ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


 Նախաբան

 

 «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմին են սպանում,

բայց հոգին սպանել չեն կարող»

(Մատթ. 10:28)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ավետարանական այս պատգամը խորհուրդն է Հայոց Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակի, որոնք, իրենց կյանքի ուղով նմանվելով Քրիստոսին, ընթացան խաչի երկար ճանապարհով` տեղահանությունների, սովի, ցավի տառապանքի և վերջապես զոհաբերության ճանապարհով` զոհաբերության «Վասն հաւատոյ, վասն հայրենիաց»:

Ո՛չ սոսկալի տանջանքները, ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ մահը նրանց փոշի և հող չդարձրեց, քանզի հոգին էր անպարտ հավիտենական: Հայի հոգին, որ անկոտրուն մնալով՝ վերահառնեց, վերընձյուղվեց ու անմահացավ և սերնդագործելով՝ հռչակեց իր հավերժությունը:

Նայեցե՛ք Մեծ եղեռնի դաժան ճանապարհներով անցած այս հայ մանուկի աչքերի խորքը. դառնացած, հոգնած, արհավիրքներ տեսած, արդարության կարոտ այս աչքերի խորքում անպարտելի հոգու առկայծումներ կան, հայի հոգու` խռովահույզ, բայց հաղթող ու հարություն առնող:

Շատ տարածված այս նկարում սեբաստացի Հովհաննես Ալեքսանդրյանն է (1902-1988թթ.): Մեծ եղեռնը վերապրած մի հայորդի, որի հուշերը «Վերածնունդ» խորագրով պիտի ներկայացնենք:

Հայոց մեծ ոդիսականի ականատեսի նկարագրություններով նա հոգեցունց տեղեկություններ է հաղորդում մեզ Մեծ եղեռնի որոշ դրվագների մասին, որ մինչև այժմ հայտնի չէին մեզ, ինչպես նաև հետաքրքրորեն ներկայացնում է հետեղեռնյան իր դեգերումներով, մաքառումներով ու արկածներով լի կյանքը, ինչն ամբողջական պատկեր է ստեղծում մեր գիտակցության մեջ հայի աննկարագրելի հոգեկերտվածքի և աստվածապարգև ստեղծարար ուժի վերաբերյալ:

Որոշ ժամանակ առաջ Փարիզում հանդիպեցի Հովհաննես Ալեքսանդրյանի բազմանդամ, հայրենասեր և եկեղեցասեր ընտանիքի անդամներին: Մեծ ակնածանքով նրանք ինձ փոխանցեցին Հովհաննես Ալեքսանդրյանի ձեռագիր հուշերը, որից հատվածներ ենք ներկայացնելու Ձեր ուշադրությանը:

Ձեռագրի վերծանումը, համակարգչային շարվածքն ու խմբագրումը կատարել է Վայոց ձորի թեմի լրատվության բաժնի պատասխանատու Սիրան Սարգսյանը:

Ավելացնեմ նաև, որ Սովետական Հայաստանում բազում փորձություններից ու հայրենանվեր գործեր կատարելուց հետո, ըստ հոր կտակի՝ Հովհաննես Ալեքսանդրայանը բնակություն է հաստատում Ֆրասիայում` Մարսել քաղաքում, որտեղից տարիներ հետո Հայաստանում  բնակվող իր սիրելի աղջկան` Թագուհի Հարությունյանին, պատգամում է`

Հովհաննես Ալեքսանդրյանը իր աղջկա՝ Թագուհի Հարությունյանի հետ

Հովհաննես Ալեքսանդրյանը իր աղջկա՝ Թագուհի Հարությունյանի հետ

Հավիտենական հիշատակն արդարոց, օրհնությամբ եղիցի:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան

Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ


Ա
ԼԵՔՍԱՆԴՐՅԱՆ ՏՈՀՄԻ ԾԱԳՈՒՄԸ

 

 Հորս մորաքրոջ տղան` Նազարեթ հորեղբայրը, որ միաժամանակ Ալեքսանդրյան ցեղից էր, պատմել է հետևյալ ավանդությունը Ալեքսանդրյան տոհմի ծագման մասին:

Մեր պապերից մեկին, հայտնի չէ, որ թվականին, Իզմիրից ցամաքային ճանապարհով ուղարկում են Անատոլիայի խորքերը: Հասնում է Կոզկաթ կոչված գյուղաքաղաքը:

Կոզկաթում աշխատանքի է ընդունվում Չափան օղլու կոչված թուրք կալվածատիրոջ մոտ, որպես կալվածքների կառավարիչ: Լինելով աշխատասեր և ձեռներեց մարդ` շուտով կալվածքների աշխատանքները դնում է լավ հիմքերի վրա և հասնում մեծ հաջողությունների: Չափան օղլուն մեր պապի կատարած աշխատանքից շատ գոհ է մնում և ցանկանում է իր կատարած ժրաջան ու բեղմնավոր աշխատանքի համար իրեն վարձատրել: Կանչում է իր մոտ և ասում. «Ինչով կարող եմ վարձահատույց լինել քո կատարած աշխատանքի համար»: Մեր պապը պատասխանում է. «Եթե Կյուրին կոչված քաղաքի մերձակայքում ձեզ պատկանող հողամասը ինձ տաք, շատ շնորհակալ կլինեմ»:

 Չափան օղլուն համաձայնում է և այդ հողամասը տալիս է մեր պապին: Վերջինս էլ այդ հողամասում կառուցում է իր բնակարանը և հաստատվում այդտեղ:

1915թ. Մեծ եղեռնի նախօրյակին Ալեքսանդրյանները Կյուրին քաղաքի մեր պապի այդ հողամասում մի լրիվ թաղամաս զբաղեցրած են լինում, որոնցից 1915թ. եղեռնից հետո ողջ ենք մնացել ես՝ Հովհաննես Ալեքսանդրյանս, քույրս` Պայծառը, և Նազարեթ հորեղբոր տղան` Մանուկն ու քույրը` Ժոզեֆինը:

 

Մեր ընտանիքը

 

Հայրս` Հարությունը, երիտասարդ հասակում գնում է Սեբաստիա, այնտեղ գործի հաջողություն է գտնում, հաստատվում և ամուսնանում է: Իր ընտանիքի անդամներին. այն է` ծնողներին, քրոջն ու փոքր եղբորը փոխադրում է իր մոտ` Սեբաստիա:

Ծնվել եմ 1902թ. Թուրքիայի Սեբաստիա քաղաքում: Եղեռնի նախօրյակին մեր ընտանիքը բաղկացած է եղել 7 անձից` հայրս` Հարությունը, մայրս` Ճահմենենտը, մեծ քույրս` Մարոն, եղբայրս` Կարոն, փոքր քույրերս` Պայծառը և Թագուհին և ես` Հովհաննեսս:

Հայրս մանրածախ առևտրական էր, մեծ եղբայրս` Կարոն,  7-ամյա ֆրանսիական դպրոցն ավարտելուց հետո հրաժարվեց սովորելուց, կոշկակարություն էր սովորում: Մեծ քույրս` Մարոն, նույնպես 7-ամյա կրթություն ստանալուց հետո տանը մորս օգնականն էր դարձել, իսկ ես ու երկու փոքր քույրերս սովորում էինք ֆրանսիական դպրոցում:

 Մինչև 1915թ. արևմտահայերի տնտեսական դրությունը Թուրքիայում

 

 Հայերի տնտեսական դրությունը Թուրքիայում առհասարակ վատ չէր: Չնայած անցյալ դարի 96թ.-ի հայերի ընդհանուր կոտորածին և կողոպուտին և 1909թ.-ին Ադանայի հայերի ջարդին և նրանից հետո մասնակի կողոպուտներին և սպանություններին՝ երկրի ամբողջ առևտուրը, արհեստները, բժշկությունը, փոխադրական միջոցները և այլն, համարյա հայերի ձեռքում էր: Կիրակիին՝ քրիստոնեական տոների օրերին, քաղաքների շուկաներում եռուզեռը դադարում էր, որովհետև հայերի բոլոր խանութներն ու արհեստանոցները փակ էին լինում:

Հայ գյուղացին նույնպես թուրք գյուղացուց ավելի լավ տնտեսական պայմաններ ուներ` շնորհիվ իր ստեղծագործ և ժրաջան աշխատանքի:

Սկսած մայրաքաղաք Պոլսից՝ վերջացրած ամենափոքր քաղաքից` համարյա ամենալավ տները պատկանում էին հայերին: Հայերն ունեին իրենց եկեղեցիներն ու դպրոցները, որոնց շնորհիվ էլ հայերն ավելի զարգացած և բարեկիրթ էին, քան թուրք ժողովուրդը: Այս բոլորը թուրք վերնախավի նախանձը գռգռում էր:

1914թ. սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:

Պատերազմն սկսելուց կարճ ժամանակ անց՝ 1914թ. օգոստոսին, Թուրքիան պատերազմ հայտարարեց նախ՝ Ռուսաստանին, հետո՝ Անգլիային և Ֆրանսիային:

Թուրքիայում հայտարարվեց ընդհանուր զորահավաք / Սէֆէր-պէյլիք/. 20-ից մինչև 45 տարեկան տղամարդիկ բանակ կանչվեցին, սկսեցին ամեն ինչ բռնագրավել բանակի կարիքների համար: Առաջին հերթին՝ հայ կառապանների ձիերը, հետո` վաճառականներից արդյունաբերական ապրանքները, սննդամթերքները` առանց հատուցման:

Այսպիսի անհուսալի պայմաններում էր արևմտյան հայությունը, երբ ամբողջ հայ երիտասարդությունը զորակոչվեց, ունևորները դրամական հատուցումով բանակից ազատվեցին, իսկ բացարձակ մեծամասնությունը, բացի մի քանի դասալիքներից, գտնվում էին բանակում, որոնց թրքական իշխանությունն անհավատարիմ տարհանում էր:

Իհարկե, այդպիսի պայմաններում հայերը չէին ցանկանում կռվել իրենց դարավոր թշնամու, ստրկացնողի հաշվին: Բացի այդ` դեռ շատ թարմ էր 1896թ. հայերի զանգվածային ջարդերի և 1909թ. Ադանայի հայերի կոտորածների հիշատակը: Ինչ խոսք, հայերը ցանկանում էին թուրքերի պարտությունը, այլ կերպ չէր կարելի սպասել, որովհետև թուրքերը դարեր շարունակ հայերին ջարդել, կողոպտել, առևանգել և ամեն տեսակ քաղաքական իրավունքներից զրկել էին: Հային համարում էին ստրուկ, անհավատ գյավուր, որ ապրելու իրավունք չունի: Իր անձը, կինը, երեխաները պատկանում են թուրքին: Ցանկացած պահին կարող է անպատիժ հափշտակել և սպանել: Հետևապես դարեր շարունակ կողք կողքի ապրող երկու ժողովուրդների այդպիսի հարաբերության դեպքում իրավազրկված ժողովուրդը, ինչ չափով կարող է օժանդակել իրեն ճնշողներին իրենց նեղ օրերին:

Այս բոլորի մեղավորը թուրք իշխանությունների, մտավորականների, մոլեռանդ կղերի, պրոպագանտի անհեռատես քաղաքակրթության հետևանքներն էին: Թուրքին դարձրել էին անհաշտ թշնամի հայի նկատմամբ: Երկու ժողովուրդների իրար հանդեպ ատելությունն այն աստիճանի է հասել, որ երկու կողմի ծնողները, իրենց չափահաս չդարձած, իրար նկատմամբ ատելություն էին սերմանում:

Բացի այդ` թուրք իշխանությունները կիսավայրենի քրդերին գրգռում էին հայերի դեմ: Քրդերը թուրքերից ավելի էին հայերին ատում և հալածում: Եթե չլինեին կիսավայրենի բարբարոս քրդերը, թուրք ժողովուրդը ի վիճակի չէր այդքան կարճ ժամանակամիջոցում 2 մլն հայերին բարբարոսաբար ոչնչացնել:

Համենայնդեպս, հակառակ վերև նշված իրադրության, թուրքական բանակում կռվեցին ազնվորեն: Թուրք իշխանությունները չկարողացան որևէ դավադրություն կամ խմբովի դասալիքություն արձանագրել հայ զինվորների նկատմամբ:

 Շարունակելի…

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements