ՍՈՒՐԲ ԿՈՒՅՍԸ


«Մայր և Կույս, աղախին Քրիստոսի, որ միշտ աշխարհի համար բարեխոսես. քեզ երանի են տալիս բոլոր ազգերը: Մաքուր աղավնի և Երկնքի հարս Մարիամ, տաճարԱստուծո խոսքի»:

 (Շարակնոց)

ԱստվածածինՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր փառաբանում է երեքամյա Սբ. Աստվածածնի տաճար ընծայման տոնը:

Ավանդությունն ասում է, որ Սբ. Մարիամի հայրը՝ Հովակիմը` Դավիթ մարգարեն, իսկ մայրը՝ Աննան, ղևտացինների տոհմի շառավիղներից էին: Չնայած նրանց Աստվածավախ և առաքինազարդ կյանքով ապրելուն ամուլ էին, ծերացել էին՝ անզավակ մնալով: Սակայն հույսերը չէին կորցնում Ամենափրկչից, ամեն օր աղոթում էին, որ Աստված զավակ պարգևի իրենց: Տերը լսում է նրանց թախանձանքը, նրանց սրտից հորդացող հավատն ու հույսը տեսնում և պարգևում է նրանց մի հրաշալի աղջնակ, որի անունը Մարիամ են դնում:

Իբրև Աստուծո պարգևած զավակ ծնողները նրան փոքր տարիքից ընծայում են տաճարին: Նա այդ մատաղ հասակից աչքի էր ընկնում իր  առաքինի վարք ու բարքով, խոնարհությամբ, հավատով, Տիրոջ հանդեպ ունեցած անմնացորդ նվիրումով: Այս ամենն նա ժառանգել էր իր ծնողներից, այս դաստիարակությունն ստացել հատկապես Աստվածավախ մորից՝ Սբ. Աննայից, որից ծնվել էր Բարձրյալի զորության հովանավորությամբ: Ահա այս սրբակենցաղ աղջնակը, Աստվածային Կամքին ամբողջովին նվիրվելով, քաջություն ունեցավ ընդունելու երկնային առաջարկը՝ դարձավ Աստվածամայր, Բարեխոսուհի, հոգևոր բարձրագույն դիմագծի տիպար և առաքինության չափանիշ:

Այսօրվա տոնը համարվում է Աստվածածնի փառաբանության տոներից մեկը, ուստի մեր խորհրդածություններն պիտի լինեն նրա վերաբերյալ: Դեռևս Հին Ուխտում, Աստված մարգարեների միջոցով հայտնել էր, որ Փրկիչ պիտի ուղարկի մեզ Իր Որդուն, ով պիտի կատարելապես մարդանա մեզ համար, ով պիտի ծնվի մարդկանց դուստրերից ամեաանաղարտից, ամենասուրբ մի կույսից՝ Սբ Հոգու զորությամբ: Այդ կույսը ելավ Մարիամը, որի հնազանդությամբ իրագործվեց Աստվածային փրկության ծրագիրը:

Բոլոր առաքինությունների մարմնացումը եղավ Սբ. Կույսը՝ իբրև հավացյալ, իբրև մայր, իբրև Աստուծո Կամքը կատարող աննման նվիրյալ, որի շնորհիվ արժևորվեց կնոջ դերը մարդկային քաղաքակրթության մեջ: Քրիստոնեությունից առաջ կինը մարդուն հավասար չէր ընդունվում: Աթենքում և Հռոմում կինը ստրուկի էր նման, գերմանացիների նախնիները վաճառում էին իրենց կանանց, Չինաստանում կինը համարվում էր անհոգի էակ, Հնդկաստանում կանանց ողջ-ողջ թաղում էին իրենց մահացած ամուսինների հետ: Այսպես՝ կինը հին աշխարհում բարոյական, կրոնական և իմաստասիրական հայեցակետով նկատվում էր իբրև հասարակության չնչին մասնիկ, իբրև առարկա: Սբ. Մարիամով քրիստոնեությունը սրբագրեց այս հայեցակետը և բարձրացրեց կնոջ դերը՝ շեշտելով, որ եթե առաջին կնոջ՝ Եվայի միջոցով մեղքն աշխարհ մտավ, ապա նրա արմատից ծնված՝ Սբ Աստվածածինը միջոց դարձավ մարդկանց փրկության, եղավ մեր Փրկչի մայրը: Սբ. Կույսը նախ և առաջ մայրության կատարելատիպը եղավ սերունդների համար:

 Մոր դերն անչափելի է սերունդների դաստիարակության գործում և վճռական, ահա այս հանգամանքով Սբ. Մարիամը համարվում է քրիստոնեական բարոյականության կրողն ու փոխանցողը սերունդներին: Ասված է. <<Կինը իբրև մայր մշտնջենավորում է մարդկային ցեղը և իր շնչի տակ մեծացնում է ապագա մարդուն>>: Այսպես է շարունակվում աստվածային ստեղծագործությունը դարեր ի վեր և կինը մայրության խորհրդով՝ ներքնապես զգում է ծննդյան Աստվածային հրաշք: Continue reading

Advertisements