ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


ԴԵՊԻ ԱՀԱՎՈՐ ԱՆՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հետևյալ օրն արդեն մեկնելու օրն էր: Առավոտ կանուխ վեր կացանք, ամեն ինչ առանձնացրինք, ինչ որ մեզ հետ տանելու էինք: Խեղճ մայրս՝ թե´ պատրաստվում էր և թե՛ անընդհատ լաց լինում: Թողնելու էինք հանգիստ, հարմարավետ և ամեն տեսակի բարիքներով լիքը մեր բնակարանը և  գնալու էինք դեպի մահ: Բայց մենք՝ երեխաներս, դեռ չէինք պատկերացնում այն ահավոր արհավիրքներն ու տառապանքները. զանազան տեսակի չոր մրգեր, մեկ-մեկ շիշ էլ ընտիր գինի: Կարծես՝ զբոսանքի կամ էքսկուրսիայի էինք գնում:

Քաղաքի ամբողջ հայությունը մեկ անգամից տեղահանել հնարավոր չէր, հետևապես յուրաքանչյուր թաղամասի համար առանձին օր նշանակեցին: Յուրաքանչյուր թաղամաս իր տեղահանվելու որոշված օրը հավաքվում էր Պարույրի արտ կոչված հրապարակը, այնտեղից էլ աքսորյալների քարավանը շարժվում էր քաղաքից դուրս: Մենք նույնպես մեր տեղահանվելու որոշված օրն ինչ որ միասին տանելու էինք, նախապես տարանք Պարույրի արտը, որտեղ տեղափոխության համար մեզ հատկացրին մեկ ձիանոց մի կառք (մեկ ձիանոց կառք հատկացրին հայ կաթոլիկ 15-20 ընտանիքներին, մնացած մեծամասնությանը՝ եզան սայլեր), որի փոխադրական միջոցների տերերը թուրքեր էին, որոնց պիտի կերակրեինք և փոխադրավարձ վճարեինք:

Վերջին պահին տանը մնացել էինք հայրս ու ես: Հայրս վերջին անգամ աչքի էր անցկացնում՝ արդյոք որևէ բան չենք մոռացել: Միաժամանակ մեջտեղը մի բան տեսնում էր, վերցնում իր տեղն էր դնում, մեկ էլ տեսավ, որ ցորենի ամբարի փոքրիկ դուռը մի փոքր բացվել էր և ցորենը թափվել էր հատակին: Հայրս ամբարի դուռը փակեց, ցորենը հավաքեց և իր տեղը լցրեց: Այդ, որ տեսա, չկարողացա համբերել ու  ասացի. «Հայրի՛կ, ի՞նչ ես անում, ո՞ւմ համար ես նեղություն քաշում, թափածը հավաքում, չէ՞ որ թողնում ու գնում ենք, ով գիտի, որ սրիկան է տանելու»:

 Հայրս ասաց. «Ես սրան ձեռք բերելու համար աշխատել եմ, չեմ կարող հանդուրժել, որ իմ աչքի առաջ փչանա, երբ իր  ժամանակին սկսես աշխատել, այն ժամանակ քո աշխատանքով վաստակի և արժեքը կիմանաս, և չես հանդուրժի, որ այն փչանա, ինչ առումով էլ լինի»:

Խեղճ հայր, երևի հույս ուներ, որ կարող է վերառնանք տանը մնացած բարիքներից օգտվենք: Հետո մտավ իր սենյակը, բացեց պահարանը, վերցրեց ատրճանակը՝ փամփշտակալով ու սկսեց նկուղ իջնել: Հարցրի, թե ինչու ես նկուղ իջնում: Վերջինս  ասաց՝ ատրճանակը պահելու: Իսկ ես ասացի. «Ա՜խ հայրիկ, ինչո՞ւ հետդ չես վերցնում, չէ՞ որ ասում ես մեռնելու ենք գնում: Արդյոք  վատ կլինի, եթե մեռնելու հարկ լինի, մի քանիսն էլ դուն սպանես, գոնե քո կյանքը թանկ արժեցնես»:

Հայրս չլսեց, տարավ նկուղ, ով գիտի, որ անկյունը գցեց: Վերջում տնից դուրս եկանք, դուռը խնամքով փակեց, գոմը մտավ, այնտեղ մնացել էր կովը, որ ուզում էր միասին տանել: Մի կերպ գոմից դուրս հանեցինք և ես, պախուրցից բռնած, հայրս էլ ետևից գավազանով առաջ էր քշում, բայց կովը չէր ուզում առաջ գնալ, կարծես՝ բնազդաբար զգում էր, թե իրեն ուր են ուզում տանել, ստիպված ճանապարհին մի թուրքի վաճառեցինք: 20 շիշ, ով իր արժեքի մեկ տասնորդով հասանք Պարույրի արտը, քաղաքի բնակչության զգալի մասը հավաքվել են: Հայերը եկել են իրենց հարազատներին վերջին հրաժեշտը տալու, իսկ թուրքերը եկել են՝ որևէ արժեքավոր իր չնչին գնով գնելու: Ոմանք էլ կատարվածից գոհ ուրախանալու:

Երեկոյան ժամը 4-5-ի ժամանակ ազդարարվեց շարժվել, նախ՝ եզան սայլերն սկսեցին առաջանալ, նրանց հետևեցին՝ մեր ձիու կառքերը: Ճանապարհը հետաքրքրասեր ամբոխի կողմից փակված էր, և ոստիկանները դժվարությամբ էին կարողանում աքսորականների սայլերի համար ճանապարհ բացել: Տեսարանը ողբալի և սահմռկեցուցիչ էր. մոտ 250-300 ընտանիք, թողած իրենց հարմարավեր տներն ու ունեցվածքը (իրենց հայրերին, ամուսինների եղբայրներին և հարազատներին, որոնք գտնվում էին բանտերում և սպասում հերթի բնաջնջվելու), գնում էին ահավոր, տանջալի տառապանքներով լի զարհուրելի անորոշության: Եվ այսպես լաց ու կոծով քարավանը շարժվում էր առաջ: Երեկոյան ժամը 2-3կմ հեռավորության Ղարդաշլատ կոչված բարձունքի ստորոտն արդեն մթնել էր, երբ տեղ հասանք, դա մեր առաջին հանգրվանն էր, որտեղ պետք է գիշերեինք: Հազիվ քարավանը կանգ էր առել, երբ մարդիկ նկատեցին, որ իրենց ընտանիքի անդամները լրիվ չեն, ճանապարհին իրար կորցրել են: Սկսեց կանչով իրենց կորած հարազատների որոնումը, որը՝ տղին, մի ուրիշը՝ ամուսնուն, հորն ու եղբորը: Բարձրացել էր այնպիսի մի ժխոր, որ ոչ ոք ոչինչ չէր հասկանում: Այս դրությունը տևեց մինչև կես գիշեր, որից հետո կամաց-կամաց ձայները լռեցին, և ժողովուրդն առաջին գիշերն անցկացրեց բաց երկնքի տակ՝ իր պապենական բնակավայրից ոչ հեռու: Բացի երեխաներից՝ դժվար թե մեծերը քնած լինեն:

Հաջորդ օրն առավոտ կանուխ դեռ արևը չծագած՝ ուղեկցող ժանդարմներն ազդարարեցին՝ պատրաստվել ճանապարհվելու: Արևը նոր էր ծագել, երբ քարավանը սկսեց շարժվել: Յուրաքանչյուրը, երբ հասնում էր Ղարդաշլատ բարձունքը, հետ էր դառնում վերջին անգամ հրաժեշտ տալու իր սիրելի ծննդավայրին, որոնց բացարձակ մեծամասնությունն այլևս չէր վերադառնալու: Ամեն ոք հասկանում էր այդ, ուստի հուսահատությունը պատել էր բոլորին: Տղամարդիկ, որ հատ ու կենտ էին մնացել, իրար հանդիպելիս հարցնում էին՝ ո՞ւր ենք գնում, պատասխանը լինում էր՝ դեպի մահ, որը չի ուշանալու:

Երբ դեռ տանն էինք, հայրս ասում էր, որ եթե Էփսիլե կոչված գյուղը գնալու լինենք, ապահով այնտեղի գյուղացիք անպայման մեզ կպահեն, որովհետև դրանց նախնիները եղել են հույներ;

Ճանապարհվելու առաջին օրվանից ես սկսեցի հորս առաջարկել, որ գնանք Էփսիլե գյուղը: Ես այդ հարցով հորս այնքան անհագստացրի, որ մի անգամ նա ինձ ասաց. «Մորդ ու քույրերիդ թողած, ո՞ւր գնանք, առանց նրանց, կյանքը ինձ համար արժեք չունի»: Ւսկ ես ասացի. «Հայրի՛կ, չէ՞ որ դու ասում ես, որ տղամարդկանց ողջ չեն թողնի, և այդ օրն էլ չի ուշանալու, հետևապես մեր մահից հետո խեղճ մայրս ինչ է անելու: Այս օրվանից էլ թող իր ճարը տեսնի, գոնե հույս կունենա, որ ամուսինն ու երկու տղաներն ընդհանուր սպանդից ազատված են: Դա նրան ավելի մխիթարանք կլինի, և հույսը նրան կը զորացնի հետագա տառապանքներին տոկալու»: Բայց հայրս իր որոշումը չփոխեց և ասաց. «Ավելի լավ է մահը, քան խղճի խայթից տառապելով՝ ապրելը: Դրանից հետո ես այլևս այդ հարցով հորս չանհանգստացրի և ոչ էլ մտածեցի:

Ամեն երեկո, երբ քարավանը կանգ էր առնում՝ գիշերելու, մեզ ուղեկցող ժանդարմները կանչում էին քարավանում ողջ մնացած տղամարդկանց և հրամայում, որ աքսորականներից հավաքեն այսքան ոսկի և իրենց բերեն որպես պահպանության վճար, և այդ պահպանության վճարը յուրաքանչյուր օր ավելանում էր:

Մայրս էլ իր կողմից մեր թուրք կառապանին կաշառում էր դրամով, ուտելիքով, որ մեծ քրոջս՝ Մարոյի հանդեպ համակրանք ցույց չտա: Կառապանին ասում էր, որ քույրս ամուսնացած է, որ փոքր քույրս՝ Թագուհին, նրա երեխան է, իսկ ամուսինը գտնվում է բանակում:

Այսպես, առանց նշելու արժանի, էական դեպքերի, հասանք Ղանղալ կոչված գյուղաքաղաքը, այդտեղ հույս ուներ, որ կհանդիպի իր մորաքրոջ տղին՝ Ավետիքին, բայց նրան և իր ընտանիքը տեղի հայ բնակչության հետ, արդեն տեղահանել էին:

Այդտեղ Ղանղալում 2 օր մեզ հանգիստ տվին: Այդ առիթից օգտվելով՝ ես իմ ուսապարկը թեթևացրի և ամբողջ պարունակությունը գինու շշով միասին նետեցին մոտակա առուն:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements