Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարերի օրհնություն Վայոց ձորի մարզում


Վայքում

Ապրիլի 22-ին Վայք քաղաքում, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանի, Տեր Ներսես քհն. Արշակյանի, կատարվեց Հայոց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի օրհնությունը:

Խաչքար-հուշարձանի կառուցումը նախաձեռնել էր Վայքի քաղաքապետարանը` քաղաքապետ Արագած Սաղաթելյանի գլխավորությամբ:

 Խաչքարի մոտ Մեծ եղեռնի զոհերին նվիրված միջոցառում էին կազմակերպել քաղաքի ավագ դպրոցի սաները:

Օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա ելույթ ունեցավ հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ Դավիթ Մինասյանը:

Վայոց ձորի մարզի մարզպետարանի և Վայքի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նույն օրը Վայքի մշակույթի տանը տեղի ունեցավ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված մշակութային լայնածավալ միջոցառում: Մշակույթի տան նախասրահում բացվել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:

Միջոցառման սկզբում օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը,ապա սկսվեց միջոցառումը, որի ընթացքում սցենարային գեղեցիկ մեկնաբանություններով ու թեմատիկ կինոներկայացմամբ` ընդմիջումներով հանդես եկան Վայք քաղաքի մշակութային զանազան խմբեր:

Վերջում միջոցառման կազմակերպիչները, դիմելով 10 մլն աշխարհասփյուռ հայությանը, հանդես եկան երդման կոչով, ինչը թղթերի վրա գրված ներկաներին նախապես բաժանել էին պատանի երկրապահները:

Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարերի օրհնություն Վայոց ձորի մարզում

 

 

 Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Զեդեայում

Ապրիլի 22-ին Վայոց ձորի մարզի Զեդեա համայնքում,  հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանի, Տեր Ներսես քհն. Արշակյանի, կատարվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի և Արցախյան հերոսամարտում  զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքարի օրհնությունը:

Խաչքարի կառուցումը նախաձեռնել էր համայնքապետարանը` համայնքապետ Սուրիկ Սարգսյանի գլխավորությամբ:

Մեծ եղեռնի զոհերին նվիրված միջոցառում էին կազմակերպել գյուղի դպրոցականները:

Օրհնության խոսքով հանդես եկավ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա ելույթ ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, համայնքապետ Սուրիկ Սարգսյանը, ուսուցիչներ ու համայնքի անդամներ:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Ռինդում

Ապրիլի 23-ին Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում Մեծ եղեռնի նահատակների և Արցախյան հերոսամարտի զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքարերի օրհնության կարգ կատարեց թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Մեծ եղեռնին նվիրված խաչքարը քանդակել էին Ռինդ համայնքի անդամներ, քանդակագործներ Տիգրան ու Վարազդատ Ասատրյանները և Արթուր Անտոնյանը:  Նրանք այս կոթողային գործը նվիրեցին համայնքին, իսկ Արցախի հերոսամարտին նվիրված հուշաքարի կառուցումը նախաձեռնել էր համայնքապետ Հուսիկ Սահակյանը:

Խաչքարերի օրհնությունից հետո համայնքապետարանը մշակութային ծրագիր ներկայացրեց, որին մասնակցում էին նաև պատանի երկրապահները:

Օրհնության խոսքով հանդես եկավ Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա ելույթ ունեցան ՀՀ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, համայնքապետ Հուսիկ Սահակյանը և այլ անձինք:

Համայնքապետ Հուսիկ Սահակյանը, քանդակագործ Տիգրան Ասատրյանը և համայնքի այլ անդամներ պարգևատրվեցին Երկրապահ կամավորականի շքանշաններով ու պատվոգրերով, որոնք հանձնեց մարզպետ Հ. Սարգսյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Գետափում

Ապրիլի 23-ին Վայոց ձորի մարզի Գետափ համայնքում Հայոց Մեծ եղեռնի սուրբ նահատակների հիշատակին կանգնեցվեց խաչ, որի կառուցումը նախաձեռնել էր Գենադի Սահակյանը և Ալիկ Ասատրյանը:

Խաչքարի օրհնության կարգը կատարեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ապա հանդես եկավ օրհնության խոսքով:

Այնուհետև ելույթ ունեցան ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, համայնքապետ Գագիկ Ալոյանը, ուսուցիչներ ու համայնքի անդամներ:

Գետափի մշակույթի տունը կազմակերպել էր Մեծ եղեռնի զոհերին հիշատակին նվիրված միջոցառում: Լսելով <<Եղեռն>> բառը՝ սարսափում եմ, դողում, քանի որ այն իր մեջ ընդգրկում է մահ, սարսափ կոտորած ու ոճրագործություն: Ցավի հիշողություններից մինչև հիշողության ցավը: Ցավի հիշողություններ, որոնք հանգիստ չեն տալիս: Ապրիլը հայի հիշողության մեջ մնում է որպես ցավի հիշողության ամիս: Չեն ջնջվում պատմության մեջ դրոշմված արյունագիր փաստերը: Ապրիլյան պարզ ու տաք օր, և ինչ եղավ…Երիտթուրքերը կոտորեցին, անխնա սպանեցին մեկ ու կես միլիոն հայի: Կյանքը սարսափ դարձավ մեկ ու կես միլիոն հայի համար: Խաղ էր կարծես սպանեցին, հաղթեցին,գնացին: Մի մոռացեք, ով շատ է ուզում հաղթել, ի վերջո հաղթում է, հաղթանակը չէ հիմա մեր նպատակը: Վրե՜ժ, վրեժ ենք ուզում լուծել թուրքից: Գալիս են գնում ապրիլները, և էլ երբեք, երբեք չի լինի 1915 թվականի ապրիլը:

Արդեն 100 տարի սարսափով է հայը գլուխը բարձին դնում: Մենք լուծելու ենք մեր պապերի վրեժը: Հոգիներ, որոնք կորան անմոռաց օրերի մեջ, որքա՜ն երազանքներ, որոնք անհետ անցան: Պարտք է մեզ թուրքը, պարտք է մեկ ու կես միլիոն կյանք: Միլիոն ու կես ժպիտ վերացավ կարծես: Միլիոն ու կես աղոթք էլ երկինք չի բարձրանա: Պետք է ապրել, պետք է անմահացնել նրանց հիշատակը հենց մեր գոյությամբ: Այլևս երբեք ցեղասպանություն թույլ չենք տա: Այսժամ թուրքը ննջում է հանգիստ, իսկ հայը տառապում, սգում է անցյալը: ՈՒր ենք գնում՝ Եղեռնը մեր ուսերին շալակած: Սպանեցիք, կոտորեցիք ոչ միայն մարդկանց, այլև ավերեցիք վանքերը, քաղաքները, հուշարձանները մեր:

Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին  կանգնեցված խաչի օրհնություն  Գետափ համայնքում

Հանգիստ եղեք, թուրքն իր պատիժը երկնքում կստանա: Իսկ հիմա երեք միլիոն հայ կանգնում է թուրքի առաջ և ասում՝ հիշում եմ և պահանջում:

Հեղինակ ՝ Դիանա Սահակյան

Ջերմուկում

Ապրիլի 24-ին Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում հոգևոր հովիվ  Տեր Գալուստ քհն.  Սահակյանը մատուցեց Սուրբ և Անմահ  Պատարագ, որից հետո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության` այլևս միլիոն ու կես  սրբերի հիշատակման արարողության կարգը:

Սրբ. Պատարագին ներկա էին Ջերմուկ քաղաքի քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը, Ջերմուկ քաղաքի մեծ  բարերար Սերգեյ Մովսիսյանը, որոնց ջանքերի  ու մեծ կամքի շնորհիվ այսօր ջերմուկցիներն էլ ունեցան այն վայրը, ուր ամեն տարի այս օրը պիտի գնան ու իրենց հարգանքի տուրքը մատուցեն Ցեղասպանության նահատակների հիշատակին:

Ապրիլի 24-ին Սրբ. Գայանե եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը յուրաքանչյուր քաղաք մտնող հային պիտի հիշեցնի 1915թ. ու նրանց մեջ արթնացնի արդարության հասնելու ձայնը:

Տեր Գալուստ քհն. Սահակյանը կատարեց խաչքարի օրհնության կարգ, ապա իր կոչն ուղղեց ողջ հայությանը.<< Թեև անցել է 100 տարի այդ սև օրերից, ու թեկուզ  անցնի  1000 տարի էլ, պիտի չմոռանանք և պիտի ոգեկոչենք մեր նահատակներին: Մեր համախմբվածությամբ, պահանջատիրությամբ ու մեծ հավատքի շնորհիվ պիտի ստիպենք թշնամուն ապաշխարել և հատուցել>>:

Խաչքարի բացմանն իրենց խոսքով հանդես եկան մանկավարժներ, հյուրեր և Ջերմուկի քաղաքացիներ,
Պատանի երկրապահները, եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև Երիտասարդական կենտրոնի անդամները, որոնց արտասանած Պարույր Սևակի խոսքերը.

<< Գարուն էր: Չեկած ամառ`

Փուլ եկավ երկնակամար,

Ձյուն մաղեց մեր բաց գլխին,

Ձյուն մաղեց` կրակի՜ պես…

-Գարուն ա, ձուն ա արել… >>

ասես միձուլվեցին երկնքի հետ և կատարվեց մարգարեության պես:

Այնուհետև բոլոր ներկաները ծաղիկներ  դրեցին Ցեղասպանության  նահատակների հուշաքարին:

Եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ ներկաները 100 ծառ տնկեցին եկեղեցու բակում` խոստանալով մշակել իրենց իսկ տնկած ծառերը:

 

                                                        Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միություն

Հերմոնում

Ապրիլի 23-ին Հերմոն համայնքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանն օրհնեց Հայոց ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված խաչը, որի կառուցումը նախաձեռնել էր Հերմոն համայնքի դպրոցի տնօրեն Ժորա Խաչատրյանը:

Ներկա էին համայնքապետ Գայ Օհանյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ ու համայնքի բնակիչներ:

1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում էին կազմակերպել դպրոցի աշակերտները, որի ավարտին Տեր Վազգենն իր օրհնության խոսքը հղեց ներկաներին՝ շեշտելով հայի անկոտրուն ուժի մասին, որ հայը միշտ իր մեջ ուժ է գտնում վերապրելու և անգամ փոքրիկ խաղաղությունն օգտագործում է ստեղծագործ կյանքով ապրելու համար:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Մալիշկայում

Ապրիլի 24-ին Մալիշկա համայնքի Սուրբ Աննա եկեղեցու բակում, հանդիսապետությամբ  Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, օրհնվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը:

Խաչքարի կառուցումը նախաձեռնել էր Մալիշկայի համայնքապետարանը՝ գլխավորությամբ Մհեր Մովսիսյանի:

Խաչքարի հեղինակն է Մալիշկայի բնակիչ, քանդակագործ Արամ Բաբայանը:

Խաչքարի օրհնությունից հետո օրհնության խոսքով հանդես եկավ Հայր Սուրբը, ապա խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը և համայնքապետ
Մհեր Մովսիսյանը:

Մալիշկա համայնքի աշակերտները Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում էին կազմակերպել, որին ներկա էին համայնքապետ Մ. Մովսիսյանը, համայնքի բնակիչներ, ուսուցիչներ, աշակերտներ:

Վերջում տեղի ունեցավ մոմավառություն և միասնական աղոթք՝ ի հիշատակ 1915թ. Մեծ եղեռնի նահատակների:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements