Վայոց Ձորի թեմ

Խաչքարային հորինվածքի բաղկացուցիչները

Advertisements

Թռչունները: Թռչունները խաչի նման՝ հորինվածքի ամենաշարժուն տարրերն են: Խաչքարային հորինվածքում թռչնի խորհրդանշական ցուցիչը նրա զբաղեցրած տեղն է. ստորին հատվածը զբաղեցնում են ջրային և հիմնականում գետնակյաց թռչունները, միջնամասը փայտփորիկատիպ թռչունները, իսկ վերնամասը «սավառնող» թռչունները: Սա խաչքարի՝ որպես աշխարհի համընդհանուր մոդելի հայկական տարբերակի, վառ արտահայտված առանձնահատկություններից մեկն է, երբ վերևը, միջնամասը և ներքևը ցուցվում է թռչնային հիերարխիայի օգնությամբ: Այսուհանդերձ, ավելի մեծ թիվ են կազմում այն խաչքարերը, որոնց հորինվածքում թռչունները զբաղեցնում են հորինվածքի վերնամասը կամ քիվը: Դրանք իրար դիմաց կանգնած զույգ կաքավներ են, աղավնիներ կամ սիրամարգեր (սկիհից խմելիս, խաղողի ողկույզներն ու թփերը կտցելիս), որոնք ցուցում են երկնային-սրբազան ոլորտը, երկնային այգին, հոգիների անմահությունը, որոնց կարելի է հասնել խաչի միջնորդությամբ:

Աշխարհիկ պատկերաքանդակը: Մահկանացուների պատկերաքանդակները, եթե բացառենք այլ տարածքների եզակի դրսևորումները (Իմիրզեկ, Ուրծ, Քանաքեռ, Կողես, Մամաս և այլն), լիարժեք արտահայտություն ունեցան Արցախի 12-13-րդ դարերի խաչքարերում՝ երևան բերելով ժողովրդական պատկերացումների մի շարք կողմերը: 15-17-րդ դարերում այն հանդիպում է նաև Ջուղայում, Գեղարքունիքում և Վայոց ձորում:

Արցախյան պատկերաքանդակները ներկայացնում են ռազմիկների, իշխանների և արհեստավորների, կանանց և երեխաների: Կարելի է առանձնացնել կռվի և խնջույքի, սգի, «ընտանեկան դիմանկարի» թեմաները: «Կռվի և խնջույքի» թեման ներառում է «ռազմական ուժի» ցուցադրությունը, որսը, գինու մատռվակումը, ծիսական ըմպումը և բուն խնջույքի տեսարանները: Այս քանդակների, մատենագրական և ազգագրական տեղեկությունների համադիր քննությունը հնարավոր է դարձնում վերականգնել մահը հաղթահարելու ժողովրդական աշխարհընկալման երկու հիմնական համալիրները՝ «հավերժ խնջույքն» ու «հավերժ կռիվը», և այդ տեսարանները համարել դրանց դասական արտահայտություն: «Ընտանեկան տեսարանների» դեպքում հանգուցյալի դերում հանդես են գալիս տան կրտսեր անդամները: Խաչքարային պատկերաքանդակի մի քանի հորինվածքներ էլ, որ կարելի է անվանել «անմխիթար սգի» թեմա, ներկայացնում են հանգուցյալին և նրա մորը: Առանձին խումբ են կազմում աղոթողների քանդակները, սովորաբար հոտնկայս, բայց հաճախ էլ չոքած՝ ձեռքերը դեպի խաչը կամ առկա սրբազան կերպարը պարզած: Նման դերակատարումով հանդես են գալիս հենց հանգուցյալները, երբեմն էլ՝ խաչքարը կանգնեցնողները:

Դիտարկվող պատկերաքանդակները, բացառյալ վերջին խումբը, արտահայտում են գաղափարներ, որոնք կապ չունեն պաշտոնական քրիստոնեության հետ, թեև գտնվում են խաչի հարևանությամբ: Սակայն, ժամանակակիցների համար դա այնքան էլ հակասություն չէր. հավատը Արդար դատաստանի հանդեպ չէր բացառում և հավատը խնջույքի կամ կռվի միջոցով մահը հաղթահարելու հանդեպ: Հանգամանք, որը պայմանավորել է զուտ ժողովրդական թեմաների պատկերումը խաչքարերի վրա:

Արձանագրությունը: Խաչքարի հետ բաց հաղորդակցումը ենթադրում էր մատչելի դարձնել նաև արձանագրական տեղեկատվությունը, որով էլ պայմանավորված է դրանց տեղադրումը սալի արևմտյան երեսին (քիվին, ճակտոնին, եզրագոտու վրա, հորինվածքի ստորին մասում, պատվանդանի վրա, բոլորեն սալաքարը, խորանը, վարդյակը)՝այսինքն տեսանելի լինեն առաջին իսկ հայացքից: Զգացվում է ձգտումը՝ արձանագրությունը չխառնել հորինվածքի քանդակազարդերի հետ, ապահովել նրա դյուրընթեռնելիությունը: Քիչ չեն դեպքերը, երբ արձանագրություններն, այնուամենայնիվ, շեղվում են այս սկզբունքից և տեղադրվում սալի կողերին կամ թիկունքին, զբաղեցնում ավելի մեծ տեղ, քան քանդակային հորինվածքը, խառնվում զարդերին և այլն: Հայտնի են նաև խաչքարային մի քանի ծածկագիր արձանագրություններ, որոնց ծածկագրումը կապված էր միստիկ բովանդակության հետ (աշխարհիկ կյանքից հրաժարում, մեսսիայի գալստյան կանխագուշակում և այլն), ինչն այնքան էլ չէր պատշաճում հույսի և փրկության երաշխիք համարվող խաչքարին և ուղղված էր «հատուկ պատրաստություն» ունեցող ընթերցողին: Որոշ խաչքարեր էլ արտաքնապես ավելի նման են վիմագիր հիշատակարանի, քան քանդակազարդ կոթողի: Երբեմն արձանագրությունները հանդես են գալիս որպես հորինվածքի գեղազարդման մաս, եզակի դեպքերում ձուլվում են բուսաերկրաչափական քանդակներին կամ էլ ստանալով զանազան զարդահավելումներ՝ դառնում ծաղկագիր: Արձանագրությունների գեղարվեստական դերակատարումն աճում է հատկապես 15-17-րդ դարերում:

Այսուհանդերձ, սահմանափակ մակերես ունեցող խաչքարերն աչքի են ընկնում արձանագրությունների սեղմ ոճով ու կաղապարայնությամբ: Բազմաթիվ տեքստերի քննությամբ կարելի է հավաստել, որ խաչքարային արձանագրությունը բաղկացած է հետևյալ իմաստաբանական-կառուցվածքային բաղադրիչներից.

ա) այն, ինչ տեղի է ունեցել մինչև խաչքարի կանգնեցումը, այսինքն՝առիթը,

բ) խաչքարի կանգնեցման կոնկրետ հանգամանքները և կանգնեցման փաստի վավերացումը, գ) կանգնեցման նպատակը,

դ) խնդրանք-պատգամը:

Արձանագրության սխեմայում դիտելի է ժամամանակային հստակ շարժում անցյալ, ներկա, ապագա: Խաչքարը կանգնեցնելու առիթը կապվում է կոնկրետ իրադրության կամ նրա փոփոխության հետ, կանգնեցման փաստի արձանագրումը կարելի է ընկալել որպես միջնորդավորման հաստատմանն ուղղված ծեսի (օրհնանքով ու օծմամբ) վավերացում, իսկ նպատակը, որը միայն սրբազան է, միտված է հոգու փրկության քրիստոնեական գաղափարին:

Ելնդավոր գիծը և անվերջության պատրանքը: 11-րդ դարի սկզբներին խաչքարում հիմնական հորինվածքաստեղծ գործառույթն անցնում է ելնդավոր գծին կամ նման գծերից կազմված երկլար ու եռալար ժապավեններին: 12-13-րդ դարերում արդեն հյուսածո են վարդյակը, արմավազարդը, խաչը, եզրագոտիները: Ելնդավոր գիծն, ասեք, հյուսվածքաստեդծ մի թել է, որը գործում է վարդյակը, ապա արմավազարդը, խաչը, եզրագոտին և այլն: Այնպիսի տպավորություն է,  թե վարպետը որոշել է ասեղնագործությամբ զբաղվել քարի վրա այն էլ թելը ոչ մի տեղ չկտրելու պայմանով: Գիծը ոչ միայն անընդհատ է, նաև ճկուն է. այն սահունորեն թեքվում է, ցանկացած անցման դեպքում «ջանում» խուսափել սուր անկյուններից: Գծի անընդհատությունը տեսանելիորեն ապահովում է հորինվածքի ամբողջականության ու անվերջության ընկալումը: Փորձենք հետևել նրա ընթացքին, և մեր հայացքն էլ կխորասուզվի սահուն շարժման ու անցումների հարահոսի մեջ, շուտով կկորուսվի սկզբի և վերջի զգացումը, և կհամոզվենք, որ հետևում ենք անվերջությանը: Սահմանափակ մակերեսի վրա անվերջության պատրանք ստեղծելը խաչքարային հորինվածքի ամենահիմնական զարդային, իմաստաբանական ու ծիսական առանձնահատկություններից է: Խաչքարերը բացօթյա, մատչելի, մոտիկից տեսանելի և ձեռքով շոշափելի կոթողներ էին: Եվ հորինվածքի անվերջության պատրանքն ակնհայտ խորհրդավորություն ու խորիմաստություն էր հաղորդում նրանց:

Հեղինակ՝ Համլետ  Պետրոսյան

Advertisements