Սուրբ Սարգսի տոնը Եղեգնաձորում


Տոնակատարությունն սկսվեց հունվարի 30-ին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված երեկոյան ժամերգությամբ, որի ավարտին հավուր պատշաճի քարոզ խոսեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Եկեղեցի եկած բազմաթիվ երիտասարդներին տոնը խորհրդանշող բլիթներ բաժանեցին, ինչը նախորդ օրը Թեմի Երիտասարդաց միության անդամներն էին պատրաստել: Այնուհետև սկսվեց Թեմի Երիտասարդաց միության  նախաձեռնած հանդիսությունն, որի ժամանակ հանդես եկան պարային խմբեր:

Հունվարի 31-ին՝ Սուրբ Սարգսի տոնի օրը, Թեմի Երիտասարդաց միությունը և «Մանանա» ծրագրի պատասխանատու Գագիկ սրկ. Հակոբյանը մեկնարկեցին այս տարվա ծրագրով նախատեսված հանդիպումները: Կազմակերպիչները հրավիրել էին Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանին՝ բանախոսելու՝ «Սեր և սիրահարվածություն» թեմայով:

Նախ օրհնության խոսքով հանդես եկավ Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը, ապա Տեր Հայրը բանախոսեց վերոհիշյալ թեմայով, եղան բուռն քննարկումներ:

Այնուհետև երիտասարդները հոգևոր հայրերի առաջնորդությամբ գնացին Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր տեղի ունեցավ երիտասարդների օրհնության արարողությունը, որի ավարտին տոնի խորհրդի մեկնաբանությամբ հանդես եկավ Թեմի փոխառաջնորդ Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

Թող Սուրբ Սարգիս Զորավարը զորավիգ լինի, մեր ազգին միավորի և սատար կանգնի մեծ հովանավոր և բարեխոս մեր սիրելի երիտասարդների համար:

Advertisements