ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ


ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ

Մեծ Պահքի 6-րդ կիրակին՝ Գալստյան կիրակին է: Այդ օրը հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում երգվող շարականում հիշվում է, թե ինչպես Հիսուս Քրիստոս իր գալստյան խորհուրդը նախօրոք հայտնեց մարգարեներին, որոնք էլ մարդկությանն ազդարարեցին Փրկչի գալստյան բարի լուրը:

Իրապես, Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ որպես մարդկության ծառա ու Փրկիչ: Ադամական մեղքից սայթաքած մարդուն Աստծու Որդու գալստյամբ ընծայվեց կործանումից փրկվելու ուղի:

Այս հիշատակումներով այսօր քրիստոնյային առաջարկվում է Մեծ Պահքի շրջանն ավարտել՝ իրեն տրված մեծ պարգեւի մասին մեկ անգամ եւս խորհրդածելով, գիտակցելով իրեն ընծայվածի արժեքը: Եվ քանի որ Աստծու Որդին երկրորդ անգամ էլ աշխարհ պիտի գա՝ մեղավորներին դատելու ու արդարներին երկնային արքայության արժանացնելու, ուրեմն ամեն հավատացյալ պետք է պատրաստ լինի Տիրոջն արժանավորապես դիմավորելու:
Գուցե հարց ծագի, թե ե՞րբ է լինելու Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, կամ՝ թե ի՞նչ է նշանակում պատրաստ լինել Տիրոջ գալստյանը:
Թեեւ Հիսուս ինքը նկարագրել է երկրորդ գալստյան նախանշանները, եւ այդ ամենը գրված է Ավետարանում, սակայն ոչ մի տեղ եւ ոչ ոք չի արձանագրել կոնկրետ ժամանակ կամ ամսաթիվ՝ թե երբ կկատարվի այդ իրադարձությունը: Հետեւապես, այս առիթով արված կամ արվող ոչ մի ենթադրություն չի կարող ստույգ լինել: Այնպես որ, այժմ ցանկանում եմ ձեզ հետ զրուցել երկրորդ հարցի մասին, որին անդրադառնալը, կարծում եմ, առավել անհրաժեշտ է:
Իհարկե, հաճախ խոսում ենք մարդու առաքինասեր վարքի, բարեսիրական արարքների ու ներքին ներդաշնակության մասին: Չէ՞ որ այս ամենով է դրսեւորվում ճշմարիտ կրոնասիրությունը, եւ Մեծ Պահքի շրջանում էլ հենց այս ամենի կարեւորությունն է շեշտվում:
Տիրոջ գալստյանը նախապատրաստվելն այլ բան չէ, քան նրա պատգամները կատարելը, այսինքն նրա հանդեպ մեր սերը գործնականում արտահայտելը: Ահա, թե ինչ է ասում Հովհաննեսի ավետարանը. <<Սերը նրանով ճանաչեցինք, որ Հիսուս իր կյանքը տվեց մեզ համար, մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը: Ով այս աշխարհի բարիքներից ունենա եւ տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերը ինչպե՞ս կարող է բնակվել նրա մեջ>>:
Ուրեմն, Աստծու հանդեպ մեր սերը միայն ծիսական արարողություններին մասնակցելով չէ, որ պետք է արտահայտենք, այլեւ Աստծու բոլոր արարածների օգտին կատարվող ծառայություններով: Նրանք կարող են լինել մեր ընկերները, հարազատները, ծնողները, քույրերն ու եղբայրները, նաեւ՝ անծանոթ ծերերն ու մեզանից փոքրերը, անգամ՝ երեխայից առավել անօգնական կենդանիներն ու բույսերը: Մեր աստվածահաճո ծառայություններն, անշուշտ, առավել նպատակային ու ընդունելի կլինեն, եթե զուգակցվեն Աստծուն ուղղված սրտաբուխ խոսքով:

Գալստյան կիրակիի մասին զրույցը ուզում եմ ավարտել մեր մեծն հոգեւոր հայր Գր. Նարեկացու սրտաբուխ աղոթքով, ուր Աստծուց աջակցություն ու ողորմածություն է աղերսվում ոչ միայն սեփական անձի, այլեւ նրան վշտացնողի օգտին:

Բարձյա՜լ անքնին, զորություն ահեղ,
Արարածոց տեր, երկնի թագավոր,
Անչար փրկություն եւ խաղաղության շունչ ու աոաջնորդ,

Ի բարին հիշիր մարդկային ազգից
Եվ նրանց, որոնք թշնամի են ինձ.
Տուր լիակատար քավություն, գթած ու ողորմություն:
Մի բարկացիր, Տե՜ր, դու նրանց վրա:

Ներիր դու նրանց հանցանքներն իրենց:
Եթե նրանց հետ քեզ ներկայանանք, ո՜վ Արդարադատ,
Ոմանք մեր հանդեպ կարող են դուրս գալ պակաս հանցավոր:

Ինձ խայթողներին մի բնաջնջիր, այլ ուղղիր միայն:

Արմատավորիր առաքինությունն իմ ու նրանց մեջ,

Քանի որ դու ես տերն ամենայնի,

Եվ քեզ վայել է փա՜ռք հավիտենից հավիտյանս.
Ամեն

 

 

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյան

Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

 

Advertisements