Վայոց Ձորի թեմ

ՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐԸ

Advertisements

Ջուղան՝ շնորհիվ իր տնտեսամշակութային բացառիկ դերի, նոր արտաքին տեսք հաղորդեց խաչքարին: Փոխված է սալի համամասնությունը (երկարությունը գերազանցում է լայնությանը երեքից-չորս անգամ), սալերը դեպի հիմքը չեն նեղանում, պատվանդաններ չունեն և խրվում են հողի մեջ: Քիվը ճարտարապետորեն թույլ է արտահայտված, առաջեկ ճակտոնն ընդհանրապես բացակայում է: Փոխարենը՝ սլաքաձև խորանը հասցված է ճարտարապետական խորության: Սալի սլացիկությունը թելադրում է հորինվածքի մասնատման նոր սկզբունք, կենտրոնական խաչը փոխարինվում է զուգահեռ երկու շարքով դասավորված խաչերով, որոնք թուլացնում են հորինվածքի կառուցվածքային ամբողջականությունը և նպաստում դեկորատիվության աճին: Հորինվածքը բաղկացած է չորս ուղղաձիգ բաղադրիչից քիվ, խորան (կամ խորաններ), վարդյակ, արձանագրություն և (կամ) պատկերաքանդակ: Մանրամասներն ունեն նույնակերպ, ստանդարտի հասցված թեմատիկ ու տեխնիկական մշակում: Աչքի են ընկնում ավետարանական թեմաները՝ Ծնունդը, Աստվածամայրը մանուկ Հիսուսը գրկին, Արդար դատաստանը, Խնդրարկությունը: Որոշ հորինվածքներում պատկերվում են հանգուցյալները՝ հեծյալ և խաչերը ձեռքերին, ավելի եզակի՝ խնջույքի բազմած: Տարածված է առյուծամարմին մարդադեմ կենդանու (այսպես կոչված սֆինքսի) պատկերումը, որի մանրամասն քննությունը ցուցում է նրա կապը Քրիստոսի արդարադատ կերպարի հետ:

17-րդ դարի մոտ տաս հազարի հասնող Ջուղայի խաչքարերից 20-րդ դարի վերջին մնացել էր միայն երեք հազարը: 21-րդ դարի սկզբներին՝ այսինքն մեր օրերում, «քաղաքակիրթ» աշխարհի անտարբեր հայացքի ներքո Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված բարբարոսության հետեվանքով վերացվեցին և Ջուղայի վերջին երեք հազար խաչքարերը: 2002թ. տարեվերջին դրանք տապալվեցին, տեղանքը հարթեցվեց և ծածկվեց հողով: Իսկ 2005թ. դեկտեմբերին Ադրբեջանի զինվորական կազմավորումները ծանր մուրճերով կտոր-կտոր արեցին խաչքարերի վերջին օրինակները, մեքենաներով տեղափոխեցին և լցրեցին Արաքսը: Ոճրագործություն, որը պարսկական ափից նկարահանվել և սփռվել է աշխարհով մեկ: Դարավոր խաչքարային դաշտն այսօր վեր է ածվել հրաձգարանի:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements