Վայոց Ձորի թեմ

Տյառնընդառաջի տոնը Եղեգնաձորում

Advertisements

Փետրվարի 13-ին՝ ժամը 17:00-ին, Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Տյառնընդառաջին նվիրված եկեղեցական արարողություն:

Երեկոյան ժամերգության ավարտին հավաքված հավատացյալները դուրս եկան եկեղեցու բակ, ուր վառեցին խորհրդանշական կրակը, ապա ներկաներին բաժանվեցին Տյառնընդառաջի տոնին բնորոշ ավանդական քաղցրավենիքներ:

Այնուհետև Սբ. Խորանի վրայից իրենց մոմերը վառեցին հավատացյալներն և Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով շարժվեցին դեպի «Արագիլ» կինոթատրոնի բակ, ուր նույնպես վառեցին Տյառնընդառաջի խարույկը, ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Տեր Հայրը:

Այնուհետև տեղի ունեցավ մշակութային հանդիսություն, որտեղ իրենց ելույթներով հանդես եկան Արենիի և Ագարակաձորի պարի համույթները: Նրանց ազգագրական պարերը արժանացան հանդիսատեսի բուռն ծափողջյուններին:

Երեկոյան խինդն ու ջերմությունը կրկնապատկվեցին, երբ հանդես եկան «Հայ ֆայր» պարի խմբի սաները: Կրակներով նրանց պարային կատարումներն առավել հատկանշական էին Տյառնընդառաջի տոնին:

Տյառնընդառաջի տոնակատարությունը կազմակերպել էին Վայոց ձորի մարզպետարանը, Սբ. Աստվածածին եկեղեցու այս տարվա խաչքավոր Նաիրի Բաղդասարյանը, Եղեգնաձորի մշակույթի տունը և Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը:

Advertisements