«ԱՋԱԿԻՑ» հոգեբանական ակումբի վերջին հանդիպումը


Հոկտեմբերի  18-ին տեղի ունեցավ «Աջակից» հոգեբանական ակումբի վերջին հանդիպումը: Հանդիպման բանախոսն էր հոգեբան Աշխեն Սարգսյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Հանդիպման թեման էր` «Մարդու խառնվածքն ու  մարմնի կառուցվածքը և դեպրեսիան»:  Օրվա թեմային անդրադառնալուց առաջ անդրադարձ կատարվեց նախորդ թեմաներին:  

Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  1. Անձի տիպավորումն ըստ Էրնեստ Կրեչմերի:
  2. Ի՞նչ է դեպրեսիան:
  3. Ի՞նչ հիվանդություների պատճառ կարող է դառնալ դեպրեսիան:
  4. Դեպրեսիայի հիմնական պատճառները:
  5. Դեպրեսիայի հուզական, ֆիզիոլոգիական, մտածողական և վարքային     արտահայտման  ձևերը
  6. Դեպրեսիայի բուժումը:

Սեմինար-քննարկման ժամանակ անցկացվեցին մի քանի հոգեբանական թեստեր. ներկաներից ոմանք  պարզեցին, որ իրենց մոտ այժմ կա դեպրեսիայի  ախտանիշներ: Հոգեբանը նշեց, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքը բաղկացած է վերելքներից և անկումներից: Դեպրեսիայի առանձնահատկությունը դրսևորվում է նրանում, որ մարդն սկսում է բացասաբար ընկալել այն ամենը, ինչ կապված է իր կյանքի հետ: Դեպրեսիայի ժամանակ մարդն իրեն զգում է անպիտան ու ոչ մեկին չպետքական մեկը:

Ամերիկացի հոգեբանները մշակել են  դեպրեսիայի ինքնուրույն հաղթահարման  320 գործողություններից բաղկացած հատուկ ցուցակ:

Ամեն դեպքում, թեև դեպրեսիայի դեմ կախարդական միջոցներ գոյություն չունեն և կարիք կա, որպեսզի մարդն ինքն էլ ջանքեր գործադրի այն հաղթահարելու համար, պետք է հիշել, որ հաջողությամբ հաղթահարել դեպրեսիան հնարավոր է:

<<Աջակից>> հոգեբանական ակումբի հանդիպումների   այս փուլն ավարտվեց:   Ակումբի անդամները կիսվեցին իրենց տպավորություններով և նշեցին, որ  հանդիպումները  շատ դրական արդյունք ունեցան իրենց այսքան հոգսաշատ առօրյայում:

 Հանդիպման վերջում  Տեր Վազգենը  հոգեբան Աշխեն Սարգսյանին նվիրեց Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի <<Ամենահաս Սուրբ Սարգիս>> գիրքը:

 Երիտասարդաց  միություն

Advertisements