Սիամանթո (Ատոմ Յարճանյան)  


Արևմտահայ  գրականության պատառիկներ

Սիամանթո (Ատոմ Յարճանյան)   Սիամանթոն (Ատոմ Յարճանյան) ծնվել է Ակնում, ծառայողի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի վարժարանում, ապա ընտանիքի հետ տեղափոխվել է Կոնստանդնուպոլիս։ 1896 թվականի ջարդերի ժամանակ 18 տարեկան պատանին, որ նոր էր սկսել գրական փորձերը, հեռանում է արտասահման։ Ամբողջ 12 տարի նա դեգերում է օտար ափերում, լինում է Հունաստանում, Կահիրեում, Շվեյցարիայի զանազան քաղաքներում, ապա Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում նա որպես ազատ ունկնդիր հաճախում է Սորբոնի Համալսարան։

Օտարության մեջ շատ ծանր է եղել երիտասարդ բանաստեղծի կյանքը: Նյութական զրկանքները, հարազատների և հողի կարոտը, երկրից եկած սարսափելի լուրերը խոր կնիք են դնում զգայուն հոգու վրա` որոշելով նրա գրական հետագա ուղին։ Արտասահմանում լույս են տեսնում Սիամանթոյի ժողովածուները` «Դյուցազնորեն», «Հայորդիներ», «Հոգևարքի և հույսի ջահեր» խորագրերով։ Այդ գրքերը նվիրված են բացառապես հայ ժողովրդի ողբերգությանը։

Հարուստ երևակայության և նուրբ զգացումների տեր բանաստեղծը երգում է հայրենիքի զավակների արյունոտ ճակատագիրը, ստեղծում ցնցող տրամադրությունների մթնոլորտ։

Մի շարք բանաստեղծություններում Սիամանթոն կրկին խոսում է հայ բանաստեղծի հոգեկան դրամայից, որ ծագում է հայրենիքի ծանր բախտի պատճառով։ «Արյուն է, որ կը տեսնեմ», – գրում է բանաստեղծը։ Սիամանթոն պատկերում է չարչարանքի երազներ, ավերումի գիշերներ, մահվան և կոտորածի ցնցող տեսիլներ, դառնալով հայկական ողբերգության ամենախոշոր երգիչը:

Երևակայության ուժով մեծացած այս պատկերը ջարդերի, բռնության, հալածանքի և մորթված սերունդների պատմությունն է:

Հայրենիքի ողբերգության դրամատիկ պատկերն է «Ափ մը մոխիր, հայրենի տուն» բանաստեղծությունը։ Անտուն, թափառական մարդը հեռվից ողբում է ավերված տունը, կորցրած ծննդավայրը, հայրենական պայծառ հիշատակները։ Տունը դառնում է հայրենիքի խորհրդանշան.

Հայրենի՜ տուն, հավատա՛, որ մահես հետո,
Քո ավերակներովդ սևին վրա իմ հոգիս
Պիտի գա, որպես տատրակ մը տարագիր,
Ւր դժբախտի երգն և արցունքը լալու…
Բայց ո՜վ պիտի բերե, ո՜վ պիտի բերե, ըսե’,
Քու սրբազան մոխիրեդ ափ մը մոխիր,
Մահվանս օրը, իմ տրտում դագաղիս մեջ,
Հայրենիքս երգողի իմ աճյունին խառնելու…
Ափ մը մոխի՜ր աճյունիս հետ, Հայրենի՛ տուն,
Ափ մը մոխի~ր քու մոխիրեդ, ո՜վ պիտի բերե
Քու Հիչաւտակե’դ, քու ցավե’դ, քու անցյալե’դ
Ափ մը մոխիր… իմ սրտիս վրան ցանելու…

Այս բանաստեղծությունը արտահայտում է հայ մարդու արտակարգ սերը և ներքին կապը իր հողի հետ։

1908 թ. վերադառնալով Պոլիս` Սիամանթոն գրում է նոր բանաստեղծություններ. լույս են տեսնում «Կարմիր լուրեր բարեկամես» և «Հայրենի հրավեր» ժողովածուները։

Սիամանթոյի ստեղծագործությունը, ողբերգական պատկերների հետ միասին, ունի նաև լավատեսական բովանդակություն: Նա գրել է հերոսական բանաստեղծություններ, բարձրացրել հերոսներին, հողի պաշտպաններին։ «Ես երգելով կ’ուզեմ մեռնիլ» բանաստեղծության մեջ, օրինակ, Սիամանթոն արծարծում է այն միտքը, որ երգը պետք է արդար կռվի տանի հերոսներին։

1912 թ. գրած «Սուրբ Մեսրոպ» պոեմում Սիամանթոն լավատեսությամբ երազում էր մի ազատ հայրենիք, ուր պետք է ծաղկեն միտքն ու հոգին, խոր հավատ էր հայտնում հայրենիքի հավերժության մասին։

1913 թվականին Սիամանթոն եղավ Կովկասում, ջերմ ընդունելություն գտնելով հայ գրողների և մտավորականների կողմից: Ոգևորված բանաստեղծն ապրում էր նոր երկունք։ Բայց ճակատագիրը ողբերգականորեն ընդհատեց այդ մեծ կյանքը։

1915 թվականին նա գտնվում էր այն խմբի մեջ, որին, Անկարա քաղաքից ոչ հեռու մի ձորում, թուրք խուժանները տանջեցին վայրենաբար` զենքով, բրիչներով, քարերով, կացիններով։

 

ԱՆԴՐԱՆԻԿ

Ինքն էր, որ Երազիս մարմարեայ եզերքներուն վրայ, այս գիշեր,
Ապառաժի մը նման անյաղթելիօրէն ոտքի,
Իր ըմբոստացողի հրեղէն գլուխն աստղերուն մէջ մխրճելէն,
Ու իր ձեռքը ատելութեան սուրերովը զինած,
Հողին փրկութեան սիրովը հրաշացած եղբօր մը նման,
Որ եղբօր մը օտարացումէն իր հոգին կ’արիւնէ,
Խօսեցաւ ինծի ան, եւ իր բառերը իրարու ետեւէ, եւ կարգ առ կարգ,
Խիստ էին եւ քաղցր եւ ճշմարիտ եւ քինայոյզ եւ առնական…

«Եւ ահաւասիկ ես եմ, ո՜վ մեղկութեան ու անշարժութեան զաւակ,
Որ աղմկայոյզօրէն՝ այս իրիկուն հեռուներէն կու գամ,
Քու երազուն եւ անտարբեր ու անգործօն ու եսական ու տկար
Երիտասարդի մարմինդ ու էութիւնդ ու հոգիդ,
Բազուկիս հարուածովը ու սուրերուս շառաչին հետ,
Կռիւներու հարկադրիչ ժամերուն համար, վերջնականապէս ցնցելու…
Ունկնդրէ՛ իմ ձայնիս, որ այս վճռականութեան օրերուն
Մեր ցեղին, մեր վրէժին ու մեր արիւնին աղաղակն է ահարկու,
Ու խառնուէ՛, ընկերացի՛ր, եղբայրացի՛ր սա՛ մեր հզօրաքայլ ամբոխին հետ՝
Եթէ դեռ քու հոգիիդ մէջ ազատութեան որեւէ կայծ վառ մնաց,
Եթէ դեռ քու բազուկներդ քաջութիւնը ունին թշնամիներ հարուածելու,
Եթէ սիրտդ գէթ անգամ մը խոցոտուեցաւ մեր մայր-հողին մահացումէն,
Եթէ ցեղիդ տառապանքէն ու անմեղներու կոտորածին մղձաւանջէն
Քու ներսիդիդ ատելութեան ու բարկութեան անտառները բարձրացան…
Եթէ դուն դեռ կեանքիդ մէջը պիտի կրնաս նպատակի մը փաթթուիլ,
Եթէ դեռ քու աչուըներդ այս անօգուտ արցունքներէն չկուրցան…
Եթէ դուն քու աղօթքներդ Ատելութեան գոռումներու փոխեցիր,
Եթէ ցեղիդ ռազմական ու արեգակէ արիւնին
Երակներուդ եւ գլխուդ մէջ բորբոքուիլը դեռ կը զգաս,
Եթէ դեռ Արամին, Տիգրանին, Արտաշէսին եւ Վարդանին
Յաղթանակող զօրութենէն քու մէջդ շունչ մը մնաց,
Դիւցազնական քայլերէն քու երազողի նայուածքներուդ առջեւ
Անձնուիրութեան, վրէժի եւ ազատութեան ճանապարհ մը բացուեցաւ,
Ոտքի՛ կեցիր այն ատեն, եղբայրացի՛ր խումբերուս ու մրրկուէ՛ անոնց հետ,
Որովհետեւ, գիտցիր որ այս զոհաբերումի, ընդվզումի եւ յոյսի օրերուն
Մեր ամէն մէկուն համար անկողնի մէջ հոգի տալը վատութիւնն է վատութիւններուն…»:

Յանկարծ խումբերը հեռացան արեւածագին կրակներուն մէջէն,
Ու իրենց կամաւորի գիտակից ու վճռական քայլերուն հնչիւնը երկաթեայ
Մարմարակոյտեր փշրող անհամար կռաններու հնչիւնը ունէր…
Մինչդեռ թշնամիներէն անջատուած գլուխներ ջահերու պէս կը բոցավառէին՝
Իրենց ուսերուն վրայ բարձրացուցած սուրերուն կատարներէն…
Եւ ես այն ատեն՝ նախանձութեամբ ու տարփանքով հողին վրայ ծնրադիր՝
Իրենց հերոսի քայլերուն հետքը երկիւղածօրէն համբուրեցի…

ԵՍ ԵՐԳԵԼՈՎ ԿՈՒԶԵՄ ՄԵՌՆԻԼ

Սպասումիս և Հույսիս Քաղցրությանը հետ մինակ էի այդ իրիկուն,
Եվ Փրկության ու Տառապանքի նժարովը` Հայրենիքին բախտը կը կշռեի…
Երբ` հեռակա տանս դուռը, գիշերվան սարսափին մեջեն, ուժգնապես բախեցին.
Եվ ժպտուն` ընկեր մը ներս մտավ, շքեղորեն գեղեցիկ, եղբայրադեմ և ահավոր…

Երիտասարդ էր: Աչվըներուն կայծը երկնքի աստղերեն էր որ կը ծորեր,
Եվ հասակին ձևերը մարմարներու զորություններեն էր կերտված…
Մտածումը մարդկային արդարության էջերեն հստակորեն ջահավառյալ…
ճակտին վրա իրենց ցավի և բարության ծաղկներն ունեին:

Մտերմաբար քով քովի, Հայրենիքին տառապանքեն կը խոսեինք,
Իր ծանրախոհ գլուխը սգավոր կիսաստվածի մը արյունոտ սրտին կը նմաներ…
Նայվածքները նայվածքներուս մեջ, նույն ճակատագրին խորհրդանիշը փնտռեցին…
Եվ մեր տրտում ժպիտները հոգիե հոգի մեղմորեն ճառագայթվեցան:

Ժամերով լռին էր: Լռին էի: Հիշատակի հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին…
Եվ լամպարիս կապույտ լույսը, սեղանիս վրան, այլևս արյուններու նման վար կը թորար…
Դժգունեցա ես` ինչպես երազ մը որ առավոտին երևումեն կ’անհետի…
Բայց ինք` հերոսատիպ և հպարտ, ձեռքս ձեռքին մեջ` ոտքի` ինծի ըսավ…

– “Այս իրիկուն` հավատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկե’ր,
Երիվարս թամբած եմ արդեն` և կյանքի ու կռվի տենդեն` դուռիդ առջևը կը վրնջե…
Եվ տե’ս հասակես վար անբիծ սուրս մերկ է, մերկությամբը գերմարդկային վճիռներուն:
ճակատդ շրթունքիս մոտեցո’ւր… հավատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկե’ր:

“Եվ դուն սա’ մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցավը և ցեղին ուժը բանաստեղծե,
Ապագա սերունդներուն և մեր անցյալին տխրությանն ի նվեր.
Ես որբ մըն եմ և ըմբոստ մը, մնա՜ս բարյավ, կորուսյալներս փնտռելո՜ւ կ’երթամ…
Քու երգերեդ երգ մը տուր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կ’ուզեմ մեռնիլ…”:

 

Նյութը պատրաստեց Սիրան Սարգսյանը

Advertisements