Հայոց Մեծ եղեռնի նահատակների հիշատակին կանգնեցված խաչքարի օրհնություն Ռինդ համայնքում


Ապրիլի 23-ին Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում Մեծ եղեռնի նահատակների և Արցախյան հերոսամարտի զոհված հերոսների հիշատակին նվիրված խաչքարերի օրհնության կարգ կատարեց թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Մեծ եղեռնին նվիրված խաչքարը քանդակել էին Ռինդ համայնքի անդամներ, քանդակագործներ Տիգրան ու Վարազդատ Ասատրյանները և Արթուր Անտոնյանը:  Նրանք այս կոթողային գործը նվիրեցին համայնքին, իսկ Արցախի հերոսամարտին նվիրված հուշաքարի կառուցումը նախաձեռնել էր համայնքապետ Հուսիկ Սահակյանը:

Խաչքարերի օրհնությունից հետո համայնքապետարանը մշակութային ծրագիր ներկայացրեց, որին մասնակցում էին նաև պատանի երկրապահները:

Օրհնության խոսքով հանդես եկավ Զարեհ վրդ. Կաբաղյանը, ապա ելույթ ունեցան ՀՀ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, համայնքապետ Հուսիկ Սահակյանը և այլ անձինք:

Համայնքապետ Հուսիկ Սահակյանը, քանդակագործ Տիգրան Ասատրյանը և համայնքի այլ անդամներ պարգևատրվեցին Երկրապահ կամավորականի շքանշաններով ու պատվոգրերով, որոնք հանձնեց մարզպետ Հ. Սարգսյանը:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

Advertisements