Վայոց Ձորի թեմ

ԽԱՉՔԱՐ ԿԱՆԳՆԵՑՆԵԼՈՒ ԱՌԻԹԸ, ՆՊԱՏԱԿԸ, ԽԱՉՔԱՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ

Advertisements

Խաչքարային հարյուրավոր արձանագրությունների քննությունը հավաստում է, որ խաչքար կանգնեցնելու առիթներն այնքան բազմազան են, ինչքան բազմազան էր միջնադարի կենսընթացը: Խաչքար կարող էր կանգնեցնել ցանկացած հավատացյալ ցանկացած առիթով, որը չէր հակասում ժամանակի քրիստոնեական աշխարհընկալմանն ու բարոյականությանը: Առիթը ներառում էր միջնադարյան կյանքի գրեթե բոլոր դրսևորումները իր ուրախալի և ողբերգական կողմերով հանդերձ: Առավել կարևորվում էին հոգևոր կամ հասարակական առումով կարևոր դիտվող առիթները: Լայնորեն տարածված էր և զուտ անհատական-անձնական շարժառիթներով խաչքար կանգնեցնելը: Խաչքար կանգնեցնելու փաստագրված առիթների թիվն անցնում է կես հարյուրյակից: Դրանք, ըստ միավորող ոլորտների, կարելի է դասել հետևյալ խմբերում.

ա. աշխարհիկ և հոգևոր շինարարություն (պարսպի, աշտարակի, կամրջի, հյուրատան, աղբյուրի, ջրատարի, եկեղեցու, մատուռի, գավթի և այլնի կառուցում, հիմնում կամ վերանորոգում),

բ. տնտեսա-վարչական և համայնական գործունեություն (այգու տնկում, մշակահողի հիմնում, ջրօգտագործման կարգի սահմանում, սահմանների որոշում և վավերացում, բնակավայրի հիմնում, հրովարտակների ընդունում, պայմանագրերի կնքում, պաշտոնի ստանձնում, նվիրատվությունների վավերացում և այլն),

գ. պատերազմ (ռազմական հաղթանակ, մասնակցություն պատերազմին, զոհեր, անհայտ կորածներ),

դ. ընտանեկան-անձնական կյանք (զանազան իրավիճակներ, դժբախտություն, մահ և այլն),

ե. կրոնական-միստիկ իրադարձություններ (տեսիլք, դավանափոխություն և այլն):

Կարելի է հավաստել, որ խաչքար կանգնեցնելու հիմնական խթանն ակնկալիքն էր կամ նպատակը: Առանց այդ նպատակի, որը կարելի է բնորոշել որպես ապագային ուղղված սրբազան գործառույթ, խաչքարը կդառնար ուղղակի պատմական քրոնիկոն զրկված կենսընթացին մասնակցելու որևէ հնարավորությունից: Ի տարբերություն առիթների՝ խաչքար կանգնեցնելու նպատակները շատ ավելի սահմանափակ են և, ըստ էության, հանգում են խաչի հիմնական սրբազան գործառույթներին օգնություն, պաշտպանություն-պահպանություն, հաղթանակ, երկար կյանք, հիշատակ, հոգու փրկությանն ուղղված բարեխոսություն կամ միջնորդություն: Նման նպատակամիտված սրբազան գործառույթի դեպքում է, որ լիովին երևան է գալիս խաչքարի որպես ապագային ուղղված մի գործուն համալիրի կերպարը, որը համադրում է խաչի միջնորդ ու փրկագործական զորությունը, գրի ու պատկերի հիշատակարանային բնույթը, խորանի աղոթատեղի լինելու ծիսական գործառույթը, քարակոթողի մշտականություն-հավերժություն խորհրդանշելու ավանդույթը:

Դասական խաչքարը անհատական կոթող էր և դրանում էր նրա ամենաէական տարբերություններից մեկը կրոնական-հոգևոր այլ կառույցներից, դրանով էր պայմանավորված նրա զանգվածային տարածումը: Միաժամանակ, բացօթյա տեղադրությամբ և բոլորին խաչին երկրպագելու հրավիրող արձանագրությամբ, այն բաց էր ցանկացած հավատացյալի համար: Խաչքարի ամենաառաջնային գործառույթներից մեկը հենց աստվածային զորության և նրա նշանի հետ հավատացյալների անմիջական (ոչ միջնորդավորված) սրբազան կապի ապահովման գործառույթն էր: Խաչի սրբազան գործառույթը նախ և առաջ ուղղված էր ապագային երբեմն մոտակա, բայց հիմնականում՝ հեռավոր: Խաչը ներկայանում էր որպես հիշատակը պահող ու փոխանցող առ Աստված, բարեխոսող առ Աստված, առաջնորդող դեպի Երկրորդ գալուստը, Երկրորդ գալուստը ցուցող: Այսինքն, ակնհայտ է խաչի՝ մարդկանց և Աստծո միջև միջնորդի հիմնարար գործառույթը: Միջնորդի գործառույթ են իրականացնում նաև եկեղեցին, սրբերը, զանազան մասունքները, գիրքը: Սակայն, հայ քրիստոնեությունը միջնորդների այդ շարքում առանձնակի տեղ հատկացրեց խաչին: Խաչի ժողովրդականացման հետևանքով՝ խաչքարը դարձավ ամենամատչելի, հաղորդակցման համար ամենաքիչ ծախս, ջանք ու պայմանականություն պահանջող սուրբը:

Յուրաքանչյուր խաչքար, իր ներկայությամբ, հանդիսանում էր տեղանքը նշող, սրբացնող և պաշտպանող, այս հիմնարար գործառույթներով է բացատրվում խաչքարերի կագնեցումը խաչմերուկներում և ճանապարհների եզրին, սահմանների վրա և տեղանքում գերիշխող դիրք ունեցող բարձունքներին, ժայռազանգվածների վրա և աղբյուրների մոտ: Այսպիսով, խաչքարերը իրականացրելեն և գործառույթներ, որոնք դուրս են եղել նրանց կանգնեցման կոնկրետ նպատակներից: ժամանակի ընթացքում, պատմամշակութային զանազան հանգամանքների բերումով, խաչքարի բուն (կանգնեցնողի կանխատեսած) գործառույթը կարող էր մոռացվել և նոր վերագրումներ ստանալ, որը հնարավոր է դարձնում հետևել նաև խաչքարի զուտ ժողովրդական և հետսագույն դերակատարումներին: Ըստ ժողովրդական «դասակարգման» ամենամեծ հեղինակությունը վայելում էին հիվանդություններ բուժող խաչքարերը, հատկապես նրանք, որոնք կոչվում էին «Ամենափրկիչ» նկատի ունենալով, որ դրանց կարող էին դիմել ցանկացած հիվանդության դեպքում: «Մասնագիտացված» խաչքարերի շարքում լայն տարածում ունեին «Հազախաչերը» կամ «Կապույտ խաչերը», «Քամու խաչերը»: Վերագրյալ գործառույթ իրագործող խաչքարերի հաջորդ խումբը կազմում են «Ցասման խաչերը», որոնց հիմնական գործառույթը բնական աղետների կանխումն էր: Որոշ խաչքարերի էլ վերագրվել է վախ չափելու գործառույթ: Վերագրյալ գործառույթներն ի տարբերություն խաչքարի կանգնեցման ժամանակ ակնկալվող նպատակի ու գործառույթի, շատ ավելի միագիծ և նյութականացված-օգտապաշտ են: Խաչքարը նման դեպքում կորցնում էր հոգևոր և անձնավորված գործառույթները, և պահպանում միայն համայնական-ընդհանրական գործառույթը, որի դեպքում նրա քանդակային հորինվածքը, գեղագիտականից բացի, այլ նշանակություն ունենալ չէր կարող:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements