Այսօր Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Հեռու վանեք ձեզանից հին մարդուն…,

նորոգվեք ձեր մտքով ու հոգով եւ հագե΄ք

նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու`

արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ»

(Եփես., 4, 22-25):

Պողոս առաքյալի` եփեսացիների ուղղված նամակի այն տողերը բնութագրում են քրիստոնյա մարդուն որպես մտավոր եւ հոգեւոր ներդաշնակությամբ օժտված անհատականություն: Այս լուսավոր պատգամը խորհրդանշորեն պայծառակերպում է այսօրվա` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներին նվիրված տոնի իմաստը, որովհետև նրանք էին Հիսուսի խոսքի առաջին տարածողները և նրա Եկեղեցու հիմնադիրները Հայաստանում: Այս տոնը մեծ ակնածանքով ու փառաբանությամբ է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի հենասյուները հանդիսացան սրբացած այս առաքյալները:

Իմ նպատակն այսօր ոչ միայն ներկայացնելն է պատմական այն ժամանակաշրջանը, բազում դժվարությունները, երբ և որոնց պայմաններում իրենց առաքելությունն իրականացրեցին աստվածային նախախնամության կամքով Հայսատան եկած առաքյալները, այլ նաև անդրադառնալը այն մեծ արժեքին, ազգապահպան բացառիկ դերին, որ ունեցավ և ունի այդ առաքելությունը: Նրա դերը բացառիկ է նաև 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող այսօրվա Հայաստանի գոյատևության համար:

Իսկ ովքե՞ր էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը:Նրանք Հիսուսի ընտրած 12 առաքյալներից էին, որոնք տարածելու էին աստվածային սիրո լույսն աշխարհում: Նրանք և մյուս առաքյալները սրբակենցաղ անձինք էին, Տիրոջ կողմից ընտրված անձինք, որոնք նրա խոսքի պատգամախոսները պիտի դառնային:

Առաքյալները, ընդհանրապես, հոգևոր մեծ ներուժի ու ներաշխարհի տեր, ինչպես նաև իրենց կոչման կարևորության գիտակցությամբ օժտված, զոհաբերության ոգով ապրող և գործող նվիրյալներ էին: Ոգեղեն այդ հատկանիշներն էին զարդարում նաև Ս. Թադեոսին և Ս. Բարդուղիմեոսին: Դրա վկայությունը նրանց գործունեությունն էր Հայաստանում, իսկ այդ գործունեությունն աստվածահաճո էր, բայց ոչ բնավ` դյուրին: Այսօր ընթերցված Մատթեոսի ավետարանից տեղեկանում ենք, թե ինչպես Հիսուս, մի օր տեսնելով իրեն շրջապատող բազմությունը, ասաց իր աշակերտներին.«Հունձքն առատ է, իսկ մշակները` սակավ: Արդ աղաչեցեք հնձի տիրոջը, որ մշակներ հանի իրհնձի համար» /Մատթ., 9, 37-38/: Նա իր ընտրած 12 առաքյալներին պիղծ դևեր հանելու և ամեն ցավ ու հիվանդություն բժշկելու կարողություն տվեց և հետագայում 72 առաքյալներ ևս ընտրեց, որոնց ուղարկելու էր «որպես ոչխարներ գայլերի մեջ»:

Նա իր բոլոր առաքյալներին այս պատգամը տվեց. «ԻնչպեսՀայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե΄ք,ուրեմն աշակերտ դարձե΄ք բոլոր ազգերին» /Մատթ. 28, 18-20/: Նրանցից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները բռնեցին իրենց դժվարագույն առաքելության ուղին` դեպի հեթանոս կռապաշտության խավարի մեջ մթագնած Հայաստան աշխարհ: Եդեսիա գնալուց և Աբգար թագավորին բժշկելուց հետո Ս. Թադեոսը եկավ և իր քարոզչությունը սկսեց բուն Հայաստանում: Նա անցավ Արտազ գավառի Շավարշավան քաղաքը, ուր դարձի բերեց շատերին, այդ թվում նաև արքայադստերը` Սանդուխտ կույսին: Այս ամենից զայրացած հայոց Սանատրուկ թագավորը պահանջեց բազում տանջանքների ենթարկել առաքյալին և նորադարձներին, որպեսզի ուրանան Քրիստոսին: Սակայն նրանք չհրաժարվեցին Ճշմարիտ լույսից ու նահատակվեցին:

Մոտավորապես նույն ժամանակաշրջանում Հայաստան եկավ նաև Ս. Բարդուղիմեոսը: Նրա քարոզչության շնորհիվ նորադարձներն ավելի շատացան, որոնց մեջ նաև Սանատրուկի քույրը՝ Ոգուհին: Սակայն Ս. Բարդուղիմոսին նույնպես վիճակվեց նահատակի ճակատագիրը: Ավանդությունն ասում է, որ առաջին առաքյալներն իրենց հետ Հայաստան բերեցին նաև մի քանի նվիրական սրբություններ՝ Հիսուսի պատկերով դաստառակը՝ թաշկինակը, Սուրբ Գեղարդը, որով զինվորը խաչի վրա խոցեց Հիսուսի կողը, Աստվածամոր պատկերը և Հիսուսի տված յուղը, որը մինչև օրս մյուռոնօրհնության ժամանակ խառնվում է նորին:

Հայաստանում առաջին քրիստոնյա համայնքի հիմնադիր առաքյալներն օժտված էին աստվածային իմաստությամբ և Հիսուսի գործը քարոզելու յուրահատուկ շնորհով, աստվածային տեսիլքով ու երազով, սակայն այս ամենից բացի, նրանց մի հզոր ուժ էր տրված, որպեսզի երբեք չխոնարհվեին չարի առաջ, լինեին ուժեղ, վճռական ու նվիրյալ:  Այդ ուժը հանուն իրենց նպատակի, հանուն իրենց գործի հաջողության, մինչև զոհաբերություն գնալու ուժն էր: Հիսուսի առաքյալներն իրենց առաքելության առաջին իսկ պահից գիտակցեցին, որ իրենց ճանապարհը, նախ և առաջ զոհաբերության ճանապարհն է: Այդ անանձնական գիտակցությամբ էլ նրանք նվիրվեցին իրենց գործին, որն էլ դարերի համար հավերժացրեց դրա կարևորությունը:

Իսկ ո՞րն է Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի զոհաբերության խորհուրդը մեզ՝ հայ քրիստոնյաներիս համար:

Այն բացառիկ է մեզ համար իր ազգապահպան արժեքով: Այդ խորհրդով էր, որ հայ հոգին փարվեց քրիստոնյա հոգուն, և Հայաստանում հիմքը դրվեց Քրիստոսի Եկեղեցու: Դա դարձավ այն ամուր պատվանդանը, որի վրա մի ուրիշ ընտրյալի՝ Ս. Գրիգոր Լուսավորչի կրկին անանձնական զոհաբերությունների գնով վեր խոյացավ հայոց հոգու տաճարը, քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց Հայաստանում, հստակ ձևավորում ստացավ Հայոց Եկեղեցին: Եվ հենց Հայ Եկեղեցին էր, որ եղավ ու կա մեր ազգապահպանության երաշխիքը թե′ հայոց պատմության դաժան Գողգոթայում, թե′ այսօրվա անկախ Հայաստանում ու նաև Սփյուռքում: Իսկ ինչպե՞ս:

Անբեկանելի ճշմարտություն է, որ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների և նրանցից հետո ուրիշ սրբերի ու սրբակենցաղ անձանց, մեր Եկեղեցու նահատակների արյամբ սրբագործված Հայոց Եկեղեցին ոչ միայն հայոց գրերի, մշակույթի, գրականության, դպրության ծննդավայրն է ու անբիծ տաճարը, այլ նաև հայ ժողովրդի հոգևոր արժեքների պահապանն է, մեր անցյալի ու ներկայի խոսուն հուշամատյանը: Հայոց Եկեղեցու սրբացած վարդապետն էր Ս. Մեսրոպ Մաշտոցը, որ աստվածաշնորհ զորությամբ և աստվածային տեսիլքով ստեղծեց հայոց գրերը, որոնք էլ դարձան մեր ժողովրդի գոյատևության ու առաջընթացի մեծագույն գրավականը: Հայ Առաքելական Եկեղեցին դարձավ ոգեղեն այն ամրոցը, որ աներեր պահեց մեզ մեր պատմության բազում դժվարին փորձություններում, ապրեցրեց մեզ հայեցի, արժանապատիվ: Ինչպես կարող ենք չհիշատակել, որ ազգապահպան արժեք ունեցող առաջին գրական-գեղարվեստական ստեղծագործությունները, գիտական մտքի շողարձակումները, մեր դրամատիկ նաև հերոսական կյանքի պահերը, որոնք հետո պատմություն դարձան, հավերժացան մեր Եկեղեցու խոնարհ սպասավորների, մեր ազգանվեր ու աստվածապաշտ վարդապետների ձեռքերով՝ եկեղեցիների ու վանքերի խնկաբույր խցերում:

Հայոց Եկեղեցին մեր ազգային-ազատագրական դարավոր պայքարի հերոսական մասնակիցն ու մեր արդար դատի միջազգային ճանաչման համար նախանձախնդիր պայքարողն է եղել և է:

Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցի մեր ազգային միասնականության ջահակիրն է, հզոր կամուրջը Հայաստանի ու Սփյուռքի միջև: Այս ամենով է, որ մեր Եկեղեցին մեզ հայ պահեց: Ահա թե որտեղ պետք է որոնել սրբազան առաքյալների նահատակությամբ իրականացված աստվածապատգամ գործի խորհուրդը:

Այդ խորհուրդը կրողները հատկապես մենք՝ հոգևոր դասի սպասավորներս, պետք է լինենք, որ Հիսուսի առաքյալների գործի շարունակողներն ենք, Աստծուն ծառայելուց զատ նաև ժողովրդին ծառայելու սրբազան պարտականությունն ունենք: Այդ ծառայության խորհուրդը իրոք հրաշալի է ձևակերպել երջանկահիշատակ Թորգոմ պատրիարք Գուշակյանը. <<Հոգեւորականին կեանքը արիւնի զոհ մը ըլլալէ աւելի եւ առաջ պետք է լինի անարիւն պատարագ, այսինքն՝ խօսուն պաշտօն, կենդանի զոհաբերում անձին՝ իր բոլոր զօրութիւններով, ամբողջ հոգիովն ու կեանքովը, այսինքն՝ բանաւոր ու գործնական կերպով՝ ըլլալու համար փառաբանութիւն Աստուծոյ անուան>>:

Այո′, մեր առաքելությունն այսօր այդպիսին պետք է լինի, որովհետև այդպես միայն կարող ենք միասնաբար ժողովրդից հեռու վանել հին մարդը, նորոգել նրան հոգով ու մտքով այնպես, որ նա հագնի նոր մարդը, որն ստեղծված է Աստծու արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ: Եվ այդպես արժանի կլինենք շարունակելու Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների սրբազան գործը՝ ի փառս Աստծու և ի փառս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավիտյանս, հավիտենից. Ամեն:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements