Վայոց Ձորի թեմ

12-14-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ  

Advertisements

12-րդ դարի վերջը նշանավորվեց խաչքարային մշակույթում մի շարք էական փոփոխություններով, որոնք բնութագրվում են ճարտարապետական, պատկերագրական և իմաստաբանական նոր շեշտադրումներով: Հաճախակի դարձավ զանազան պատվանդանների, խաչքար ներառող մատուռատիպ կառույցների, բարդ որմնափակերի ու տարաձև քիվերի կիրառությունը: Տարածում ստացան պատկերաքանդակները, կենտրոնական խաչին զուգահեռ հորինվածքի տարբեր մասերում (արմավազարդի ուղղաձիգ բաղկացուցիչներ, քիվ, եզրագոտի և այլն) ավելի փոքր խաչաքանդակների տեղադրումը, ձևավորվեց ուղղաձիգ արմավազարդի երկու նոր տիպ՝ բուսական հենքի պսակումն օձաթռչնային հավելումներով և արմավազարդի ուղղաձիգ բաղկացուցիչների վերածումը խաչակիր ձեռքերի: Նորույթ էր կենտրոնական խաչը թևերի երկատումներին համապատասխանող շրջանաձև բաղադրիչներից բաղկացած խորանի մեջ ներառելը, որի շնորհիվ խաչքարը նմանվեց մասնատուփի: 12-րդ դարից սկսած խաչքարը դառնում է միջնադարյան գերեզմանոցի համապատկերի հիմնական տարրը: Այն կանգնեցվում է հարթ կամ երկթեք տապանաքարի արևելյան ծայրին` բարձր պատվանդանի վրա, այնպես, որ հանգուցյալի «հայացքն» ուղղված լինի դեպի խաչը: Երևան են գալիս խմբային խաչքարերը, որոնք տոհմային տապանաբակերի լայն տարածման արդյունք էին: 13-րդ դարում աննախադեպ տարածում գտան և որմնափակ խաչքարերը: Խաչքարի «ճարտարապետականացմամբ» ծեսի ու երկրպագության համար ավելի մատչելի ու հարմար պայմանների ստեղծումը վկայում է նրա ծիսական գործառույթների ընդարձակման մասին: Այլ ժամանակի ամենամեծ նվաճումը խաչքարի բազմագործառնությունն ու անհատականացումն էր, որը խթանեց արվեստի անկրկնելի օրինակների մի ընդարձակ շարքի ստեղծումը՝ ընդհուպ մինչև 14-րդ դարի երկրորդ քառորդը: Նկատելի են դառնում տարածաշրջանային տարբերությունները: Առաջանում են Հյուսիսային Հայաստանի (Լոռի-Տաշիր), Արագածուոն-Կոտայքի, Արցախի, Ջավախքի, Վայոց Ձորի, Գեդարքունիքի, Նախիջևանի, Վասպուրականի, Կիլիկիայի դպրոցները: Ընդորում, եթե խաչքարերի որոշ տիպեր բնորոշ էին միայն կոնկրետ տարածքների, ապա մի շարք տիպեր էլ բնութագրական էին ողջ երկրի համար: Այսպես, եթե հորինվածքի բաղադրիչների մի մասը զուտ երկրաչափական, իսկ մի մասն էլ բուսականացված քանդակներով իրագործվող խումբը բնորոշ է Հյուսիսիային Հայաստանին (Սանահին, Հաղպատ, Հաղարծին), ապա հիմնականում Այրարատի կենտրոնական գավառներում, Տավուշում և Արցախում տեղակայվող մի այլ խումբն առանձնանում է խոշոր ու մանրամշակ վարդյակով (կամ կիսավարդյակով), ոճավորված ծաղկեփնջերի վերածված ուղղաձիգ արմավազարդերով, սրբերին ու մահկանացուներին ներկայացնող պատկերաքանդակներով: 13-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվեց նաև խաչքարի մի եզակի ու խիստ սակավաթիվ տիպի երևան գալով, որը հայտնի է «Ամենափրկիչ» անունով և որտեղ ավանդական բուսական-ծառային կերպավորումով ու այլաբանությամբ զարգացող խաչքարային հորինվածքի ու խաչի փոխարեն ներկայացվում են Խաչելությունը, Խաչից իջեցումը, Համբարձումը, երբեմն էլ Երկրորդ գալուստը կամ Արդար դատաստանը այսինքն Խաչելությունն իր փրկագործական հեռանկարով (Հաղպատ, Մարց, Դսեղ, Ուրծ): Եթե Ամենափրկիչ խաչքարերի ծագման և տարածման հիմնական տարածքը Հյուսիսիային Հայաստանն է, ապա Արցախն առանձնանում է մահկանացուների պատկերաքանդակներով:

12-րդ դարի կեսերից սկսած՝ անկախ հորինվածքի կառուցվածքից և բաղադրիչներից, կիրառվում է քանդակազարդման երկու հիմնական ոճ մոնումենտալ և մանրաքանդակ: Առաջին դեպքում հորինվածքի առանձին բաղկացուցիչները քանդակվում են իրարից բավականին առանձնացված, կարծեք «վերադրվում» են անզարդ ետնախորքի վրա: Երկրորդ դեպքում ողջ սալը պատվում է քանդակներով համարյա ժխտելով անզարդ ետնախորքի գաղափարը: Սա խաչքարային քանդակի ամենանուրբ ու բարդ ձևն էր, հորինվածքի հստակ ընկալումն ապահովելու համար առանձին բաղադրիչներն իրարից առանձնացվում էին բազմաշերտ քանդակի միջոցով: Այս դեպքում էր, որ համահայկական հռչակ էին ձեռք բերում առանձին խաչքարերն ու դրանց վարպետները:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements