Վաղը Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է


Վաղը Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն էԱյս տարի հունիսի 1-ը Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:

Advertisements

Այսօր Եղիա մարգարեի հիշատակության օրն է


Այսօր Եղիա մարգարեի հիշատակության օրն էՀին Կտակարանի մեծ մարգարեներից է, որ հայտնի է Տիրոջ հանդեպ ունեցած հավատարմությամբ, հավատուրաց Աքաաբ թագավորի ու նրա կռապաշտ Հեզաբել թագուհու կողմից Իսրայելում սերմանված կռապաշտության դեմ նախանձախնդիր պայքարով:

Եղիա մարգարեն ապրել և գործել է Քրիստոսից առաջ 9-րդ դարում: Նրա մասին պատմվում է Թագավորաց Գ և Դ գրքերում: Եղիա մարգարեի անունը հիշատակում են ավետարանիչները: Թագավորաց գրքում գրված է, թե ինչպես Եղիան, իբրև Աստծո խոսքի ճշմարիտ բանբեր, Տիրոջ տնօրինությամբ հայտնվում է հավատուրաց Աքաաբի առջև և հայտարարում սպասվող երաշտի մասին:

Կատարվում է Եղիայի մարգարեությունը և երեք տարի անց մարգարեն կրկին ներկայանում է Աքաաբին: Ապացուցելով կռապաշտների անզորությունը՝ Եղիան աղոթքով վառում է իր ողջակեզի կրակը, ապա դիմելով Աստծուն՝ հորդառատ անձրեւ է բերում:

Եղիա մարգարեին են վերագրում զանազան հրաշարագործություններ, թե ինչպես աստվածային զորությամբ միշտ լի է պահում այրի կնոջ ալյուրի և յուղի ամանները, հարություն տալիս նրա մահացած որդուն եւ այլն:  Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Դեպի Մալաթիա և բանտ

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Առավոտյան կանուխ վեր կացանք և յուրաքանչյուրս մեկ-մեկ սայլ լծեցինք հորս օգնությամբ: Բաժանումը շատ դժվար էր. մայրս լաց էր լինում, փաթաթվեց մեզ, չէր ուզում բաց թողնել, կարծես՝ մայրական դյուրազգաց բնազդը կանխագուշակում էր վերահաս վտանգը:

Մեծ քույրս՝ Մարոն, նունպես լաց էր լինում: Խնդրում էր, որ չգնանք, դժվարությամբ մորիցս և քրոջիցս բաժանվեցինք, իսկ հայրս լուռ արտսվելով՝ հետևեց մեզ: Այնքան էր խեղճացել, որ նրան նայելիս, պատանեկան սիրտս մղկտում էր, հոգեկան ծանր վշտից կքած, ծերացած, ողորմելի տեսք էր ստացել:

Բացի այդ, դեռ լրիվ չէր պատկերացնում բաժանման ահավորությունը, թե ինչ սոսկալի տառապանքների պիտի ենթարկվեի ծնողի հովանավորությունից զրկվելուց հետո:

Հայրս մեզ ուղեկցեց մինչև խճուղի ու նորից համբուրեց: Բարի ճանապարհ մաղթելուց ու խորհուրդներ տալուց հետո, արտասուքը հազիվ զսպած, հետ վերադարձավ, բայց մեզանից չէր կարողանում բաժանվել: Յուրաքանչյուր քայլափոխին հետ էր  դառնում, ձեռքով հրաժեշտ էր տալիս, այդպես շարունակեց մինչև այլևս իրեն չէինք տեսնում: Ներքին նախազգացումն ինձ տանջում էր, որ այս բաժանումը սկիզբն է հետագա ահռելի զրկանքների և տառապանքների և, այսպես խորհրդածելով, առանց մեկին մոտենալու, լուռ ու տխուր, դանդաղ ճամփան շարունակեցինք մինչև հասանք Մալաթիայի ծայրամասը՝ գերմանական կույրերի դպրոցը: Մեզ ուղեկցող ժանդարմները հրամայեցին կանգնեցնել սայլերը, եզներին արձակել ու դպրոցի բակի ծառերի շուքի տակ սպասել նոր կարգադրության, երբ հավաքագրվեցինք, պարզվեց, որ 50-ի մոտ տղաներ կլինենք, բոլորս էլ սեբաստացի: Այդ օրն առավոտից ոչինչ չէինք կերել և արդեն երեկոյան՝ ժամը 7-ը կլիներ, տղաներից չորս-հինգ տղա ուզեցին քաղաք գնալ. դրամ տվեցինք և խնդրեցինք մեզ համար ուտելու բան բերեն: Գնացողների մեջ չէին Հյուսնյան Հարությունը և Վաղջյան Ալեքսանը և ուրիշ  մի քանի տղաներ:

Կաթոլիկների վարդապետը Հարությունին և Ալեքսանին պատվիրել էր գնալ կաթոլիկների առաջնորդարանը և գերապայծառից խնդրել, որ դիմի տեղի իշխանությանը, որպեսզի աքսորի ճամփին եղած կաթոլիկներն վերադարձի արտոնություն ստանան: Աքսորականների մեջ լուր էր տարածվել, իբր կաթոլիկներին ներում է շնորհված: Վարդապետը, իհարկե, չէր կարող պատկերացնել, որ Մալաթիայի կաթոլիկների առաջնորդարանը կողոպտված և գերապայծառին իր վարդապետներով սպանված կլինեն: Խեղճ վարդապետը Սեբաստիայից մինչև Ֆոնճլար այդքան ոճիրներ ու արհավիրքներ տեսնելուց հետո դեռ թուրքից ներում էր սպասում չգործած հանցանքի համար:

15 րոպե չէր անցել տղաների գնալուն, երբ երկու թուրք եկան ու հրամայեցին, որ շարք կանգնեն: Մենք էլ շարք կանգնանք և մեզ առաջնորդեցին Մալաթիայի բանտը, որ գտնվում էր Կառավարության շենքի հետնամասում: Երբ բակ մտանք, տեսանք 4-5 թուրքեր ծառի շուքի տակ, սեղանի շուրջը նստած, ուտում-խմում, քեֆ էին անում: Երբ մեզ տեսան, իրենցից մեկն սկսեց երգել հետևյալ իմաստով մի երգ. «Եկան նորից Ալլահի սեղանին մատուցելու մատաղացուները»:

Այդ, որ լսեցինք, արդեն հասկացանք, թե մեզ ինչ բախտ է վիճակված, ինչ կարող էինք անել խեղճ պատանիներս: Մեր տղաների մեծամասնությունը 14-16 տարեկան կլինեին, բացի մի քանիսից, որ 18-19 տարեկան կլինեին: Մեզ առաջնորդեցին բանտի խուցերից մեկը, որտեղ սովորաբար արգելափակում են վտանգավոր ոճրագործերին, մեզ ներս արին ոչխարների նման ու դուռը փակեցին ՝ առանց հաշվի առնելու, թե այդ փոքր խցում 50 տղա կսեղմվի,՞ թե՞ ոչ:

 Հունիսյան շոգ օրերին էր, մանավանդ Մալաթիայում բաց երկնքի տակ, առանց ծածկոցի, կարելի է գիշերել՝ առանց մրսելու, իսկ այդ զնդանում, որտեղ մի փոքր օդանցք ուներ, 50 տղա ինչպես շնչեին: Երբ դուռը փակվեց, նկատեցինք, որ կանգնած, իրար կպած ենք, իսկ հատակը ցեխ էր, օդը անտանելի էր՝ տաք ու խոնավ: Այնպես, որ օդի պակասությունից շնչահեղձ էինք լինում: Մեզ մոտ ոչ ուտելու բան ունեինք, ոչ էլ խմելու ջուր: Բոլորս, շշմած մահվան ահից, սահմռկած, լուռ մտածում էինք, ոչինչ չէինք գտնում իրար ասելու, լավ հասկանում էինք, թե այս բոլորն ինչով է վերջանալաու: Մեր ավագ ընկերներն սկսեցին մեզ մխիթարել՝ պատմելով Հայ հեղափոխական հայդուկների հերոսություններից: Մի կերպ տղաների ուշադրությունը շեղվել էր ներկա ահավոր իրադրությունից և հետագա սարսափելի դեպքերին էին նախապատրաստվում:

Օրը մթնեց և սարսափն էլ ավելի մեզ պատեց: Ահա ուր որ է, կուգան՝ մեզ սպանդանոց տանելու: Այդպիսի հոգեկան տառապանքով, առանց քնելու, գիշերը լուսացրինք: Continue reading

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության օրվա առիթով:

Մեծ Եղեռնին հաջորդած դժվարին օրերին մեր հայրենիքի մի մասում քաջարի մեր ժողովուրդը կենաց ու մահու գոյամարտ մղեց և թանկ զոհողություններով Մայիսյան հաղթական հերոսամարտերը պսակեց Հայաստանի Հանրապետության հիմնադրմամբ: Հայրենի պետականության վերականգնումով մարմնացավ մեր նախնիների դարավոր երազանքը, հույսով լցվեց մեր ժողովրդի հոգին և նոր շունչ առավ ազգային կյանքը:

Մայիսի 28-ի խորհուրդով այսօր նորոգենք Հայրենիքի հանդեպ մեր հավատարմության ուխտը, մեր ձեռաց ազնիվ գործերով, միմյանց նկատմամբ սիրով ու հոգատարությամբ հաղթահարենք բոլոր դժվարությունները՝ Տիրոջ առաջնորդությամբ շենացնելով մեր անկախ Հանրապետությունը: Continue reading

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


Ֆոնճլարում մեզ պատահած դեպքերը

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Ֆոնճլար հասնելուց հետո հազիվ մեր սայլը բեռնաթափել ու արևից պաշտպանվելու համար վրանանման մի բան էինք  պատրաստել, երբ մոտ եկավ, հորս մորաքրոջ տղան՝ Ալեքսանդրյան Ավետիքը, հազիվ 45-50 տարեկան, համակրելի մի անձնավորություն: Ես մինչ այդ նրան չէի տեսել, մեծին՝ Նազարեթին, փոքր եղբորը՝ Գևորգին, ծանոթ էի: Նազարեթի ընտանիքի անդամներին էլ ծանոթ էի. ապրում էին Սեբաստիայում, ուներ մի տղա, 2 աղջիկ: Նազարեթ հորեղբայրը պատերազմի նախօրյակին իր մեծ աղջկա՝ Աննայի հետ գնաց Ֆրանսիա, փրկվեց եղեռնի սոսկալի արհավիրքներից, իսկ Գևորգը ապրում էր Կյուրինում: Պատերազմի սկզբից զորակոչվել էր և գտնվում էր Սեբաստիայի Արամյան դպրոցի զինվորական հիվանդանոցում որպես հիվանդապահ: Երեկոները գալիս էր մեզ մոտ գիշերում, երբ պատերազմից հետո վերադարձա Սեբաստիա, նա արդեն չկար, երևի, սպանած կլինեին:

Երկու քրոջ որդիների հանդիպումը հուզիչ էր, փաթաթվեցին ու արտասվեցին: Ավետիքի հորեղբայրը ուներ երիտասարդ, գեղեցիկ կին և երկու սիրունիկ աղջիկներ, որոնցից ոչ մեկը ողջ չի մնացել: Ավետիք հորեղբայրը հայտնեց, որ հորաքույրս և ամուսինը նույն օրը այդտեղից գնացող քարավանի մեջ են եղել, որ դեռ հեռվից երևում էր, բարձրանում էին սարնիվեր: Մի նեղ արահետով խեղճ հայրս, որ այդ լսեց, ավելի վշտացավ՝ վերջին անգամ իր միակ քրոջը տեսնելու առիթից զրկվելուն: Հորաքույրս ապրում էր Թոգաթ քաղաքում, ուներ երկու աղջիկ` Աննիկ և Վերոն: Աննիկն ամուսնացած էր, իսկ Վերոնը, որ հազիվ 13-14 տարեկան կլիներ, նրան Թոգաթից չէին թողել ծնողներին ընկերանա: Հորաքրոջս ընտանիքից ոչ ոք ողջ չի մնացել, ինչպես նաև՝ հորեղբորս 5 անձից բաղկացած ընտանիքից:

Ավետիք հորեղբայրը հայտնեց նաև, որ Ֆոնճլարից այն կողմ վայրենի քուրդեր են և թուրք կառավարությունը քուրդերի ցեղապետ Պետիր բեկին վաճառել է իր շրջանից անցնող յուրաքանչյուր հային մեկ գրոշ դրամով: Երբ քարավանը հասնում է լեռան գագաթը, որ Ֆոնճլարից երևում է գագաթից այն կողմ անցնելու ճամփին, լինում է մի կիրճ: Այդտեղ կանգնած են լինում քուրդերը, որոնք յուրաքանչյուր անցորդին ստուգում են. 10 տարեկանից բարձր բոլոր այրերին առանձնացնում, տանում են քիչ այն կողմ եղած անդունդի եզերքը, մերկացնում, կացինով խփում և գցում են անդունդը, իսկ կանանցից ջոկում իրենց դուր եկածներին, պահում իրենց մոտ, իսկ մնացածներին մի լավ կողոպտելուց հետո հաջորդ օրը ճամփան շարունակել տալիս: Continue reading