Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

ՆԱԽՔԱՆ ԱՔՍՈՐՆ ՈՒ ՏԵՂԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Նախորդ էջերում նշված դեպքերից հետո հայկական բոլոր թաղամասերում հայտարարություն փակցրին կառավարության անունից, որ քաղաքի հայ բնակչությունը տեղահանվելու է դեպի Թուրքիայի հարավային ծայրամասը, որովհետև ռուս-թրքական ռազմաճակատը, գնալով մոտենում Սեբաստիային, այդ իսկ պատճառով կառավարությունը նպատակահարմար է գտնում հայերին հեռացնել վտանգավոր գոտուց մինչև Ճեզիրեի անապատները:

Ստեփան քեռիս, երբ լսեց այդ հայտարարության մի բովանդակությունը, նույնությամբ գուշակեց այն ահավոր վտանգներն ու տառապանքները, որոնց աքսորի ճանապարհին մենք ենթարկվեցինք և ականատես եղանք:

Քեռիս ասում էր՝ տղամարդիկ մինչև հասան Չելեպի կոչված քրդական գյուղը, կարող են ողջ հասնել այդտեղ քրդերը, և ողջ մնացած բոլոր տղամարդկանց կսպանեն: Հետո կառևանգեն մեր գեղեցիկ կանանց և աղջիկներին, իսկ մնացածներին՝  ծերերին, կանանց, երեխաներին, կքշեն առաջ՝ մինչև սոված-ծարավ հյուծվեն և ոչնչանան: Եվ այդ բոլորը նույնությամբ կատարվեց: Բայց ցավալին այն էր, որ կանխագուշակելով սարսափելի արհավիրքները ինքնապաշտպանության մասին՝ ոչ մի խոսք չէր ասում, իսկ խեղճ հայրս, այդ ահավոր գուշակությունները լսելով, միայն աղոթում էր: Ժողովուրդը հուսահատվել և շշմել էր: Չկար մեկը, որ իրեն ոգևորեր, ուշքի բերեր և կազմակերպեր ինքնապաշտպանության: Այդ իսկ պատճառով հաշտվել էին մահվան հետ և ոչ ոք ինքն իրեն կամ իր ընտանիքի անդամներին պաշտպանելու կամ փրկելու մասին չէր մտածում: Այդ մասին ոչ ոքից ոչ մի խոսք չեմ լսել:

Հակառակ նրան, որ հայերի մեծամասնությունը զենք ուներ, այդ զենքը օգտագործելու մասին շատ քչերը մտածեցին: Նույնիսկ տեղահանվելուց իրենց ունեցած զենքը չվերցրին: Գոնե պահանջեին, որ հարկին օգտագործեին, և իրենց կյանքը արժևորեին: Եղան բացառություններ, որոնք դիմեցին ինքնապաշպանության: Այդպիսինների մեծամասնությունը ողջ մնացին:

Տեղահանման հայտարարությունով հայտնվում էր, որ պատրաստվելու համար 15 օր ժամանակ է տրվում:

Յուրաքանչյուր ընտանիք, իր կարողության համաձայն, իր համար փոխադրական միջոց ճարելու մասին մտածում էր, որ ձի, ձիու սայլ ճարելու հնարավորություն չկար, որովհետև պատերազմի սկզբին պետությունը բռնագրավել էր, մնում էր ավանակ ճարել: Հայրս, ձերբակալվելը հանձն առած, տնից դուրս եկավ: Եղբայրս և ես գնացինք շուկա և երկու ավանակ գնեցինք, պայտել տվեցինք  ու տուն բերեցինք: Իհարկե, կրկնակի գներով արդեն թուրքերը սկսել էին առիթից օգտվել;

Մայրս նույնպես պատրաստվում էր. հաց էր թխում ու չորացնում: Այն, ինչ-որ միասին տանելու էինք, առանձնացնում էր. ամեն ինչ խառնվել էր: Երկար տարիների ընթացքում հորս պահած հին գինիների շշերը մեջտեղ էր եկել, որոնք որպես ջուր էինք օգտագործում: Հայրս, որպես փորձառու մարդ, պատերազմը սկսվելուց բավական պաշար էր ներդրել նկուղում: Կար 500 լիտր օղի, նույն քանակությամբ էլ հին ու նոր գինի, մոտ 500 լիտր քարյող /petrol/, այդքան շաքար, մեկ տոննա կենտանական յուղ տիկերի մեջ, 200 ոսկու արժողությամբ գորգը, որոնք հավաքվել էր՝ Ամերիկա տանելու: Առանց հաշվելու խանութում եղած տեքստիլ արդյունաբերական ապրանքների արժեքը պատերազմի վատ պայմանների դեպքում մեր ընտանիքը անհրաժեշտ սննդամթերքների նեղություն չէր ունենա, բայց անսպասելի և ահավոր դեպքերը մեզ պարտադրում էին թողնել այդ բոլոր բարիքները,  հարմարությունները  և ճանապարհվել դեպի սարսափելի անհայտություն. դեպի մահ:

Ճանապարհվելուց մի քանի օր առաջ մեզ մոտ եկավ հրաժեշտի ղուլամգյուղացի Ալի-           Չավուշը՝ հորս գյուղի գործերի կառավարիչը: Նա կատարված դեպքերի մասին խոսելուց և ցավակցությունից հետո հորս այսպիսի մի առաջարկ արեց. «Հարություն, ես քեզ քո ընտանիքով չեմ կարող այս աղետից փրկել, արի համաձայնի 2 տղաներիդ տանեմ ինձ մոտ պահեմ, եթե ողջ վերադառնաս, երեխաներդ քոնն են, իսկ հակառակ դեպքում, որպես քո հիշատակները, ես նրանց կը պահեմ որպես իմ հարազատ երեխաները: Գիտես ես երեխա չունեմ, ուրեմն կըրնաս վստահ լինել, որ երեխաներդ կը խնամեմ այնպես, ինչպես դու կը խնամես»:

Այս շատ խելացի  և նպաստավոր առաջարկին մեր ընտանիքի անդամներից ոչ մեկը չհամաձայնեց, և այդ թուրքը մեզ բարի ճանապարհ մաղթեց ու գնաց:

Հաջորդ օրը հրաժեշտի եկավ իր երկու երեխաներով նախկին մեր տանտիրոջ այրին՝ Ֆերիտե հանըմը, որոնց բնակարանում երկար տարիներ ապրել ենք որպես վարձակալ: Երբ մենք՝ երեխաներս, շատ փոքր ենք եղել, երկու ընտանիքի երեխաներս այնքան իրար հետ կապված ենք եղել, ինչպես ազգակիցներ, միշտ իրար հետ խաղացել ենք: Նրանք մեզանից հայերեն են խոսել սովորել, մենք էլ նրանցից՝ թուրքերեն: Ֆերիտե հանըմի հանգուցյալ ամուսինը՝ Ֆեյյզուլլահ էֆենդին, 1896թ. հայերի կոտորածի ժամանակ հորս ստույգ մահից ազատվել է: Ֆերիտե հանըմը նույնպես առաջարկեց ինձ և փոքր քրոջս՝ Թագուհուն, իր մոտ պահել, բայց մենք այդ կնոջ առաջարկը նույնպես  մերժեցինք, հայրս մի քանի արժեքավոր տնային իրեր տվեց որպես հիշատակ, որոնք շատ դժվարությամբ վերցրեց:

 ՀՈՐՍ ԿՏԱԿԸ

Հյուրերին ճանապարհելուց հետո հայրս ինձ կանչեց իր սենյակն ու ինձ ցույց տվեց այն բոլոր արժեքավոր փաստաթղթերը և դրամը, որ պիտի թաքցներ և ինձ տվեց հետևյալ խորհուրդները. «Որդի´ս, եթե քեզ հաջողվի այս ահավոր երկրից դուրս գալ, այստեղ եղած նյութական արժեքները բավական են, որ քո տրամադրության տակ ունենաս մի փոքրիկ դրամագլուխ՝ որևէ գործ ձեռնարկելու և գոյությունդ պաշտպանելու: Եթե ինձ լսես, ապա ողջ մնալուց հետս կգնաս Ֆրանսիա, որի լեզվին քիչ թե շատ ծանոթ ես, իսկ առաջին գործդ կլինի ֆրանսիական քաղաքացիություն ընդունելը»:

Այդ ասելուց հետո մի րոպե կանգ առավ, եկավ կանգնեց ուղիղ դիմացս /Ես նստել էի աթոռին՝ սեղանի շուրջ, իսկ հայրս թե´ խոսում էր և թե´ սենյակում գնում-գալիս/ և շարունակեց. «Դեռ փոքր ես, կարող է լրիվ չպատկերացնես, թե ինչ եմ կտակում  քեզ,  որովհետև  այն  ինչ-որ այսօր  քեզ ասում  եմ, իմ  վերջին խորհուրդներն են, որոնք կարող են վճռական դեր խաղալ քո կյանքի սկզբնական ուղղությունը որոշելիս»:

Այնուհետև շարունակեց.«Իհարկե, ինձ ողջ չեն թողնի, դրա համար այսօրվա իմ ասածներն իմ կտակն է»:

                                                                                                      Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements