Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում


Ապրիլի 23-ին Ջերմուկի Ս. Գայանե եկեղեցում Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գալուստ քհն. Սահակյանը կատարեց Ցեղասպանության  միլիոն ու կես անմեղ զոհերի սրբադասման արարողությունը:

Եկեղեցում հնչեց 100 զանգ՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին, ապա ներկա հավատացյալները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը և ունեցան անհատական աղոթք նրանց հոգիների հանգստության համար:

Տեր Գալուստ քհն. Սահակյանը պատվիրեց, որպեսզի ոչ մի վայրկյան չմոռանանք 1915 թվականը, և պահանջատեր լինենք, մեր մեջ ունենալով այն համոզումը, որ մեր եկեղեցին հաղթանակած եկեղեցի է, ինչի վառ ապացույցն են մեր նահատակները, ովքեր զոհվեցին իրենց հաստատուն հավատքի, հայ լինելու համար: Սակայն այսօր պիտի մենք էլ հաստատուն լինենք մեր հավատքի մեջ և արժանի լինենք այն կոչմանը, որ կոչվում է «հայ », և դրանցով էլ հասնենք արդարության հաստատման:

Այսուհետ ապրիլի 24-ին Ցեղասպանության  նահատակների համար ո՛չ թե Հոգեհանգստի կարգ կկատարվի, այլ հիշատակման արարողություն, ինչպես Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու մյուս սրբերի դեպքում, ո՛չ թե պիտի ողբանք նրանց կորուստը, այլ խնդրենք նրանց բարեխոսությունը:

Մենք բոլորս երջանիկ ենք այնքանով, որ ականատեսն ենք պատմական այս իրադարձությանը: Այս ամենով ոչ թե պիտի մոռանանք այն, ինչ եղել է մեր ժողովրդի հետ 100 տարի առաջ, այլ պիտի հիշենք և պահանջենք այն, ինչն իմն է և յուրաքնչյուր հայինս է` դեռևս գերության մեջ մեր Էրգիրը:

Սրբադասման արարողությանը Ս. Գայանե եկեղեցում ներկա էին  տեղական ինքնակառավարման մարմինները. քաղաքապետ  Վ. Հովհաննիսյանը  և այլք:                                                

 

                                                        Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միություն

Advertisements