ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ


Հինանց Դ. Կիրակիին տրվել է ԿԱՐՄԻՐ մակդիրը: Այդ կիրակին իրեն հատուկ ոչ մի շարական չունի և, հետևաբար, սովորական մյուս կիրակիներից չի տարբերվում: Սակայն այն զուրկ չէ իր ուրույն խորհրդից, որ կարելի է վեր հանել նրան տրված ժողովրդական այդ անունից: Ակնարկեցինք այդ անունը բնությունից վերցված լինելու իրողությունը, այժմ անդրադառնանք նրա բարոյական ու այլաբանական իմաստին:

Հայտնի է, որ կարմիր գույնը առհասարակ պայքարի խորհրդանշանն է: Կարմիրը, կարծես թե շարժման մեջ է դնում պայքարի բնազդական «ռեֆլեքս»-ները: Ցուլը մարդուն թողած՝ կարմիր կերպասի վրա է հարձակվում պոզահարելու համար: Պատահական չէ, որ մարտական ժողովուրդն իրեն իբրև դրոշ է ընտրում աստղով և մահիկով պսակված կարմիրը: Պատահական չէ, որ բոլոր ժամանակների մարտական մեծագույն հեղափոխությունը նույնպես իրեն իբրև խորհրդանշան ունեցավ կարմիր գույնը: Եվ զուր տեղը չէ, որ հայ ժողովուրդն իր մարտական ոգին մարմնավորող Վարդանին մկրտեց նաև «կարմիր» մակդիրով: Ու վերջապես պատահական չէ, որ քրիստոնեությունը, երբ ցանկացավ պատկերով ներկայացնել իր Հարուցյալ Փրկչին, զգեստավորեց Նրան կարմիր ձորձով և Նրա ձեռքը կարմիր դրոշ տվեց խաչի նշանով: Մինչև իսկ Հին Ուխտի մեջ, սրանից շուրջ երկու հազար հինգ հարյուր տարիներ առաջ Հաղթականը պատկերվում էր կարմիր գույներով: «Ո˚վ է սա, որ սուրալով է գալիս Եդովմից, որի զգեստները բոսորի կարմրությունը ունեն, գեղեցիկ պատմուճանով և հուժկու զորությամբ… ինչո̊ւ կարմիր են զգեստներդ հնձանահարի հանդերձների նման»/Ես. ԿԳ 1-2/:

Բոլորիս ծանոթ է «կյանքը պայքար է» սովորական ասույթը. պայքար՝ ոչ միայն ի խնդիր ամենօրյա հացի, այլ նաև անգութ մրցապայքարում հասարակության մեջ իր տեղը, դիրքը և հավասարակշռությունը պահելու համար: Մեր ամենօրյա ապրած ֆիզիկական կյանքի ամեն մի վայրկյանը մշտական պայքար է կյանքի ավերիչ ուժերի դեմ: Մեր միլիոնավոր կարմիր ու սպիտակ գնդիկները մեկական զինվոր են, որոնք մշտապես պայքարում են մեր ֆիզիկական կյանքի բոլոր միկրոբները բնաջնջելու կամ կռվի պատնեշի վրա ընկնելու համար:

Նույնն է իրողությունը ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ համար: Կա արդարև այսպես կոչված մի իրականություն: Կա քրիստոնեական կյանք կոչվածը ոչ միայն Ավետարանի էջերի մեջ՝ իբրև բարոյական սկզբունք և ճշմարտություն, այլ նաև կա այդ ամենը յուրաքանչյուր քրիստոնյայի մեջ՝ իբրև կենսական սկզբունք: Քրիստոնեական մկրտությամբ ամեն մի հավատացյալ օժտվում է հոգևոր կենսական նոր սկզբունքով, որ այնքան իրական է իր մարզի ու տեսակի մեջ, որքան իրական է «բիոլոգիական» կոչված կենսական սկզբունքը ֆիզիկական բնագավառում: Դրոշմի խորհուրդը սահմանված է՝ հավատացյալին այն անհրաժեշտ զորությունը և կարողությունը տալու համար, որով կարողանա «զամենայն մուխս չարին շիջուցանել». այսինքն՝ պայքարել այն այլասերիչ և ապականիչ չար ուժերի դեմ, որոնք սպառնում են խաթարել, տկարացնել կամ սպանել մեզ տրված հոգևոր կյանքը: Դրոշմով քրիստոնյան վերածվում է իսկական մարտիկի, պատրաստ՝ աստվածատուր կյանքը պահպանելու և պաշտպանելու բարոյական և հոգևոր մարզերի մեջ, երբեմն մինչև անգամ ի գին ֆիզիկական կյանքի:

ԿԱՐՄԻՐ կիրակին քրիստոնեական ՔԱՋՈՒԹՅԱՆ հիշեցման օրն է: Քաջությունը հիմքն է քրիստոնեական առաքինությունների մեջ. «Կարմիր Վարդան»-ի նկարագրի ամենից հատկանշական գիծն էր այդ: Վայ նրան, որ դատարկված է նրա կարմիր շիճուկից: Մեր բարոյական և ֆիզիկական գոյությունը պայմանավորված է ԿԱՐՄԻՐ կիրակիի խորհրդով՝ քաջությամբ և ազնվական պայքարով ընդդեմ այլասերիչ տարրերի՝ մեր անձից ներս կամ հասարակության մեջ:

Նյութի աղբյուր`
Շնորհք Պատրիարք Գալուստյանի
«
Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան և
Գունագեղ կիրակիներ ու Հոգեգալուստ
»  գիրքը

Advertisements