Վայոց Ձորի թեմ

Խաչքարային հորինվածքի բաղկացուցիչները

Advertisements

Քիվը: Խաչքարային հորինվածքի հետագա զարգացումը հանգեցրեց նրան, որ խաչքարի վերնամասը 10-11-րդ դարերի սահմանագծին սկսեց առանձնանալ նախ պատկերագրորեն, ապա և ճարտարապետորեն: Քիվը ստացավ կորնթարդ ծավալ և պսակվեց առաջեկ ճակտոնով:

Քիվի առաջացման գործում, տեխնիկականից զատ, վճռական նշանակություն ունեցավ խաչի, որպես համընդհանուր միջնորդի ընկալման լայն կենցաղավարումը, որը հանգեցրեց հորինվածքում խաչից վերև և ներքև տեղադրվող օղակների ավելի շեշտադրման: Ներքին օղակի դերում հանդես է գալիս վարդյակի հատվածը զանազան դրսևորումներով (ներառյալ և մահկանացուների քանդակները), իսկ վերին՝ երկնային ոլորտի դերը ստանձնում է քիվը: 12-14-րդ դարերում քիվն աչքի է ընկնում բուսական-այգային պատկերագրությամբ՝ ներկայացնելով այն, ինչն ակնկալվում է խաչի միջնորդությամբ: Պատկերագրության երկրորդ տարբերակը կազմվում է փրկագործությանն առնչվող սրբազան կերպարներից ու թեմաներից. Ավետում, Ծնունդ, Խաչելություն, Խաչի և Քրիստոսի գալուստ, Արդար դատաստան, Խնդրարկություն, հրեշտակներ և զանազան սրբեր, հոգեհանգստյան պատարագ և այլն: 15-րդ դարից սկսած քիվի փրկագործական թեմաների մեջ ներգրավվում են և մահկանացուները, որոնք Քրիստոսից հոգու փրկություն են հայցում «անձամբ»:

Խաչատակի զարդերը, աստիճանները, եռանկյունին, վարդյակն ու արմավազարդը:

Խաչքարային հորինվածքում կենտրոնական խաչը հենվում է եռանկյունաձև, աստիճանաձև, ուղղանկյուն բարձունքների, կամարաշարերի, եկեղեցական շինության, վարդյակների, կիսավարդյակների վրա, նրա ստորին թևից «ծագում» են ուղղաձիգ կամ հորիզոնական արմավազարդեր: Եռանկյունին թեև առկա է 9-10-րդ դարերի որոշ օրինակներում, հետագայում մեծ տարածում չգտավ: Խաչատակի եռանկյունին շեշտում էր խաչի առանձնակի-սրբազան կարգավիճակը և ակնարկում Գողգոթան: Վարդյակը, որպես խաչային հորինվածքի բնութագրական բաղադրիչ, հանդիպում է դեռ վաղ միջնադարում, բայց խաչքարային հորինվածքում իր կայուն տեղը զբաղեցրեց միայն 11-րդ դարում: Վարդյակն ու աստիճանները դարձան համարյա իրար բացառող զարդեր, ինչը վկայում է, որ երկուսն էլ գտնվել են Գողգոթայի խորհրդաբանության դաշտում, թեև աստիճանների պատկերագրության անմիջական աղբյուրներից էին վաղմիջնադարյան կոթողների աստիճանաձև խարիսխներն ու ստիլոբատները: 13-րդ դարի վերջերին և 14-րդ դարում վարդյակը ելնդավոր գլանիկով անջատվեց արմավազարդից, դրանով իսկ խորանից, և դարձավ լրիվ ինքնուրույն միավոր:

13-րդ դարի վերջերից վարդյակն ստանում է ուռուցիկություն և պսակվում ժապավենաձև երիզով նմանվելով վահանի կամ սկուտեղի: 15-17-րդ դարերում նման վարդյակն ամենատարածվածն էր: Վարդյակի և ուղեկցող զարդերի քննությունը հիմք է տալիս վերականգնել նրա ընդարձակ խորհրդաբանությունը՝ որպես

պատարագի սեղան (երբեմն՝ ուղղակի սինի-սեղան), երկիր, սերմ, Գողգոթա (երբեմն՝ Ադամի գլխով հանդերձ), Հայտնության դրախտային լեռ, արև, աստղ, տիեզերք: Խաչատակի արմավազարդը, 11-րդ դարից սկսած, հենվում է վարդյակի վրա և հետագա հորինվածքներում հանդես է գալիս չորս զարգացումներով բուսական, եկրաչափական, օձային և թռչնային: Որոշ հորինվածքներում խաչը հենվում է հանգուցվող օձի վրա՝ խորհրդանշելով հաղթանակը, կամ երկու կողմից շրջապատվում է օձերով և խորհրդանշում այգի-դրախտի (դրախտային ծառի) պաշտպանությունը: Արմավազարդի թռչնային պատկերագրությունը կապվում է մի կողմից արմավենու, որպես կենացծառի և մյուս կողմից՝ վարդյակի, որպես արևի հնագույն ընկալումների հետ: Որոշ հորինվածքներում արմավազարդերը խաչից են ծլարձակում: Նման ընկալումը լիովին համապատապանում է խաչի, որպես ամենաբեր ծառի քրիստոնեական պատկերացումներին: Խաչի ինքնուրույն ծլարձակելու-բազմանալու գաղափարը հիմք հանդիսացավ կենտրոնական խաչի երկու կողմերում փոքր խաչերի երևան գալուն: Որոշ հորինվածքներում արմավազարդի ելուստները վեր են ածվում խաչակիր ձեռքերի: Քննությունը պարզում է, որ դրանք նախ և առաջ խորհրդանշում են խաչի փրկագործական գալստյանը սպասող մահկանացուներին:

Հեղինակ՝ Համլետ  Պետրոսյան

Advertisements