Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների  ոգեկոչման արարողություններ Վայոց ձորում


Ապրիլի 23-ին մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակին նվիրված հուշ-երեկո, որը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի, մարզպետարանի, Եղեգնաձորի ավագ դպրոցի և Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնի կողմից:

Հուշ-երեկոյին ներկա էին Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և այլ պաշտոնյաներ, ուսուցիչներ, ուսանողներ, աշակերտներ:

Սկզբում ներկաներն ուղիղ եթեր միացումով դիտեցին Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, ապա Թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը բարձրացավ բեմ և դիմելով ներկաներին՝ ոտքի կանգնել և մեկ րոպե լռությամբ հարգել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այդ ընթացքում բոլոր վայրերի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զանգերը ղողանջեցին՝ ի հիշատակ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի: 100 զարկերով ղողանջեցին նաև Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիների զանգերը:

Այնուհետև Հայր Սուրբը հանդես եկավ օրհնության խոսքով, ապա Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի հետ նահատակների հիշատակի արարողակարգ կատարեցին, որի ավարտին սկսվեց միջոցառումը:

Մասնակից աշակերտներն իրենց գեղեցիկ ելույթներով ներկայացրին Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստեր:

Նրանք բարձր պատրաստակամությամբ ներկայացան նեկաներին: Փորձեցին անել առավելագույնը՝ ներկաներին հաղորդելու այն մեծ ցավը, որը տասնամյակներ շարունակ խոցել ու խոցում է ողջ հայության սիրտը:

Երաժշտական կատարումներով հանդես եկավ Արթուր Կարապետյանը, իսկ միջացառումն ավարտվեց ժողովրդական պարերով:

Այնուհետև գլխավորությամբ  Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի՝ ջահերով, Հայաստանի Հանրապետության դրոշներով, պաստառներով երիտասարդների հոծ խումբ երթով գնացին Եղեգնաձորի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, ուր Տերունական աղոթքից հետո հնչեցին ՀՀ հիմնը, շարականներ: Տեր Վազգենը խոսքով հանդես եկավ, ապա հուշարձանի բլուրից իջնելով՝ երթի մասնակիցները եկան Սբ. Աստվածածին եկեղեցի, ուր տեղի ունեցավ Խոկման արարողություն:

Այսօր՝  ապրիլի 24-ին, Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ  Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:  Հայր Սուրբը «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմին են սպանում,բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10:28) բնաբանով  հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սբ. Պատարագին ներկա էին ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների և համայնքների ղեկավարներ, պետական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ  Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանի:

Սբ. Պատարագից հետո եկեղեցում ներկաները գնացին Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցին հարակից հրապարակը, ուր թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը խոսքով հանդես եկավ, ապա կատարվեց Սրբոց նահատակաց հիշատակի արարողակարգը, որի ավարտին խաչի թափորով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար՝ ծաղիներ խոնարհելու և պսակադրություն կատարելու: 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

 

Advertisements