ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԹԵՄՈՒՄ


Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը:

Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի մատուցվեց Հարության Սբ. Պատարագ, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Սբ. Աստվածածին եկեղեցու այս տարվա խաչքավոր Նաիրի Բաղդասարյանը և բազմաթիվ հավատացյալներ:

Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա ներկաներին բաժանվեցին օրհնված հավկիթներ:

Վերջում համայնքի անդամների և թեմի աշխատակիցների հետ առաջնորդարանի սրահներից մեկում տեղի ունեցավ սիրո ճաշ, որի ընթացքում Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախումբը հանդես եկավ շարականների և ազգային երգերի կատարումներով:

 ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ

 Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով Վայքի Սբ. Տրդատ եկեղեցում տեղի ունեցավ Ս.Պատարագ:

Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը, ով հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Ս. Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ մեծ տոնախմբություն` օրվա խորհուրդի հետ կապված:

Գեղեցիկ միջոցառմամբ հանդես եկան Վայքի հիմնական և ավագ դպրոցի սաները /ուսուցիչներ՝ Ծ. Սաֆարյան, Լ. Գրիգորյան/:

Վերջում ժողովրդին բաժանվեց 1000 հոգու համար նախատեսված զատկական ձու, փլավ և հաց:

 Սուրբ Զատիկի՝ Քրիստոսի Հարության տոնը Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում

 Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցում նշվեց Սուրբ Զատկի՝ Քրիստոսի Հարության տոնը:

Continue reading

Advertisements

ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


(Սուրբ Էջմիածին, ապրիլի 5, 2015 թ.)

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Այսօր հրեշտակք յերկնից իջեալ
տան զաւետիս մարդկան.
յարեաւ խաչեալն եւ յարոյց
զձեզ ընդ ինքնեան»
(Շարական):

Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայրենիս և ի Սփյուռս,
Քրիստոսի հրաշափառ Հարության ուրախությունն է վերստին թևածում մեր հոգիներում: Բերկրում ենք յուղաբեր կանանց նման, ովքեր թափուր տեսան Փրկչի գերեզմանը և հրեշտակներից լսեցին Նրա Հարության ավետիսը: Ցնծում ենք վերնատանը հավաքված առաքյալների և Էմմավուսի ճամփորդների պես, որոնց հարուցյալ Տերը երևաց և փարատեց նրանց տարակույսներն ու տրտմությունը: Հարության լույսի շողերով այլևս լուսավորված է խավարյալ երկինքը, թոթափված են խաչելության վիշտն ու տխրությունը: Բացված է դրախտը և խորտակված է դժոխքը, պարտված է մահը և հաղթանակած՝ կյանքը:
Քրիստոս՝ Փրկիչ մեր Տերը, խաչի վրա Իր զոհագործությամբ և հրաշափառ Հարությամբ մարդկության համար դարձավ փրկության պատարագ, որ բաշխվում է ամենուր՝ հավատքով ընդունողներին: Տերունական անգին փրկագործությունը Երկնից արքայությունը ժառանգելու շնորհին է արժանացնում հավատացյալ հոգիներին, ինչպես և շարականագիրն ասում է. «Յարեաւ խաչեալն եւ յարոյց զձեզ ընդ ինքեան»:
Մեր ժողովրդի ընթացքը պատմության հոլովույթներում հաճախ եղավ նմանություն Քրիստոսին: Հաճախ չարչարանաց Գողգոթա բարձրացանք, խաչակից եղանք Տիրոջը և Նրա Հարության հավատքով հարություն առանք: Տիրոջ շնորհով մեր ժողովուրդը հաղթահարեց իր դեմ մոլեգնած դավերն ու ավերները, հալածանքներն ու կոտորածները և վառ պահեց հույսը իր վերածննդի, իր ապահով ու լուսավոր կյանքի:
Քրիստոսի Սուրբ Հարության լուսապայծառ տոնի այս հիասքանչ օրը մենք աղոթում ենք նաև Ցեղասպանության մեր նահատակների համար: Մեկ դար առաջ էր, երբ մեր ժողովրդի զավակները հայ և քրիստոնյա լինելու համար անլուր տառապանքներով Ցեղասպանության ենթարկվեցին: Նրանք նահատակության պսակն ընդունեցին առաքյալի խոսքի ճշմարտությունն ունենալով իրենց սրտում. «Եթէ մեր այս հողեղէն տունը, որ մեր մարմինն է, աւերուի, Աստծուց շինուած անձեռակերտ յաւիտենական տուն ունենք երկնքում» (Բ Կորնթ. Ե 1): Աշխարհին, ողջ մարդկությանը մեր ժողովուրդը իր նահատակությամբ և իր հարուցյալ կյանքով վկայեց հարության հրաշքի ճշմարտությունը: Եղանք խաչյալ, եղանք վշտահալած, բայց ոչ հուսահատ, եղանք վիրավոր, բայց ոչ տկար, աշխարհասփյուռ, բայց ոչ անհայրենիք: Կորուսյալ հայրենիքի սերը սրտում` մեր ժողովուրդը պատմական Հայաստանի արևելյան հատվածում վերակերտած պետականության ներքո և սփյուռքի համայնքներում նոր կյանք վերընձյուղեց՝ հավաստելով, որ իր կենաց ծառը՝ հավատքի անսասան վեմին արմատացյալ, կենսատու զորությամբ պտղաբերում է և ազգն ու հայրենիքը շենացնող զավակներ ծնում: Continue reading