Վայոց Ձորի թեմ

15-17-ՐԴ ԴԱՐԵՐԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Advertisements

14-րդ  դարի կեսերից սկսած՝ երկրի ահագնացող քաղաքական ու տնտեսական վայրէջքի պայմաններում, անկում ապրեց և խաչքարային մշակույթը: Խաչքարը կորցրեց իր բազմագործառնությունն ու հորինվածքային բազմազանությունը և վերածվեց զուտ վերգերեզմանային կոթողի: 15-17-րդ դարերի խաչքարային արվեստի հարյուրավոր օրինակներ են տալիս Կոտայքը, Լոռին, Գեղարքունիքը, Ծղուկը, Վայոց Ձորը: Յուրօրինակ դպրոց է ներկայացնում Ջուղան՝ մի ժամանակ հազարների հասնող խաչքարերով: 15-րդ դարում ձևավորվող խաչքարային երկու հիմնական ուղղություններն, ըստ էության, ծագում են 12-13-րդ դարերի դասական երկու ոճերից` մակերեսի լիակատար զարդարում և, ընդհակառակը խորքի` անզարդ թողնում: Արդեն 15-րդ       դարի երրորդ քառորդում ձևավորվում է հորինվածքային մի կայուն սխեմա, որը դառնում է գերակշիռ և հարատևում մինչև 18-րդ դարի 20-ական թվականները: Հարդարման տեսակետից` այն համադրում է բազմախաչությունն ու սալի համակ զարդապատումը, պարզ հյուսվածքը, ուղղանկյուն սեգմենտներն ու բազմաթև աստղերը: Քանդակը դառնում է սաղր, ելնդավոր գիծը լայնանում է և տափակում, ինչը ողջ հորինվածքին որոշակի հարթատեսքություն է հաղորդում: Հատկանշական են ավետարանական թեմաների «վերադարձը» և նոր թեմաների առաջացումը: Դրանց ազատ մեկնաբանությունը, կանոնիկ հորինվածքների մեջ ժողովրդական-անհատական տարրերի ներմուծումը այս խաչքարերը դարձնում են ժողովրդական պատկերացումների անսպառ շտեմարան: Մոտ երկուսուկեսդարյա ընդմիջումից հետո մի շարք թեմաների և զարդամոտիվների վերականգնումը (ճիշտ է՝ կատարողական այլ մակարդակով և «դեկորատիվ» ոճի գերակայությամբ) կարելի է բացատրել խաչքարերի գործառնական առանձնահատկությամբ, երբ դրանք բացառապես նվիրվում են հանգուցյալների հոգիների փրկությանը:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements