ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Եղեռնի նախանշանները

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

 1914թ.-ի օգոստոս ամսից  Թուրքիան կռվում էր Գերմանիայի կողքին: Ռուս-թուրքական ռազմաճակատում թրքական բանակը մի քանի ծանր պարտություն կրեց, հատկապես Սարիղամիշի ճակատամարտում, որը գլխավորում էր ռազմական նախարար Էնվեր փաշան: Էնվերն այդ կռվում հազիվ է փրկվում գերի ընկնելուց: Մի հայ սպայի՝ Սեբաստիայի Ակինյան Մարտիրոսի օգնությամբ, որին, որպես «երախտագիտություն», գնդակահարել է տալիս Կարինում:

Այդ նշանավոր պարտությունից հետո Էնվեր կոչեցյալը՝ մարդանման բորենին, Սեբաստիայի ճանապարհով Պոլիս վերադառնալիս ճանապարհին հանդիպած քաղաքների նահանգապետերին գաղտնի հրահանգավորում է հայերի զանգվածային բնաջնջման միջոցների մասին: Մոտենում էր 1915 թ.-ի ապրիլի 24-ը: Հայ ժողովրդի ահավոր սև օրը: Նախապես պատրաստվում է հայերի զանգվածային բնաջնջման, պլանավորված զարհուրելի, դիվային ծրագիրը: Իր բոլոր մանրամասնություններով այդ կապակցությամբ ամբողջ Թուրքիայի քաղաքների թաղապետներին, գյուղերի գյուղապետերին ուղարկվում են գաղտնի գրություններ: Փակ ծրարների մեջ կարգադրվում է ծրարները բաց չանել մինչև այդ մասին հատուկ հրահանգ չլինի: Այդ գաղտնի գրություններով հրամայվում է թաղապետերին և գյուղապետերին օգնել ոստիկանությանն իրենց թաղում, գյուղում բնակվող բոլոր հայերին անխտիր` հիվանդ, ծեր, երեխա տեղահանելու գործին և հսկողություն սահմանել, որ ոչ մի ընտանիք կամ անհատ չմնա: Այն թուրք բնակիչները, որոնք կհամարձակվեն իրենց մոտ հայ պահել, հայտնաբերվելու դեպքում իր պահած հայի հետ կախաղան կբարձրացվեն իր դռան առաջ՝ առանց դատի: Սկսեցին հայերին փորձել. Նախ՝ Սեբաստիա քաղաքի ֆին. բաժնի պետ (Սանտղ Էմինի) Պարույր Պողոսյանին խնջույքի հրավիրեցին և դավադրաբար սպանեցին:

Չանցավ 2 ամիս Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից Մշո շրջանի համար Պոլսից ուղարկված եպիսկոպոսը, որ Սեբաստիայից պետք է անցներ, նահանգապետ Մուանվերի ցուցմունքով կազմվում է զինված մի ջոկատ, որը հետևում է եպիսկոպոսի կառքին:  Մի վայրում հարձակվում են ու սպանում եպիսկոպոսին: Հայ կառապանին այս կատարված ոճրագործությունների համար ոչ ոք չի համարձակվում բողոքել և հետաքննություն պահանջել:

Միաժամանակ հայերից պահանջեցին հանձնել իրենց ունեցած զենքերը: Մարդկանց կանչում էին ոստիկանատուն, պարտադրում զենքերը հանձնել: Մեկից պահանջում էին մոսին հրացան, մյուսից՝ 10 հարվածանի մավզեր: Չունեցողները թուրքերից կրկնակի արժեքով վերցնում, տանում, հանձնում: Այդպիսի միջոցներով բռնագրաված զենքերի վրա մի քիչ էլ իրեն կավելացնի գնդացիր և հրանոթ, նկարեցին և, որպես ըմբոստության իրեղեն ապացույց, ցուցադրեցին:

Սարսափը ընկել էր ժողովուրդի մեջ. ո՞ւր են այն պոռոտախոսները, որ ժողովրդին հանձնարարում էին շապիկը ծախել զենք առնել:

Այդ օրերին Սեբաստիա նահանգի Կյուրին քաղաքից 12 հայ երիտասարդ տղաներին ձերբակալել էին որպես դասլիքներ: Հայ կրոնավոր առաջնորդի միջնորդությամբ բերեցին Սեբասիա՝ դատելու: Մի առավոտ բոլորին կախաղան էին բարձրացրել` առանց դատի:

Այդ դեպքից մի քանի օր հետո ձերբակալեցին Սեբաստիա քաղաքի Հնչակյան կուսակցության գլխավոր ղեկավարներին: Մի քանի օր բանտում պահելուց հետո աքսորելու պատրվակով քաղաքից դուրս հանեցին ու գազանաբար բոլորին սպանեցին: Հայերն այս գազանային ոճրագործությունը նույնպես տարան` առանց բողոքի: Դեռ հայերին չտեղահանած` 1914թ. ձմռան ընթացքում Սեբաստիա բերեցին ռուս ռազմագերիներին: Նրանց ուղղակի տարան բաղնիք, հետո գերիների համար հատկացված ցուրտ բնակարաններում տեղավորեցին` առանց անկողին կամ տաքացման միջոցների, որի հետևանքով տիֆով հիվանդացան և մահացան: Հայերի տեղահանման նախօրյակին այդ ռուս ռազմագերիների սպաներին անհայտացրին և հայերին մեղադրեցին, որ իբր հայերն են կազմակերպել նրանց  փախուստը:

Բանակի համար հաց պատրաստող հայ հացի փռի տերերին մեղադրեցին, որպես թե՝ հացի մեջ թույն են խառնել: Թուրք զինվորներին թունավորելու և կարծեցյալ հանցավորներին ձերբակալեցին և, առանց դատ-դատաստանի, մահապատժի ենթարկեցին:

Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյան
ի:

Advertisements