ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


1915թ. ապրիլի 24

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Իրողությունից անտեղյակ 1915թ. ապրիլի 24-ի առավոտյան, ըստ սովորականի, գնացի շուկա (Դպրոց չէի գնում, որովհետև այն փակվել էր պատերազմի սկզբին)՝ հորս խանութը բացելու:

Հազիվ հասել էի շուկա այդ պահին տեսնում եմ 8-10 հայերից բաղկացած մի խումբ, շրջապատված սվինավոր ոստիկաններով, տանում են,  քիչ այն կողմ՝ մի ուրիշ խումբ և հաջորդաբար: Բայց ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, հասնում եմ մեր խանութի փողոցը, տեսնում եմ հայերի խանութները փակ են՝ բացի մի թուրքի խանութից: Այդ երևույթը նույնպես ինձ չի սթափեցնում: Խանութը բացում եմ, քիչ հետո գալիս է մեր խանութի հարևան Բողենց–Թադևոսը, գունատ ու սարսափահար ինձ հարցնում է, թե՝ ի՞նչ է կատարվում: Հազիվ մի քանի նախադասություն էինք փոխանակել. այդ պահին, չգիտես որտեղից հայտնվեց, մի ոստիկան՝ երկու ժանդարմների ընկերակցությամբ, և Թադևոսին առաջարկեցին իրենց հետևել մինչև ոստիկանություն:

Արդեն ինձ համար պարզ դարձավ դրության ահավորությունը: Անմիջապես խանութը փակեցի, գնացի եղբորս աշխատած կոշկակարի խանութը, պատվիրեցի՝ գնա շտապ եկեղեցի, եթե հայրիկը այնտեղից չի հեռացել, պատվիրի, որ դուրս չգա, և շուկայի դրությունը պատմի, իսկ ինքն էլ գնա տուն, եթե տանն է, չթողնի, որ տնից դուրս գա:

Այսպիսի զանգվածային ձերբակալություններ կատարվել է նույն օրը` ապրիլի 24-ին, Թուրքիայի բոլոր քաղաքներում, գյուղերում, որտեղ ապրելիս են եղել հայերը: Այսպիսով մի օրվա ընթացքում գրեթե ամբողջ Թուրքիայում բնակվող հայ տղամարդկանց բացարձակ մեծամասնությունը նախապես պատրաստված բանտերը լցրին և այնտեղից էլ գիշերները խումբ-խումբ քաղաքից, գյուղից դուրս տարան ու անխնա բոլորին կոտորեցին:

Այդ օրն ամբողջ ընթացքում ձերբակալությունները շարունակվեցին. քաղաքի հայ տղամարդկանց բացարձակ մեծամասնությունը ձերբակալվեց, իսկ այն հանրածանոթ տղամարդիկ, որոնք մի կերպ խուսափել էին այդ օրը ձերբակալվելուց, հաջորդ օրերին տներից կալանավորեցին, ոչ ոք ընդդիմություն ցույց չի տվել:

Այդ ահավոր օրերին քաղաքի հայությունն ապրում էր ահ ու սարսափի մեջ, ողբում էին իրենց հարազատների ձերբակալման և անորոշ դրության մասին, չգիտեին՝ ի՞նչ անեին, ո՞ւմ դիմեին, չկար կազմակերպված մի ղեկավարություն, որը կարողանար կողմնորոշվել և ժողովրդին ինքնապաշտպանության առաջնորդեր:

Հայրս մի քանի օր առաջնորդարանում մնալուց հետո վերադարձավ:

Այդ սև օրերից մի առավոտ Ստեփան քեռիս ինձ ու իր որդուն` Համբարձումին, դրամ տվեց և պատվիրեց գնանք պալատ մի գառնուկ գնենք, չմահացած մի գառ ուտենք: Գնացինք շուկա, ուր բոլոր խանութները փակ էին` բացի հատ ու կենտ թուրքերի խանութներից: Շուկայում ամայություն էր տիրում, ուր էր այն մարդաշատ շուկան՝ իր գնորդներով, վաճառողներով, կարծես՝ մի ահավոր ավերիչ ձեռք մի քանի օրվա ընթացքում ամայացրել էր մարդաշատ շուկան, կարծես մահվան ուրվականն իր ահավոր թևերը տարածել էր շուկայի ու ամբողջ քաղաքի վրա: Պատանիներ էինք, ուստի այդ ահազդու տեսարանը այն ժամանակ մեզ վրա այնքան մեծ տպավորություն չգործեց:

Շուկայում մեր փնտրածը չգտանք, ուստի գնացինք սպանդանոց, այստեղ նույնպես ամայություն. միայն երկու թուրք ոչխար էին մորթել, մաշկահան էին անում, իսկ քիչ այն կողմ` աթոռի վրա նստած, թուրք ղասապ մուշտապախը դիտում էր՝ ինչպես էին մաշկահան անում ոչխարին, տեսավ, որ չեն կարողանում գործից գլուխ հանել մուշտապախը տեղից վեր կացավ, գնաց նրանց մոտ, դանակը ձեռքից վերցրեց և սկսեց ինքը մաշկահան անել և բացատրել, թե ինչ տեսակ դանակ է բռնում, որտեղից սկսում մաշկահան անել, և ավելացրեց այլևս /գյավուրներ/ հայեր չկան այս աշխատանքները մենք ինքներս պիտի կատարենք, ուստի հարկավոր է շուտ սովորել: Թուրքի այդ արտահայտությունը, թե՝ այլևս հայեր չկան, մեր տրամադրությունը գցեց, և մենք այլևս, առանց դես ու դեն նայելու, վերադարձանք տուն և տեսածներս ու  լսածներս պատմեցինք մեր ծնողներին: Այն, ինչ լսեցինք սպանդանոցում թուրքից, թե` այլևս հայեր չկան, դա ամբողջ արևմտահայության ոչնչացման դատավճիռն էր:

Արամյան դպրոցի տեսուչ Կրդոտյանը

 

Մի ուրիշ դեպք ևս, որ տեղի է ունեցել այդ ահավոր օրերին: Սեբաստիայի Արամյան դպրոցի տեսուչ Կրդոտյանի գլխավորությամբ Սանասարյան ճեմարանի սաներից մոտ 20 երիտասարդներ, որոնց թվում՝ Ճհինյան հանրածանոթ ընտանիքի դուստր Խանումը և Հարութճան անունով մի երիտասարդ, հաջողեցնում են, առանց նկատվելու, քաղաքից դուրս գալ: Առաջին գիշերը հասնում են Փաշին Ֆատրիքան և ալրաղաց գործարանից մի քիչ հեռու քարադրում պատսպարվում են:

Առավոտյան Կրդոտյանն ու Հարութճանը քարայրից իջնում են գետակում լվացվելու, մինչ այդ թուրք մի հովիվ նկատում է, որ քարայրում ինչ-որ անծանոթ մարդիկ ել ու մուտ են կատարում: Գնում է ֆաբրիկա, այնտեղ գտնվող ժանդարմի հրամանատարին հայտնում և հրամանատարը իր վաշտին շարժման մեջ է դնում, հասնում նշված վայրը և քարայրը պաշարում է Կրդոտյանը, և Հարութճանը տեսնում է, որ քարայրը պաշարվեց, հնարավորություն չկա, առանց նկատվելու, քարայր վերադառնալ, թաքնվում են գետափի եղեգնուտներում: Կռիվն սկսվում է. կռվի անփորձ, խեղճ տղաները մեկը մյուսի հետևից զոհվում են, զոհվում է նաև Ճահինյանների դուստրը:

Ահա թե ինչ ասել է ռազմական գործից անտեղյակ լինելը. նախ քարայրում մինչև լուսանալը չպիտի մնային 2-3 ժամ հանգստանալուց հետո: Չլուսացած պետք է գնային մի ամայի, ապահով տեղ և այդպես ցերեկները թաքնվեին, գիշերները գնային մինչև տեղ հասնելը: Երկրորդ սխալը. լուսանալուց հետո քարայրից ոչ ոք դուրս չպիտի գար, պետք է խիստ կերպով թաքնված մնային մինչև օրը մթներ և վերջապես՝ Կրդոտյանն ու Հարութճանը, երբ դուրս եկան, գոնե զենքերը միասին վերցնեին: Երևի կարծել են, որ զբոսանքի են գնացել:

Երբ ամեն ինչ վերջանում է, կռվի դաշտը դատարկվում է մարդկանցից, ողջ մնացած, տարաբախտ երկու ընկերները որոշում են գիշերը գնալ քաղաք՝  իրենց համար նոր զենք ճարել և մի կերպ հասնել Թեճերի լեռը, Մուրադին միանալ: Կրդոտյանը գնում է Դավռա գյուղը՝ իր ծննդավայրը, իսկ Հարութճանը՝ քաղաք, որոշում են հաջորդ գիշերը միևնույն տեղում իրար հանդիպել: Հաջորդ գիշերը Հարութճանը գալիս է ժամադրավայր, Կրդոտյանը չկա, սպասում է 2-3 ժամ, Կրդոտյան չկա, հուսահատված Հարութճանը գնում է մենակ: Մի շարք արկածներից, դժվարություններից հետո հասնում է Թեճերի լեռը և միանում է Մուրադին:

Կրդոտյանը ինչո՞ւ չկարողացավ ժամադրությունը հարգել, որովհետև, երբ հասնում է գյուղ, այնտեղ թրքական զինվորները են լինում: Մի կերպ, առանց նկատվելու, իրեն գցում է մի դարմանանոց, որտեղից էլ տանտիրոջ հետ հարաբերության մեջ է մտնում, խնդրում է իրեն մի զենք գտնել մինչև մի տասնյակ մավզեր՝ 50 փամփուշտով կճարի: Երբ բերում են, արդեն լուսացած է լինում:

Մի կերպ գնում է և հասնում է ժամադրավայրը, բայց Հարութճանին չի գտնում: Բավական սպասելուց հետո տեսնում է, որ Հարութճանը չկա, վերադառնում է գյուղ, թաքնվում ուրիշ մի դարմանանոցում: Քիչ հետո 2 թուրք զինվորներ մտնում են դարմանանոց՝ իրենց ձիերին դարման վերցնելու: Կրդոտյանը, վախենալով, որ իրեն կնկատեն, երկուսին էլ գնդակահարում է, փախչում և մտնում է 2 հարկանի անբնակ մի տուն, այդտեղ էլ սկսվում է կռիվը:

Այդ դեպքի մասին հեռախոսով հայտնում են քաղաքի կուսակալին, որը, կարծելով, որ գործը մի մեծ խմբի հետ է, հրամայում է մի վաշտ զինվոր դաշտային հրանոթով օգնության հասնել, բայց դրա կարիքը չի լինում: Մինչ այդ տունը հրկիզում են և Կրդոտյանը ստիպված տնից դուրս է գալիս, փախչում և հանդիպում երկու զինվորի, որոնց կարողանում է խաբել և ինքն էլ զոհվում է:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային

շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements