Խաչքարային հորինվածքի բաղկացուցիչները


Ա. Խաչը, խորանը, լուսային նշանները:

Խաչքարային հորինվածքի բաղկացուցիչներըԽաչքարային հորինվածքում խաչը հանդես է գալիս որպես առանցքային բաղկացուցիչ, և մնացած բաղադրիչները պատկերագրական կերպավորում ու իմաստաբանական արժեք են ստանում խաչի հանդեպ ունեցած իրենց դիրքի ու կապի համեմատ: Խաչքարային հորինվածքը վաղ միջնադարից փոխառեց նախ և առաջ ձգված համամասնություններով ու բուսազարդային հավելումներ ունեցող խաչը: 9-10-րդ դարերի խաչի թևերն ավարտվում են զույգ բլթակներով, ստանում  երիցուկանման ծաղիկների, վարդյակների, շուշանի կամ արմավազարդի տեսք: Խաչի թևերի ձևավորման գործում ավելի հեռանկարային եղավ թևերի զույգ բլթակների եռապատկումը:

11-րդ    դարում հորինվածքի և խաչի հյուսածո դառնալուն զուգահեռ եռաբլթակի միջին բլթակը ձգվելով ձեռք է բերում բողբոջի կամ կանոնավոր նշազարդի տեսք՝ ողջ խաչին հաղորդելով տերևակալած ու բողբոջած արտաքին: Այն դարձավ կենտրոնական խաչի հիմնական տեսակը և հարատաևեց մինչև 18-րդ դար: Խաչահատումը պատկերացվում էր որպես լույսի աղբյուր և դառնում ակնեղենի միջոցով շեշտադրվելու ենթակա: Սակայն խաչի լուսային խորհուրդը խաչքարային հորինվածքում «ստվերվել» է խաչի կենացծառային ներկայացումով, և միայն եզակի արտահայտություններ է ունեցել՝ շեշտելով խաչի և Քրիստոսի արևային-լուսային գալուստը: Խաչքարային հորինվածքը հաճախ ներկայանում է նաև քիվին, վարդյակի հատվածում, եզրագոտիների վրա տեղադրված խաչերով: Խաչը մշտապես հորինվածքի կենտրոնում դրվելով հանդերձ հորինվածքի ամենաշարժուն բաղադրիչն է:

Խաչքարային հորինվածքի սկզբունքային տարբերությունը վաղմիջնադարյան խաչային հորինվածքներից նաև այն է, որ խաչքարը քանդակային, երբեմն էլ ծավալային միջոցներով խորանի մեջ առավ խաչը՝ տեսանելիորեն ցուցելով վերջինիս սրբազան ու երկրպագելի կարգավիճակը: Խաչի հետագա խորանայնացումը 11-րդ դարում հանգեցրեց որմնափակ խաչքարերի ստեղծմանը, որով խորանին տրվում էր նաև ճարտարապետական լուծում՝ էլ ավելի ընդգծելով նրա ծիսապաշտամունքային գործառույթը: 11-րդ դարից սկսած խորանն ու խաչը փոխադարձորեն համապատասխանեցվում են իրար: Արդյունքում՝ 12-14-րդ    դարերի մի շարք խաչքարերում խորանն իր եզրագծերով փորձում է կրկնել խաչի ուրվագիծը՝ ավելի նմանվելով խաչի պահարանի: Քանի որ վաղ խաչքարերը զուրկ էին քիվերից խորանն այդ հորինվածքներում ոչ միայն հավատացյալին ներկայացնում էր խաչի ծիսական (պաշտելի-երկրպագելի) առումը, այլ նաև խորհրդանշում էր երկնային ոլորտն ու խաչի վերացական-տիեզերական չափումը: Հետագայում, խաչի, որպես սրբազան միջնորդի ընկալման աճին զուգահեռ երկնային ոլորտի, «դերակատարումն» իր վրա է վերցնում քիվը, և խորանը խաչի նման դառնում է մի տեսակ միջանկյալ օղակ քիվի և վարդյակի (ընդհանրապես հորինվածքի ներքնամասի) միջև:

Լուսային նշանները խաչքարային հորինվածքում տեղադրվում են խորանի վերնամասում կամ քիվի վրա և կապվում են երկու թեմաների՝ Խաչելության ու Խաչի երկրորդ գալուստի հետ: Պատկերվում են արևն ու լուսինը, երբեմն՝ նաև մեկ աստղ: Արևը ներկայացվում է ավելի զարդարուն, քան լուսինն ու աստղը, երբեմն էլ լուսինը պատկերվում է մահիկի տեսքով: Ամենափրկիչ խաչքարերում արևն ու լուսինը մարդակերպություն են ստանում և պատկերվում համապատասխան կենդանակերպերի՝ արծվի և ցուլի մեջքերին:

Հեղինակ՝ Համլետ  Պետրոսյան

Advertisements