խաչքարերի ձևավորման ընթացքն սկսվում է հարթ մակերեսի վրա վաղմիջնադարյան կոթողների ու հորինվածքների «արտապատկերումով» և ավարտվում կամարաձև կամ ուղղանկյուն խորանի մեջ ներառվող նոր հորինվածքի առաջացումով, որը ներկայանում է կլոր վարդյակի և արմավատերևային զարդի վրա հենված խաչով, խաչի վերին թևից կամ խորանի վերնանկյուններից դեպի խաչահատումն իջնող խաղողի ողկույզներով կամ արմավազարդերով, հորինվածքի տարբեր հատվածներում տարատեսակ թռչնաքանդակների տեղադրումով: Խաչը նույնպես անցնում է ձևափոխման որոշակի ճանապարհ երկբլթակ վերջույթներից մինչև զույգ եռաբլթակները, անզարդ հարթ թևերից դեպի կտրվածքում եռանկյուն ակոսներն ու արմավային ու շուշանային ձևավորումները: Ոճական առումով, 9-10-րդ դարերի խաչքարերի ամենաբնորոշ գիծը քանդակի կոթողայնությունն է, որն արտահայտվում է հորինվածքի և ետնախորքի հստակ տարանջատումով: Տեխնիկապես դա իրագործվում էր առանձին քանդակատարրի շրջակայքը խորը շերտով հեռացնելու միջոցով: Հարթ և անզարդ ետնախորքի վրա տեղադրված հորինվածքն ամբողջությամբ կամ նրա առանձին մանրամասները, կարծեք, ոչ թե պատկանում են նույն քարին, այլ վերադրվել են նրա վրա: Հորինվածքի ամբողջական ընկալումն ապահովվում է նախ և առաջ բոլոր մանրամասների ընդգծված ելնդավորության շնորհիվ: Վաղ խաչքարերում ակնհայտ է հյուսածո քանդակի բացակայությունը, հորինվածքի առանձին մանրամասները ոչ թե հյուսվում, այլ կցվում-հպվում են իրար, դեռևս գտնված չէ դրանք իրար հետ շաղկապելու ավելի տեսանելի կամ անկապտելի ձև: Քանդակի բնագավառում այս անվարժությունը հաղթահարվեց համարյա մեկ հարյուրամյակի ընթացքում, համամասն ու մանրամասնորեն քանդակված հորինվածքները երևան եկան միայն 10-րդ դարի վերջերին և 11-րդ դարում:

Խաչքարի առանձնահատուկ գծերից մեկն էլ, որ երևան եկավ առաջին օրինակների հետ` արձանագրությունն էր: Վաղ արձանագրությունների քննությունը պարզում է, որ առաջին խաչքարերի զգալի մասը կանգնեցվել է երկրի ազդեցիկ քաղաքական ու հոգևոր դեմքերի կողմից և ուներ ընդհանրական-համայնական գործառույթ:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements