ՆՆՋԵՑԵԼՈՑ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ՍՐԱՀ ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ


Օրերս ավարտվեց Վայոց Ձորի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ Արքեպիսկոպոս  Մկրտչյանի նախաձեռնությամբ կառուցվող ննջեցյալների հոգեհանգստյան սրահը: Այն գտնվում է Վայքի Սբ. Տրդատ եկեղեցու տարածքում:Բարեկարգվեց շրջակայքը, եկեղեցու այս տարվա խաչքավոր Վահե Կոստանյանի նվիրատվությամբ սրահ տանող ճանապարհին դրվեցին խաչքարեր, իսկ անցյալ տարվա խաչքավոր Գրիգոր Գրիգորյանի նվիրատվությամբ կառուցվեց սրահի հատակը և պատրաստվեց սրահի մուտքի նախշազարդ դուռը:

Գեղակերտ  այս սրահի կառուցման նպատակն է վերադարձը դեպի մեր ազգային ավանդույթները՝ երբ մեր հավատավոր նախնիներն իբրև արժանավոր հայ քրիստոնյաներ եկեղեցու հովանու ներքո ննջեցյալների վրա եկեղեցու կարգն էին կատարում ըստ հայոց եկեղեցու ծիսամատյան Մաշտոցի, ապա շարունակելով թաղման կարգը հանձնում նրան սրբազան հողին՝ ջերմեռանդորեն աղոթելով նրանց հոգվոց հանգստության  և խաղաղության համար, խնդրում Տիրոջը, որ Տերն իր երկնքի արքայության մեջ հանգչեցնի նրանց անմահ հոգիները: Չհեռանանք մեր արմատներից, աղոթենք ոչ միայն միմյանց համար այլև մեր ննջեցյալների:

Advertisements