Վայոց Ձորի թեմ

Ռուբեն Սևակ (1885 – 1915)

Advertisements

 

Ռուբեն Սևակը (իսկական ազգանունը՝ Չիլինկիրյան) սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի ամերիկյան վարժարանում: 1905 թ-ին ավարտել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանը, 1911 թ-ին՝ Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

1911–14 թթ-ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում: Ուսման տարիներին գործերը տպագրել է արևմտահայ «Բյուզանդիոն», «Արևելյան մամուլ», «Բազմավեպ», «Ամենուն տարեցույց» պարբերականներում: 1915թ.-ին վերադարձել է Կոստանդնուպոլիս և, որպես զինվորական բժիշկ, զորակոչվել է թուրքական բանակ: Որոշ ժամանակ անց ձերբակալվել է և աքսորվել թուրքական Չանղըր բնակավայր. այստեղ Սևակը բուժել է մի թուրք աղջկա, որը սիրահարվել է նրան: Աղջկա հայրը փորձել է համոզել Սևակին մահմեդականություն ընդունել, ամուսնանալ աղջկա հետ և փրկվել անխուսափելի սպանությունից, սակայն Սևակը հրաժարվել է՝ հավատափոխությունը համարելով ազգադավություն:

Տեղափոխելու պատրվակով Սևակին ուղարկել են Այաշ., ճանապարհին նահատակվել է,  ինչպես Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ:

1905 թ-ին «Մասիս» հանդեսում տպագրվել է Սևակի առաջին՝ «Բաժանման խոսքեր» բանաստեղծությունը, 1907 թ-ին՝ առաջին արձակ գործը՝ «Տարի մը վերջ» պատմվածքը, 1910 թ-ին՝ «Կարմիր գիրք» ժողովածուն, որտեղ ամփոփված է 3 պոեմ՝ «Ջարդի խենթը», «Թրքուհին», «Մարդերգություն»: Վերջին պոեմը եռամաս է՝ ծնունդ, կյանք, մահ: Պոեմում Սևակը խոսում է մարդկային գոյի մասին, բանաստեղծական խոսքի երևակայական թռիչքի միջոցով անցավորը կապում է անանցին, անհնարինը դարձնում հնարավոր: Ըստ Սևակի՝ կյանքն անբաժանելի է մահից և իր սկիզբ, ընթացք, վախճան հաջորդականությամբ անմահության կրողն է:

Սևակը գեղարվեստական մեծ ուժով է արտահայտել սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը «Դրամին աղոթքը» (1907 թ.), «Կարմիր դրոշակը» (1909 թ.) բանաստեղծություններում և «Այս դանակը» (1909 թ.), «Փողոց ավլողը» (1911 թ.) պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով գրված լավագույն ու ինքնատիպ գործերից են:

Կիլիկիայի հայերի ջարդերի անմիջական տպավորությամբ գրած ազգայինհայրենասիրական գործերումԶանգակներ, զանգակներ», 1909 թ., «Ո՛վ իմ հայրենիք», 1909 թ., «Հայաստան», 1909 թ., «Վերջին հայերը», 1909 թ.) բանաստեղծն արծարծել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման:

Սևակի քնարերգության մեջ նշանակալի տեղ ունի սիրո թեման Երգ երգոց», 1908 թ., «Գինո՛վ սեր», 1908 թ., «Եկո՜ւր», 1911 թ., «Ինչո՞ւ», 1911 թ., «Սիրո և մահվան երգ», 1912 թ., «Սերը», «Առաջին մեղքը», «Սրինգ», «Սերո՛վ, սերո՛վ…», «Պիտի սպասե՛մ…»), որն աչքի է ընկնում խոր և նուրբ զգացմունքայնությամբ, արտահայտչամիջոցների թարմությամբ:
Սևակի արձակ գործերը բազմաժանր են՝ պատմվածքներ, զրույցներ, խորհրդածություններ, հոդվածներ: Դրանք պատմություններ են («Հարսերուն գաղտնիքը», «Փոխան հարսանիքի», «Մեղքին պտուղը», «Ահավոր տարակույսը», «Այլասերում», «Վեցերորդ զգայարանք»), որոնց ականատես է եղել հեղինակը` որպես բժիշկ աշխատելիս:

Սևակն արևմտահայ գրականության պատմության մեջ առաջինն է գրել նամականու ժանրով. նամակները նրա ստեղծագործական ժառանգության մի մասն են: Նամակներ գրել է կնոջը՝ գերմանուհի Յաննիին, որոնք հայ գրականության սիրային նամակագրության լավագույն նմուշներից են, ինչպես նաև ընկերներին ու ծնողներին:

Բանաստեղծի եղբորորդի Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ Ռուբեն Սևակի հիշատակի տուն է հիմնադրվել Ֆրանսիայի Նիս քաղաքում:

Երևանում Ռուբեն Սևակի անունով կոչվել են փողոց և դպրոց, որի առջև դրվել է նրա կիսանդրին:

Զանգակնե՜ր, զանգակնե՜ր

Զանգակնե՜ր, բարի՜, բարի՜ զանգակներ,
Ի՞նչ բան կասեցուց ձեր գուժկան լեզուն,
Խոսք ելլել կ’ուզե արյունը վազուն…
Կը լռե՜ք, բարի՜, բարի՜ զանգակներ։

Արդյո՞ք, ձեր միսթիք հագագն արույրե,
Ուր կեղև՜ պատեց աղոթքի փոշին,
Եվ ուր կ’երազե՜ր խունկի գոլորշին,
Հեղակարծ ցավեն՝ անզո՜ր կը լռե՞։

Ո՛չ։ Ձեր դարավոր հոգին պղնձի-
– Որ շա՜տ, շա՜տ հաճախ տեսեր է Բարին,
Հաղթված Չարեն- այժմ իր բարբառին
Ու իր Աստծույն վրա կը կասկածի…

Ա՜խ, որովհետև տեսաք ձեր բարձրեն,
Հավատավորներ հազարով, բյուրով,
Ինկած հեթանոս տապարով, բիրով-
Ձեր ոտքերուն տակ, երկյուղածորեն…

Ու ձեր գմբեթեն դիտեցիք անձայն,
Թե ինչպես խնկոտ տաճարներու մեջ՝
Որբ, կին, ծերունի, բոցերով անշեջ,
Իրենց Աստծույն գահին զոհվեցան։

Բայց… գիտեք նաև, թե մեր դարավոր
Դիակներու բուրգը ամպերեն անցավ,
Ու մեր արյունի ժահրեն նեխեցավ
Սրբություններու ծույլ գունտն երկնավոր…

Արդ՝ ո՞ւր եք, չքնաղ խոստումներ Խաչին,
Եղբայրության զուր բարբառներ, ո՞ւր եք,
Կրակ կը փսխե հողն ամենուրեք,
Գետերն արյունով, դիակո՜վ կ’ուռչին…

Ու կիյնա այն, որ կը ծնկե ահով,
Զի թուրն ավելի արդար է Խաչեն,
Զի կյանքն անոնց է միայն, որ քաջ են,
Անոնց, որ կ’ապրին ուրիշի մահով…

Որովհետև դեռ հեռու է օրն այն,
Երբ գայլն ու գառնուկ սիրով արածին…
Թե ապրիլ կ’ուզե գառը նորածին ՝
Պետք է իր ակռան սրե լռելյայն…

Լուռ եք, զանգակնե՜ր, Աստված է մեռեր։
Գույժ տվեք վաղվան, զի հասկը մեռավ.
Գույժ տվեք հայուն, զի ազգը մեռավ։
Զանգակնե՜ր, ծերո՜ւկ, բարի՜ զանգակներ…

Ինչպե՜ս կ’ուզեի ես ձեր պարանին
Կախվիլ ու ցնցել երկաթ բազուկով.
Անոնք, որ ինկան բյուրով, քովե քով,
Ձեր ղողանջին հետ՝ լալու պետք ունին…

Հոգիիս հազար խուլ զանգակներով
Գոռացեք զանգեր ու կատաղորեն
Գահավիժեցեք ձեր երկաթ թառեն,
Ուրկե միայն լալ գիտցաք դարերով…

Երթա՜լ

Երթալ, երթալ, երթալ անձայն, անհանդէս.
Երթալ առուին պէս մարզերու տակ անտես.
Կապոյտին մէջ՝ հեզ, հողմնավար ամպին պէս․․․

Երթա՜լ՝ առանց գիտնալու թէ դէպի ո՞ւր.
Երթալ հեռու ոստաններէն այս տըխուր,
Երթա՜լ խաւար գիշերին մէջ թաքթաքուր․․․

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ առանց ճրագի.
Երթա՜լ առանց սուգի, լացի, փափագի.
Երթա՜լ՝ առանց սովի, պապագի․․․

Երթալ՝ մարդոց կոյտին մէջէն լըռելեայն.
Օտար մընալ իրենց ցաւին, գիտութեան.
Երթա՜լ տգէտ, խուլ, համըր, կոյր յաւիտեան․․․

Չըգիտնալ որ հոս Իտէալը չիկայ․․․
Ուխտագնաց երթալ ափերն հեռակայ,
Դէպի ուղին Երջանկութեան մշտակայ․․․

Աննիւթանա՜լ, անրջանա՜լ, վըսեմ, վես.
Երթալ անցա՜յգ, անա՜յգ, երթալ վերջապէս
Աչքերը գոց՝ ցայգաշրջիկ խեղճին պէս․․․

Երթա՜լ՝ երթա՜լ չը ճանչնալ Մարդ ու Աստուած,
Զոյգ երթալ՝ քո՜յր ձեռքըդ ձեռքի մէջ դըրած
Անրջանքին ու Սիրոյն պէս Աքսորուած․․․

Կիլիկյան երգեր

 Ա.

Վրեժին սերմնացանը

Քե՛զ, ցասումի վայրագ հեղեղ գահավեժ,
Արդարության փայփայելի մո՜ւթ հըրեշ,
Խավարներու ահե՛ղ ծընունդըդ, Վրե՛ժ,
Ողջո՛ւյն, տաղե՜րս քեզի՛…

Մոխրի՜ն կուտամ սրտիս վերքերն ախտագին…
Ամենո՛ւն վերքն, անսահմա՜ն վերքը ազգին,
Արդարության ծարա՛վը, մա՛հն հավատքին,
Երգին ՝ տաղե՜րըս քեզի՛…

Ու ես կուգա՜մ.- Մութ շանթերու սերմնացան-
Այդ ակոսեն, ուր արյուններ լճացա՜ն,
Գիշերներով, չար հովերով, ցիրուցա՜ն,
Ցանել՝ տաղե՜րս քեզի…

Բաբե՜, եթե այս բազուկս կարևեր
Չը սորվեցավ զարնել… Գոնե անվեհեր
Ցանքես Մահու առաքյալնե՜ր, հսկանե՜ր
Կը ծնին ՝ տաղե՜րըս քեզի…

Բ.
Վերջին օրոր

Օրո՜ր, օրո՜ր… օրո՜ր ըսեմ՝ քնանաս,
Վիրավոր հորըդ ճիչերն ա՜լ չիմանաս,
Ծիծես ծըծածըդ թույն է… կաթ չի գիտնաս…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Արյուն հեղեղ հորդեց այս սուրբ ձորերե,
Բայց չի փախի՛ս, փարե՛ երկրիդ, զայն սիրե՛,
Հողիդ վրա գերի մ’ըլլար, այլ տիրե՛…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Հորըդ վըրա եթե անշո՜ւնչ չինկա ես,
Զի ուխտեցի՛ Հռոմի էգ գայլին պես
Նոր Ռոմուլոս մը դիեցնել ստինքես…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Բազուկներուս պարա՜ն, ոտքիս ալ կացի՜ն,
Ստինքիս զո՜ւյգ պտուկներն ալ կտրեցին։
Վերքես արյունս ծծե, որդյակ միածին…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։

Ահա կ’իյնամ… Հայաստանը մա՜յր քեզի,
Կտակ կուտամ այս կոտրած սուրն երկսայրի՝
Ուր հայրիկիդ դեռ տաք արյունը կ’այրի…
Օրո՜ր ըսեմ՝ քնանաս։ 

ԵՐՆԵ՜Կ, ՋՈ՜ՒՐ

Ո՞վ պիտի երգե քու անփառունակ
Կյանքիդ միամիտ տաղը, մատա՜ղ ջուր,
Որ լո՜ւյծ դայլայլի մը պես շարունակ
Կը փրփրիս, կ’երթաս դաշտերուն մեջ ուր՝
Դարե՜ր դարերով ե’րգդ է գոհունակ:

Ո՜վ պիտի պատմե վազքերդ մշտոլոր՝
Վայրի վարդերու երազանքն ի վար.
Ո՜վ պիտի ցույց տա փրփուրներուդ խոր,
Հև ի հև կյանքիդ իղձերն հոգևար,
Վետ-վետ սեզերու շոյանքն ալ բոլոր:

Լուռ անրջանքի պահուն ցայգային,
Ո՜վ պիտի պատմե խիճերուդ լեզուն,
ՈՒ հեքիաթունակ սերն ուռենիին,
Երբ մութ գիշերով իրեն աղազուն
Ոստերը, փաղչող հոգվույդ կը հայի’ն…

Միամի՜տ վտակ, դարերե ի դար
Դուն մամռոտ ճամբեդ կ’երթաս անմոլոր.
ՈՒ երբ կը մեռնին շուրջդ անմխիթար՝
Գարնայնի գույն-գույն ծաղիկներդ բոլոր,
Երկու քարի մեջ կ’երգես անդադար:

Երնե՜կ քեզ, վտա’կ, մեռնիլ չունիս դուն.
Արցունքե մարմինդ կը վարես անվերջ,
Գիշերներու մեջ միայնակ, արթուն,
Անսկիզբն, անվերջ, վտիտ փոսիդ մեջ
Կ’երգես, երնեկ, ջուր, վախճան չունիս դուն…

ՈՒ երբ այս տողերն մրոտող նիհար
Ձեռքեն օր մը լոկ պուտ մը հող ապրի,
ՈՒրիշ քերթող մ’ալ, ինձի չափ հիմար,
Պիտի գա հարկավ երգերըդ վայրի
Հանգի, չափի տակ առնելու համար:

Մինչև հավերժորեն կյանքո’տ, զվարթո՜ւն,
Պիտի կարկաչե քու ջուրըդ հարաշարժ՝
Հեգնելով արվեստն ու կյանքը մարդուն…
Ո՜վ անմահության ըստվեր գետնաքարշ.
Վտա’կ, երնե՜կ քեզ, մեռնիլ չունիս դուն:

Նյութը պատրաստեց թեմի լրատվության
բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը

 

Advertisements