Վայոց Ձորի թեմ

Հանդիսություն` նվիրված Նորավանքի ուխտի օրվան

Advertisements

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Քրիստոսի Հարության երրորդ կիրակին անվանում է Աշխարհամատրան՝ ի հիշատակ Երուսաղեմի առաջին եկեղեցու հիմնադրման: Այն անվանում են նաև Կանաչ կիրակի:

Այս տարի Կանաչ կիրակին տոնվեց ապրիլի 19-ին: Այդ օրը նաև Նորավանքի ուխտի օրն է:

Տոնի օրը Նորավանքում Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը մատուցեց Սբ. և Անմահ Պատարագ, որի ընթացքում Հայր Սուրբը ոգեշունչ քարոզով բացատրեց տոնի խորհուրդն ու նշանակություն:

Սբ. Պատարագի վերջում կատարվեց Անդաստանի կարգ՝ հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի:

Տոնակատարությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քհն. Սահակյանը, Նորավանքի հոգևոր հովիվներ Տեր Սահակ քհն. Մարտիրոսյանը ու Տ. Սեպուհ քհն. Հարությունյանը, թեմում նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Ներսես քհն. Արշակյանը,   մարզպետարանի պաշտոնեությունը, մարզային իշխանության անդամներ և բազմաթիվ ուխտավորներ:

Եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային հանդիսություն (այն կազմակերպել էր Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միությունը, պատասխանատու` Ա. Ստեփանյան)՝ նվիրված Նորավանքի ուխտի օրվան և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որն սկսվեց Թեմակալ Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպս. Մկրտչյանի օրհնության խոսքով:

Երիտասարդաց միության անդամները ներկայացրին Կանաչ կիրակիի խորհուրդը, Նորավանքի պատմությունը և Նորավանքի վանական համալիրի վերակառուցման պատմությունը:

Ժողովրդական հանդիսությանն իրենց անզուգական ելույթներով հանդես եկան N զորամասի զինծառայողներ Ասատուր Ֆրանգուլյանը և Համլետ Հարությունյանը, Եղեգնաձորի մանկական ստեղծագործական կենտրոնի «Հայք» պարի խումբը՝ ղեկավարությամբ Արմինե Սարգսյանի և Սիլվա Կարապետյանի, «Արենի» և «Ռինդ» պարի համույթները՝ ղեկավարությամբ Դավիթ Հովհաննիսյանի, Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցու մանկական երգչախումբը, Խաչիկի պարի խումբը` ղեկավարությամբ Բելլա Առաքելյանի, ինչպես նաև` անհատ կատարողներ Արթուր Կարապետյանը, Աստղիկ Սարդարյանը և Լուսինե Ստեփանյանը:

 Միջոցառման ավարտին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ գնալով՝ բոլորը միասնաբար պարեցին մեր ազգային «Քոչարին», որ խորհրդանշում էր մեր ազգի միասնություն ու հարատևությունը:

Միջոցառման ավարտին Նորավանք այցելած ուխտավորներին բաժանվեցին Կանաչ կիրակին խորհրդանշող կանաչ հավկիթներ և հարիսա:

Վերջում տեղի ունեցավ սիրո ճաշ:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս ողջ հանդիսության և սիրո ճաշի կազմակերպման ծախսերը հոգացել էր Նորավանքի բարերար, ազնվափայլ տիկին Դիանա Հաճեթյանը:

Թող բոլորի ուխտն Ամենակալ Աստված ի կատար ածի:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements