Վայոց Ձորի թեմ

ԽԱՉՔԱՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ

Advertisements

Խաչքարի կերտման գործընթացն սկսվում էր քարատեսակի (հանքի) և սալաբեկորի ընտրությունից: Օգտագործվում էր տեղական հումքը, առաջնությունը տրվում էր դեղնակարմրավուն տուֆին: Կարևորվում էր ապագա կոթողի չափը: Ինչպես պարզում է արձանագրական քննությունը մեծ քարաբեկորներ ստանալը դժվար և աշխատատար գործ էր: Խաչասալը նախ բերվում էր որոշակի կանոնավոր տեսքի, սրբատաշվում ու հղկվում էին ապագա քանդակի մակերեսն ու նեղ կողերը: Թիկունքը, եթե չէր նախատեսվում արձանագրության համար, միայն տաշում էին: Հղկված մակերևույթի վրա սկզբում ուրվագծվում էին ապագա հորինվածքի բաղկացուցիչները: Բազմապրոֆիլ ու համամասն երկրաչափական քանդակի ստեղծումը ենթադրում էր քանոնի և կարկինի օգնությամբ ճշգրիտ չափումներ կատարել: Հավանական է նաև զանազան կաղապար-ձևահիմքերի (տրաֆարետ) կիրառումը: Միաժամանակ, տարածում ուներ և առանց ուրվագծելու, միանգամից փորագրելը:

Փորագրությունն իրագործվում էր տարբեր չափերի մետաղական հատիչների, դրոշմիչների, սրածայր գրիչների, մուրճերի օգնությամբ: Քանդակի հիմնական տեխնիկան երկկողմանի հատումն էր, երբ երկու զուգահեռ գծերով ուրվագծում էին ապագա փորվածքի երկու եզրերը և այդ եզրերից անկյան տակ փորվում էր մինչև մեջտեղի երևակայական գիծը: Փորվածքները հղկվում էին մանր ավազով: Փորագրելու ընթացքում առաջացած փոքր ջարդվածքները և անհարթությունները վերացնում էին կավի կամ կրի սվաղով, ապա ներկում:

Հատուկ զգուշություն էր պահանջում կոթողի տեղափոխումը և տեղադրումը, որի մասին վկայում են նաև խաչքարերի վրա առկա «տեխնիկական» ելուստներն (կողերին և թիկունքին) ու անցքերը (սալի ներքնամասում): Խաչքարային մի քանի հորինվածքների քննությամբ պարզվում է, որ կանգնեցումը կատարվում էր պարանների օգնությամբ: Խաչքարը կանգնեցնելու համար նրա պոչուկ-ելուստը մտցվում էր պատվանդանի վրա արված փոսորակի մեջ և ամրացվում մանր քարերով ու կրաշաղախով: Պոչուկը պատվանդանին կամ քիվը սալին միացնելիս կիրառվել են նաև քարե, փայտե և մետաղե ամրակ-սեպեր:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements