Քարոզ՝ նվիրված Աստվածհայտնության տոնին


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

<<…Դավթի քաղաքում մեզ համար
մի Փրկիչ ծնվեց, որ օծյալ Տերն է>>:
 (Ղուկաս 2:11)

Քարոզ՝ նվիրված Աստվածհայտնության տոնին

Ավետարանը այս հոգեթով բառերով է ազդարարում մարդկության փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հայտնությունը, որն իջավ երկնքից, մարդկային մարմին առավ, վերցրեց մեր մեղքերը, խաչվեց եւ, հարություն առնելով, նախանշեց մեր փրկության ուղին, առաջնորդը եղավ մեր՝ դեպի Աստված տանող լուսաշող ճանապարհին:

Ինչո՞ւ ծնվեց Քրիստոս:

Նա ծնվեց, որպեսզի իջնի մարդկանց մեջ, ապրի նրանց հետ, որ մարդիկ շոշափեն, տեսնեն եւ լսեն իրեն ու հավատան, որ իրենք Աստծու որդեգիր զավակներն են, որ Աստված սեր է եւ այսպես եկել է իր մոլորյալ զավակներին փնտրելու:

Իսկ ո՞րն է մարդկային մոլորությունը:

Երբ Աստված ստեղծեց մարդուն, նա շատ շուտ գայթակղվեց եւ մեղքի մեջ ընկավ: Այդ անկյալ եւ մեղսունակ վիճակը մարդուն գցեց ծայրահեղությունների եւ մոլորությունների մեջ: Մարդը սկսեց հեռանալ իր Արարչից: Սակայն, ունենալով աստվածային պատկերը իր մեջ, զգաց, որ ինչ-որ բան պակասում է իրեն, զգաց, որ ինչ-որ բան աղճատված է իր մեջ եւ սկսեց փնտրտուքի ճանապարհով քայլել ու մտածել, թե ինչպես կարող է դուրս գալ այս իրավիճակից: Փնտրտուքի այս ճանապարհին նա մարգարեացավ, ինչպես Մատթեոսի ավետարանն է վկայակոչում, Հին Ուխտի ժողովուրդը բացականչեց. <<Եվ դու Բեթղեհեմ, Հուդայի երկիր: Քեզնից մի իշխան պիտի ելնի ինձ համար,որ պիտի հովվի իմ ժողովրդին…>>: Անգամ հեթանոս փիլիսոփաները՝ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Պյութագորասը խոստովանում էին, թե մինչև որ երկնքից մեկը չիջնի, անկարելի է գտնել ճշմարտությունը:

Մարդկությունը հեռացել էր Աստծուց, սակայն Աստված չէր կարող լքել իր ստեղծած արարածներին: Նրա մարգարեների միջոցով փորձեց իր պատգամները լսելի դարձնել մարդկանց եւ իրեն մոտեցնել նրանց, բայց իզուր, մարդկությունը կործանման էր գնում, եւ աշխարհի մեջ տեղի ունեցավ գերագույն զոհաբերությունը: <<Աստված այնպես սիրեց աշխաարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդին ուղարկեց, որ բոլոր նրանք, որ հավատան նրան, չկորչեն, այլ հավիտենական կյանք ընդունեն>>:

Աշխարհի կրոնների մեջ չկա մի հիմնադիր, որ իր անձը զոհաբերի իրեն հավատացողների համար, չկա մի հիմնադիր, որ խաչվի, թաղվի եւ հարություն առնի եւ իր օրինակով հույս ներշնչի, երկնքի արքայության, փրկության եւ հավիտենականության հույս, որ գերագույն բաղձանքն ու սպասումն է բովանդակ մարդկության: Աշխարհի կրոնների մեջ չկա մի հիմնադիր, որ աստվածային բարձունքներից մեզ եկած Աստվածորդի է, որն առավ մեր շոշափելի մարմինը, միսն ու արյունը, ապրեց մեզ նման, որպեսզի խավարամիտ մարդկությանը իր լույսով լուսավորելով՝ կարողանար նրան հասկանալի դարձնել աստվածային սերը, գութը, ճանաչելի դարձնել դեպի Աստված տանող ուղին:

Չկա Հիսուսի խոնարհության եւ զոհաբերության օրինակը: Քանզի Հիսուս Աստվածորդին՝ իշխան եւ թագավորը տիեզերքի, փրկիչը մարդկության, իջավ աստղերի լույսով եւ լուսնի շողարձակումներով, մի սուրբ կնոջ թևերի մեջ մանուկի ձև առավ: Եվ այս պատահեց, ոչ թե մարմարիոնե պալատներում, այլ խոնարհ, գյուղական մի աղքատ մսուրում:

Հիսուս իր կյանքի օրինակով, ուսուցումներով, սիրով ու զոհաբերությամբ Փրկիչը եղավ մարդկության: Ահա, թե ինչու աստվածհայտնությունը մարդկության փրկության մեծ խորհուրդն ունի: Այդ խորհրդով նախ՝ Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, վերականգնվեց աստվածային նախնական պատկերը մարդու մեջ:

Աստվածհայտնության խորհուրդը այսպես է բնութագրում Սիոն արքեպիսկոպոս Մանուկյանը՝ Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու պատկառելի հոգևորականը.

<< Հիսուս Աստծու գերագույն հայտնությունն է ու սիրո, աստվածային սիրո մարմնացումը:

Հիսուս աշխարհ բերեց Աստծու հայրական սիրո եւ մարդկանց եղբայրասիրության գաղափարը:

Հիսուս հավիտենական կյանքի ավետիսը բերեց աշխարհ:

Հիսուս իր ուսուցումներով ցույց տվեց, թե ինչպես պիտի արժանանալ այդ հավիտենականությանը:

Հիսուս իր կյանքով օրինակը եղավ մեր կյանքի:

Չորս կարևոր իրողություններ կան Հիսուսի կյանքի մեջ. 1. անկախություն, 2. քաջություն, 3.վեհանձնություն, 4. գերագույն նվիրվածություն>>:

Ահա, քրիստոնեական բազում առաքինությունների հետ, այս չորս հատկությունները այնքան հարազատ էին մեր ազգային նկարագրին, դիմագծին, որ դրանց լույսով եւ հավատքով, առաջինը ազգովի եւ պետականորեն ընդունեցինք աստվածհայտնության լույսը եւ հիմնեցինք այդ լույսն առաքող փրկության փարոսը՝ մեր Սուրբ Եկեղեցին: Բացառիկ է Աստվածհայտնության իմաստն ու խորհուրդը մեզ համար:

Եվ պատահական չէր, որ Հիսուս մեր երկիր իջավ, Տիրոջ առաքյալները՝ Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը, հաստատեցին առաջին քրիստոնեական համայնքը Հայաստանում, որի վրա 301-302թթ., աստվածային էջքով ու Սուրբ Լուսավորչի տեսիլքով վեր խոյացավ Հայոց հավատի եւ փրկության ոսկեզմուռս տաճարը՝ մեր Սուրբ Եկեղեցին:

Մեծ ոգևորությամբ է կոչ անում շարականագիրը մասնակցել այդ սրբազան իրադարձությանը՝ վկայակոչելով հայոց Ագաթանգեղոս պատմիչին. <<Եկեք շինենք լույսի Սուրբ Խորանը, քանզի դրանից Հայաստան աշխարհին լույս ծագեց>>: Եվ հիրավի Հայ Եկեղեցին էր, որ հետագայում եղավ ու կա մեր ազգապահպանության երաշխիքը, թե հայոց պատմության դաժան գողգոթայում, թե այսօրվա անկախ Հայաստանում և նաև Սփյուռքում: Մեր նահատակների արյամբ սրբագործված Հայոց Եկեղեցին՝ հայ գրերի, մշակույթի, գրականության, դպրության ծննդավայրն է, այն նաև հայ ժողովրդի հոգևոր արժեքների պահապանն է, մեր անցյալի ու ներկայի խոսուն հուշամատյանը:

Մի մոռացեք, Հայ Եկեղեցու սրբացած վարդապետն էր Մաշտոցը, որ Լուսավորչի նման աստվածային տեսիլքով ստեղծեց հայոց գրերը, որոնք էլ հավատքի հետ միասին դարձան մեր ժողովրդի գոյատևության գրավականը:

Հայ Եկեղեցին ապրեցրեց մեզ հայեցի և արժանապատիվ, քանզի նաև մեր հերոսական կյանքի պահերը հավերժացան մեր եկեղեցու խոնարհ սպաավորների ձեռքերով:

Հայ Եկեղեցին մեր ազգային, ազատագրական դարավոր պայքարի հերոսական մասնակիցն ու մեր արդար դատի միջազգային ճանաչման համար պայքարողն է, մեր միասնականության ջահակիրը: Ահա, թե որտեղ պետք է որոնել աստվածահայտնության խորհրդի նշանակությունը, մեզ՝ հայերիս համար, ահա թե որտեղ պետք է որոնել նաև մեր ազգի գոյատևության գաղտնիքը, որովհետև մենք հետևեցինք մեր Տիրոջը և ճիշտ ընդունեցինք նրա ուսուցումները, և, ինչպես մեծ զորավար Գարեգին Նժդեհն էր ասում. <<Քրիստոնյան նա չէ, ով քրիստոնեական վարդապետության տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մեջ և տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մեջ մի քիչ քրիստոսություն կա, մի կայծ ամենազոր Աստվածորդու հոգուց: Նա ամենակարող է, ամենազոր, մենք առնվազն կարող և հզոր պիտի լինենք, որպեսզի կարողանանք սիրել և զոհաբերել>>:

Սիրել և զոհաբերել, այս է շուրջ 2000 տարի, և մասնավորապես 1700 տարի, եղել հայ ժողովրդի հավատամքը, աստվածհայտնության խորհուրդը՝ Տիրոջ նման սիրելով ապրել է և զոհաբերվելով պայքարել, այսինքն ապրել արժանապատիվ:

Սիրելինե′ր, այսօր, դարձյալ ոչ դյուրին պայմաններում մենք պետք է ապրեցնենք աստվածհայտնության խորհուրդն ու ազգային նկարագիրը մեր հոգիների և սրտերի մեջ: Աստված ու հայերը այնքան միաձուլված են, որ Աստծուն ծառայել, կնշանակի ազգին ծառայել, Աստծու հայտնությունը ապրեցնել մեր մեջ, կնշանակի ազգային դիմանկարը պահպանել:

Մաղթանքս է, որ բազում դժվարություններով լեցուն մեր կյանքը օրհնության վերածվի, և կյանքի փոթորկի մեջ բոլոր մարդիկ լուսավորվեն Տիրոջ պայծառակերպման շողով:

Հիսուսի կենսառատ լույսով պարուրվեն մեր սրտերն ու հոգիները: Ամեն:

Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյան

Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements