Մեծ եղեռնի նահատակների հիշատակի Սրբ. Պատարագ Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում


                                                                                         «Իսկ եթէ նախատիցի՛ք ևս վասն

անուանն Քրիստոսի, երանելի՛ էք, զի

Աստուծոյ Հոգին ի վերայ ձեր հանգուցեալ է»

(Ա Պետ. Դ 14)

Ապրիլի 24-ին Ջերմուկի Սրբ. Գայանե եկեղեցում հոգևոր հովիվ  Տեր Գալուստ քհն.  Սահակյանը մատուցեց Սուրբ և Անմահ  Պատարագ, որից հետո տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության` այլևս միլիոն ու կես  սրբերի հիշատակման արարողության կարգը:

Սրբ. Պատարագին ներկա էին Ջերմուկ քաղաքի քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը, Ջերմուկ քաղաքի մեծ  բարերար Սերգեյ Մովսիսյանը, որոնց ջանքերի  ու մեծ կամքի շնորհիվ այսօր ջերմուկցիներն էլ ունեցան այն վայրը, ուր ամեն տարի այս օրը պիտի գնան ու իրենց հարգանքի տուրքը մատուցեն Ցեղասպանության նահատակների հիշատակին:

Ապրիլի 24-ին Սրբ. Գայանե եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը յուրաքանչյուր քաղաք մտնող հային պիտի հիշեցնի 1915թ. ու նրանց մեջ արթնացնի արդարության հասնելու ձայնը:

Տեր Գալուստ քհն. Սահակյանը կատարեց խաչքարի օրհնության կարգ, ապա իր կոչն ուղղեց ողջ հայությանը.<< Թեև անցել է 100 տարի այդ սև օրերից, ու թեկուզ  անցնի  1000 տարի էլ, պիտի չմոռանանք և պիտի ոգեկոչենք մեր նահատակներին: Մեր համախմբվածությամբ, պահանջատիրությամբ ու մեծ հավատքի շնորհիվ պիտի ստիպենք թշնամուն ապաշխարել և հատուցել>>:

Խաչքարի բացմանն իրենց խոսքով հանդես եկան մանկավարժներ, հյուրեր և Ջերմուկի քաղաքացիներ, Պատանի երկրապահները, եկեղեցու երգչախումբը, ինչպես նաև Երիտասարդական կենտրոնի անդամները, որոնց արտասանած Պարույր Սևակի խոսքերը.

<< Գարուն էր: Չեկած ամառ`
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց` կրակի՜ պես…
-Գարուն ա, ձուն ա արել… >>

ասես միձուլվեցին երկնքի հետ և կատարվեց մարգարեության պես:

Այնուհետև բոլոր ներկաները ծաղիկներ  դրեցին Ցեղասպանության  նահատակների հուշաքարին:

Եղեռնի 100-ամյա տարելիցի առթիվ ներկաները 100 ծառ տնկեցին եկեղեցու բակում` խոստանալով մշակել իրենց իսկ տնկած ծառերը:

 

                                                        Սրբ. Գայանե եկեղեցու Երիտասարդաց միություն

Advertisements