Վայոց Ձորի թեմ

Արևմտահայերենի ուսուցում: Ներածություն

Advertisements

Արդի հայերենն այսօր աշխարհին ներկայանում է երկու գրական տարբերակներով՝ արևելահայ և արևմտահայ: Արևելահայերենը Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է, համընդհանուր հաղորդակցման, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության, թատրոնի և կինոյի, հանրակրթական և բարձրագույն դպրոցների լեզուն: Այն պետական հոգածության առարկա է և մանրակրկիտ կերպով ուսումնասիրված է լեզվաբանների կողմից:

Արևմտահայերենը Սփյուռքի հայության լեզուն է. նրանով են հաղորդակցվում աշխարհի չորս ծագերում ապաստանած հայերը: Սակայն եթե մինչև վերջին ժամանակներս Սփյուռքում արևելահայերենով էր հաղորդակցվում միայն Ւրանի հայությունը, ապա վերջին աշխարհաքաղաքական իրողությունների արդյունքում Հայաստանից արտագաղթած շուրջ երկու միլիոն մարդ ստվարացրեց արևելահայերեն խոսող սփյուռքահայերի թիվր:

Սփյուռքում ավանդաբար արևմտահայերենով լույս են տեսնում բազմաթիվ պարբերականներ, տրվում են ռադիո -հեռուստատեսային հաղորդումներ, ստեղծվում են գեղսւրվեստական երկեր: Սփյուռքի ողջ տարածքում գործում են տարրական և միջնակարգ դպրոցներ, որոնցում դասավանդումը հիմնականում կատարվում է հայերենով:

Առաջին հարցը, որ առնչվում է մեր լեզվի երկփեղկվածության հիմնախնդրին, այդ գործընթացի սկզբնաժամկետը ճշտելն է, երբ միասնական հայերենն սկսում է երկու տարբեր ճյուղերի վերածվել: Հր. Աճառյանը հայերենի երկփեղկվածության սկիզբը կապում է քաղաքական պատճառների ՝ Բագրատունյաց Հայաստանի վերացման հետ 11-րդ դարում: Այդ մասին նա գրում է. «ԺԱ դարի կեսին (1046 թ.) Բագրատունյաց թագավորության կործանումով ջնջվեց հայ պետականությունը մեր երկրից: Այնուհետև ընդհանուր հայության միարար կապը եթե կար, վերացավ, և գաղթականության պատճառով էլ լեզվական անհատականությունը ծայրագույն աստիճանի հասավ: Այն բոլոր լեզվական միությունները, ընդհանուր միօրինակությունները՝ որ նկատում ենք հայերենի զանազան բարբառներում, թեերկրի ներսում և թե՛ մանավանդ դրսում, չէին կարող գաղթականությունից հետո առաջացած լինել՝ միարար կապի բացակայության պատճառով

Սրանից հետևում է, որ այն բոլոր երևույթները, որոնք միօրինակ և ընդհանուր են այսօր մեր լեզվի բոլոր բարբառներում, բխում են հայերենի նախավոր միությունից և ապացույց են հայերենի համատարած միության Հայաստանում՝ ԺԱ դարից առաջ»  (Աճառյան Հ., Հայոց լեզվի պատմություն, մաս II, Երևան, 1951, էջ 435):

Աճառյանը նկատում է, որ հայության արևմտյան հատվածը առավել մեծ ուշադրություն էր հատկացնում մշակութային-լուսավորական և գրական- թարգմանական գործունեությանը, թեև չի ժխտում նաև արևելահայոց մեջ նման շարժման առկայությունը: «Գրական այն շարժումը, որ նկարագրեցինք, մեծ մասամբ կատարվում էր մեր արևմտահայ հատվածի կողմից, բայց նրան բաժնեկից էր նաև մեր արևելահայ հատվածը: Այն ժամանակ մեր երկու հատվածների միջև չկար այնպիսի անջրպետ, ինչպիսին առաջացավ շատ ավելի ուշ՝ Գալիցինյան ռեժիմի ժամանակ: Արևելահահայերը երկար ժամանակ օգտվեցին արևմտահայոց գրականությամբ, գործածելով այն թերթերն ու գրքերը, որ հրատարակվում էին Պոլսում, Զմյուռնիայում կամ Վենետիկում, մեծ մասամբ գրաբար» (Նույն տեղը, էջ 497):

Այնուհետև Աճառյանը շարունակում է. «Արևելահայ գրական գործիչները կարող էին ընդունել արևմտահայ գրական լեզուն, որ արդեն պատրաստ էր, և փոքր աշխատանքով հարմարեցնել արևելահայ ժողովուրդի լեզվական պահանջներին: Բայց այդպես չեղավ: Նրանք ստեղծեցին մի ուրիշ գրական լեզու, որի հիմքը Երևանի բարբառն է և որի հեղինակն է համարվում Մոսկվայի Լազարյան ճեմարանի ուսանողությունը: Այստեղ ամեն կողմից հավաքված հայ աշակերտները սովորական գործածության մեջ հետզհետե կոկում  են իրենց լեզուն, մասնավորը տեղի է տալիս ընդհանուրին, և կամացկամաց այդ կոկված լեզուն դառնում է խոսակցական ընդհանուր լեզու նույն դպրոցի սաների մեջ: Այստեղ աշխատանքը տարվեց ճիշտ այն ձևով ու ծրագրով, ինչպես արևմտահայ գրականի համար: – Քերականությունը վերցվեց բարբառից, օտար բառերը վտարվեցին և հայերեն բառերը վերածվեցին իրենց գրաբար ձևին» (Նույն տեղը, էջ 497):

Երկու տարբերակները ներկայացնում են լեզվական ուրույն համակարգեր, և անհատների ցանկությունը չէր կարող վճռորոշ դեր խաղալ այդ հարցում: Հովհ. Բարսեղյանն իր մի հոդվածում հստակություն է մտցնում այս հարցում՝ գրելով. «Ոչ միայն Աճառյանի անմիջական աշակերտներ Էդ. Աղայանի և Գ. Ջահուկյանի, այլև մյուս բոլոր ականավոր հայագետների հետազոտություններից պարզորոշ երևում է, որ գրական երկու լեզուների առաջացումը, այդ թվում նաև արևելահայ գրական լեզվի կազմավորումը, լեզվի պատմական զարգացման հետևանք էր, և սրանում «մեղավորներ» որոնելը կամ դրա «մեղքը» արևելյան հայոց գրագետների կամ «արևելահայ գրական գործիչների» վրա դնելը առնվազն հակապատմական էր»  (Բարսեղյան Հ., «Գրական հայերենի միավորման հարցը և նրա քննությունը Հր. Աճառյանի աշխատություններում», ԲԵՀ, 1996, N 2):

Եթե արևելահայերենի լեզվական իրողությունները քննվել են և քննվում են ամենատարբեր հայեցակարգերով, ապա նույնը չի կարելի ասել արևմտահայերենի մասին, որի հնչյունական համակարգը, բառապաշարը և քերականությունը անհրաժեշտ խորությամբ չեն ուսումնասիրվել: Սփյուռքում տեսական-լեզվաբանական անհրաժեշտ միջավայրի բացակայությունը, ինչպես նաև մի շարք արտալեզվական գործոններ, ցավոք, հնարավոր չեն դարձրել արևմտահայերենի համակողմանի ուսումնասիրությունը, իսկ եղած սակավաթիվ փորձերը ծառայել են սոսկ գործնական նպատակների կամ դպրոցական ուսուցմանը: Բացառություն պետք է համարել Արսեն Այտընյանի և Հրաչյա Աճառյանի ՝ ժամանակին կատարած ոաումնասիրությունները, որոնք, սակայն, այսօր ամբողջությամբ չեն համապատասխանում լեզվական նոր իրավիճակին և ծագած խնդիրներին: Ահա այդ բացը լրացնելու համար վերջին ժամանակներս Հայաստանում արևմտահայերենի քննությունն սկսեց արժանանալ առավել ուշադրության. ուսումնասիրվել են արևմտահայերենի տարբեր լեզվական իրողությունները, կան նաև համադրական քննության հաջող փորձեր: Դրանք, ինչ խոսք, նորովի են լուսաբանում մի շարք լեզվական երևույթներ և, ամենակարևորը, օգնում են առանձնացնելու և ընդհանրացնելու առավել դրական միտումները, որոնք, ի վերջո, նպատակ ունեն ծառայելու մի հիմնական գերխնդրի՝ արևելահայերենի և արևմտահայերենի առավել մերձեցմանը և փոխհարստացմանը:

Արևելահայերենի և արևմտահայերենի բարբառային հիմքերը տարբեր են: Արևելահայերենը, ինչպես հայտնի է, առաջացել է հայերենի Ում ճյուղի ամենահզոր և տարածված բարբառներից մեկի ՝ Արարատյան բարբառի հետագա գրականացմամբ, իսկ արևմտահայերենը ստեղծվել է Կը ճյուղի (Պոլսի և հարակից շրջանների բարբառներ) հիման վա:

Տարբեր են նաև հայերենի երկու տարբերակների պատմական արմատները: Արևելահայերենը իր մի շարք առանձնահատկություններով (Հնչյունաբանություն, քերականություն) կապվում է գրաբարի, իսկ արևմտահայերենը՝ միջին հայերենի հետ: Դրա լավագույն ապացույցը պայթական բաղաձայնների համակարգն է, որն արևելահայերենում նույնանում է գրաբարի հետ: Արևմտահայերենում հիշյալ համակարգը արտասանության պլանում համընկնում է միջինհայերենյան վիճակի հետ, թեև գրության մեջ պահում է ավանդականը: Այսպես, պահելով եռաստիճան բպփ, գկքն՝ արևմտահայերենը արտասանության մեջ ներկայանում է երկաստիճան բփ, գք հակադրությամբ:

Քերականական իրողություններից կարելի է նշել սահմանական ներկայի կազմությունը, որը արևմտահայերենում համընկնում է միջինհայերենյան օրինաչափություններին և կազմվում է կը (կու, կ ‘) մասնիկների միջոցով (կը գրեմ): Այս դեպքում արևելահայերենը հանդես է գալիս ուրույն վերլուծական կազմությամբ (գրում եմ) :

Հայերենի երկու տարբերակները նախապես անվանվել են պատմաքաղաքական մոաեցմամբ՝ ռուսաhայերեն և թ(ու)րքաhայերեն (տաճկաhայերեն)՝ նկատի ունենալով պատմական Հայաստանի տարածքային ենթակայությունը: Եվ միայն հետագայում՝ Հայոց ազգային ինքնագիտակցության զարթոնքի շրջանում, ընկալվեց հիշյալ հորջորջումների անպատեհությունը, որը Պ. Սևակը պատկերավոր ներկայացնում է հետևյալ կերպ.

 

Երևի այդօրքանի դար հետո

Երկինք ու երկիր հաշտվեցին նորից

Երևի այդօրքանի դար հետո

«Հայաստան» բառից պոկվեցինընկան

«Ռուսա»-ն ու «Տաճկա»-ն

Հետագայում այդ նվաստացուցիչ անվանումները փոխարինվեցին առավել չեզոք աշխարհագրական անվանումներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, թեև սրանք ևս գիտականորեն լիովին ճշգրիտ չեն, քանի որ աշխարհագրական-տարածքային տվյալները և լեզվի տարածման արեալները ոչ միշտ են համընկնում: Արևելյան Հայաստանի տարածքում գործում են նաև Կը ճյուղի բարբառին բնորոշ լեզվական երևույթներ (օր. Կարնո բարբառի Գյումրու խոսվածքը և այլն):

Տարըմբռնումներ եղել են նաև տարբերակների որակական գնահատման հարցում: Հայաստանի Երկրորդ հանրապետության շրջանում ամբողջատիրական իշխանության այլևայլ նկրտումների պատճառով ընդունված էր արևմտահայերենը որակել որպես «բարբառ»: Այս հանգամանքն առաջացնում էր սփյուռքահայ զանգվածների արդարացի դժգոհությունը: Բարեբախտաբար, սկսած անցյալ դարի 60-ական թվականներից, հայերենի երկու ճյուղերն սկսեցին դիտվել որպես հայերենի իրավահավասար գոյավիճակներ, և դրանք առ այսօր անվանվում են գրական արևելահայերեն և գրական արևմտահայերեն:

Մեծ եղեռնից հետո, երբ ողջ Արևմտյան Հայաստանը հայաթափվեց, բնիկ ժողովուրդը ապաստան գտավ աշխարհի տարբեր անկյուններում՝ Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում (Սիրիա, Լիբանան, Հորդանան, Իրաք, Պաղեստին), Եվրոպայում (Ֆրանսիա, Հունաստան), Ամերիկայում (ԱՍՆ, Կանադա, Արգենտինա, Բրազիլիա) և այլուր: Այսպես ձևավորվեց հայկական Սփյուռքը կամ, ինչպես երբեմն անվանում են, Ցրոնքը, որը մարդկության պատմության առանձնահատուկ երևույթներից է: Իր բնօրրանից հալածված ու քշված ժողովուրդը, ապաստանելով օտար երկրներում, ոչ միայն գոյատևեց, այլև, մերվելով հյուրընկալ ժոզովուրդների քաղաքակրթությանը, իր լուման ներդրեց այդ երկրների պետական, տնտեսական և մշակութային զարգացման գործում: Ինչ խոսք, Սփյուռքում հայության պահպանման և գոյատևման կռվանները Հայոց Առաքելական եկեղեցին ու դպրոցն էին, որոնք առաջին հերթին խարսխվում էին հայոց լեզվի պահպանման և նրա գործառական ոլորտների ընդարձակման վրա:

Դառնալով սփյուոքահայ տարբեր գաղթօջախների հաղորդակցման լեզուն՝ արևմտահայերենը սկսեց իր վրա կրել բնիկ ժոզովուրդների լեզուների ազդեցությունը, որն առանձնապես նկատելի է հնչյունաբանության (արտասանության) և բառապաշարի (փոխառությունների, բառակազմության և իմաստաբանության) ոլորտներում: Նման ազդեցությունները ֆրանսահայերի լեզվում արտահայտվում են ռի փոխարեն ղ հնչյունի արտասանությամբ (Աղաղատ, Եղևան), հունահայերի արտասանության մեջ ժ և զ հնչյունների բաղարկությամբ (շփոթությամբ), հմմտ. ժամանակզամանակ, ԶավենԺավեն, կամ պարզ խուլերի վերականգնմամբ, արգենտինահայերի արտասանության մեջ բառավերջի լ հնչյունի «փափկացումով» (գրել – գրել, սիրել – սիրել, և այլն): Դոմինանտ լեզուների՝ արևմտահայերենի վրա ունեցած բառապաշարային այլևայլ ազդեցություններին անդրադարձել ենք դասագրքի համապատասխան բաժիններում:

 

Նյութը պատրաստեց Սիրան Սարգսյանը

Նյութի աղբյուր՝ Ռ. Կ. Սաքապետոյան, Արևմտահայերենի դասագիրք, Եր., Երևանի համալս. հրատ., 2006թ., էջ 5-9:

Advertisements