…ՀՆՉՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ… ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ


ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը

Արևմտյան Հայաստանի Վան քաղաքը

Պատմական զարգացման հետևանքով ձևավորված հայերենի երկու տարբերակները՝ արևելահայերենը և արևմտահայերենը, առաջին հերթին տարբերվում են իրենց հնչյունական համակարգերով: Գրության մեջ պահելով ավանդական համակարգը՝ արևմտահայերենը տարբերություն չի ներկայացնում արևելահայերենից (պահպանում է բոլոր գրանիշերը): Սակայն արտասանության պլանում ի հայտ են գալիս մի շարք տարբերություններ. պայթական բաղաձայնների գրաբարյան եռաստիճան համակարգը գրական արևմտահայերենում վերածվել է երկաստիճան խլազուրկ համակարգի:

Բացի այդ տեղի են ունեցել հնչյունափոխական մի շարք երևույթներ, որոնք Հր. Աճառյանը անվանել է տեղաշարժտեղափոխություն: Ըստ այդ համալիր հնչյունափոխության՝ բոլոր խուլ պայթականները դարձել են ձայնեղներ, իսկ բոլոր ձայնեղ պայթականները շնչեղ խուլեր:        

 բ-պ-փ

գ-կ-ք

դ-տ-թ

ձ-ծ-ց

ջ-ճ-չ

Սրանից հետևում է, որ արևմտահայերենում բերան բառը պետք է արտասանել փերան, գերան ՝ քերան, դանակ ՝ թանագ, ձայն ՝ ցայն, ջուր ՝ չուր, ինչպես նաև ՝ պապիկ ՝ բաբիգ, կատու ՝ գադու, տուն ՝ դուն, ծաղիկ ՝ ձաղիկ, ճանճ ՝ ջանջ:

Խնդիրն այն է, որ տեղաշարժ -տեղափոխության կանոնը միանշանակ չի գործում, այս հարցում դեր են խաղում մի շարք հանգամանքներ՝ խոսողի բարբառային պատկանելությունը, տվյալ գաղթօջախում գերակշիռ լեզվի ազդեցությունը, անհատական այլևայլ հատկանիշներ, ինչպես նաև զուտ լեզվական երևույթներ՝ կախված բառի մեջ հնչյունի ունեցած դիրքից: Կարծիք կա, որ ժամանակի ընթացքում գերակշիռ (դոմինանտ) լեզուների ազդեցությամբ վերականգվել է արևմտահայերենի պայթականների եռաստիճան համակարգը: Այս առիթով Ա. Սարգսյանը գրում է. «Ավանդական այդ տեսակետին պետք է ավելացնել հետևյալը. գրական արևմտահայերենի արդի վիճակը ներկայացնում է հարաբերաբար ավելի բարդ պատկեր, քան կար դարասկգբին, կամ անգամ 30-40-ական թվականներին: Սփյուռքի գոյատևման տասնամյակներին արևմտահայ մազապուրծ հատվածները, ապաստանելով Միջին և Մերձավոր Արևելքի երկրներում, Հունաստանում և այլուր, շարունակաբար շփման մեջ գտնվելով տեղացի (բնիկ) բնակչության լեզվական աշխարհի հետ, նույնպես որոշ չափով յուրացրել են նաև բաղաձայնական  համակարգի առանձին հնչյունների որակները: Ազդեցության նմանօրինակ երևույթներ հեշտ է նկատել բառապաշարի, քերականական առանձին կառուցվածքների մեջ, հատկապես դարձվածաբանության: Անժխտելի է ազդեցությունը նաև հնչյունական կառուցվածքի վրա

Սփյուռքահայ բեմական խոսքը, պաշտոնական ելույթները, ռադիոհաղորդումները, վարժարանները աշխատում են պահպանել գրական կանոնական այն հնչումը, որ եղել է դարասկզբին արևմտահայ գրական լեզվում: Ուրեմն, երկշարք բաղաձայնական համակարգի մասին խոսելիս նկատի պետք է ունենալ այն արդեն նշմարելի փոփոխությունը, որ կատարվել է պարզ խուլ գրույթների հնչման մեջ՝ հնչում թեիբրև ձայնեղներ, թեիբրև պարզ խուլեր: Քանի որ կանոնական մակարդակն այդ փոփոխությունը չի արձանագրել և շարունակում է արհեստականորեն վերստեղծել երկշարք բաղաձայնական հակադրությունների պատկերը նոր սերնդի համար էլ, դիտում ենք արևմտահայ գրական լեզվի բաղաձայնական համակարգը երկշարք հակադրությունների տեսանկյունով: Խոսակցական լեզվի ոճական տարբերակներում առանձնացնում ենք եռաշարք՝ պարզ խուլերձայնեղներշնչեղ խուլեր համակարգի գոյությունը» ( Սարգսյան Ա., Արևելահայ և արևմտահայ գրական լեզուներ, Եր., 1985, էջ 26-27):

Ելնելով թվարկված հանգամանքներից՝ կարելի է ենթադրել, որ հիշյալ հնչյունափոխության մեջ խուլերը լիովին չեն ձայնեղանում, այլ գրավում են ինչ-որ միջին դիրք պի և բի, (կի և գի և այլն) միջև: Նույնը վերաբերում է ձայնեղների շնչեղխլացմանը: Գործնականում այս ամենը ստուգելը առանց որևէ տեխնիկական միջոցի գործադրման և համապատասխան մեթոդաբանության մշակման, անհնար է, քանի որ լսողությամբ այդ ամենի տարբերակումը կարող է հանգեցնել սուբ­յեկտիվ և ոչ գիտական եզրակացությունների, մանավանդ որ ենթադրելի տարբերությունները չեն ներկայացնում հնչույթային արժեք և մնում են փոփոխակների մակարդակում:

Արևմտահայերենում պարզ խուլերի առկայությունն արտասա­նության պլանում ուսումնասիրողները կապում են շրջապատող լեզուների ազդեցության հետ, որը բնական է, սակայն ոչ համակարգային: Այն կարող է ընդգրկել սոսկ հնչյունական որոշակի դիրքեր: Մեր քննության արդյունքում պարզել ենք, որ պարզ խուլերի առկայությունը արևմտահայերենում հաճախ փոխազդեցական հնչյունափոխության հետևանք է: Այսպես, ախպար բառում պ գրույթը ակնհայտորեն ունի պ հնչում (սպասելի բի փոխարեն), քանի որ խուլ խից հետո չի կարող արտասանվել ձայնեղ բ հնչյունը (այլընտրանքը կարող է լինել աղբար հնչումը): Նույնը վերաբերում է ղբ հնչյունախումբ ունեցող մյուս բառերին (եղբայր, աղբյուր, ողբ, ողբալ, աղբ և այլն): Բառավերջի թույլ դիրքերում ևս առնմանման և տարնմանման հետևանքով պարզ խուլ հնչյունների գրությունը և արտասանությունը համընկնում են, ինչպես օրինակ, Հայաստան, դժբախտ, հարուստ, միշտ, կորուստ, փախուստ և բազմաթիվ նման բառերում:

Այսպիսով, արտասանության պլանում միտում է նկատվում, որ արևմտահայերենին լիովին խորթ չեն պարզ խուլերը. որոշ դեպքերում վերականգնվում է խուլ հնչյունների գրության և արտասանության նույնությունը, ուստի վերականգնվում է պայթական բաղաձայնների եռաստիճան համակարգի նախնական վիճակը:

Շարունակելի

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

Նյութի աղբյուր՝ Ռ. Կ. Սաքապետոյան,
Արևմտահայերենի դասագիրք,
Եր., Երևանի համալս. հրատ., 2006թ., էջ 10-12:

Advertisements