Երևման Սուրբ Խաչի տոնը Արկազի Սուրբ Խաչ վանքում


Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին մայիսի 3-ին տոնակատարում էր խաչի 4 տոներից առաջինը՝ Սբ. Խաչի Երևման տոնը:

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն իր հոգևոր հովվի՝ Տեր Վազգեն քհն. Հովհաննիսյանի գլխավորությամբ մեկնեցին Արկազի Սուրբ Խաչ վանք, որտեղ մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչը Տեր Ներսես քհն. Արշակյանն էր:

Եղեգնաձորի ուխտավորներին միացան ուխտավորներ նաև Արտաշատից, ինչպես նաև՝ Սբ. Խաչ վանքի այս տարվա խաչքավոր Նորիկ Հակոբջանյանը՝ իր ընտանիքով:

Նորիկ Հակոբջանյանը մեկ շաբաթ առաջ էր ուխտագնացությունից վերադարձել Երուսաղեմից, որտեղից բուրվառ էր նվեր բերել Սբ. Խաչ վանքին, որով առաջին անգամ կատարվեց Սբ. Պատարագի խնկարկությունը:

Ուրախությամբ պետք է նշենք, որ այս Սբ. Պատարագից առաջ նաև Սբ. Խաչ վանքը խաչվառ էր նվեր ստացել վանքի հավատացյալ տիկնանցից մեկի՝ տիկին Սուսանի կողմից, որը Աշխարհգալոցի ժամանակ իջեցվեց հավատացյալների երկրպագության համար:

Տեր Նեսեսն իր քարոզում կարևորեց հավատարմությունն ու սերը մեր հավատքի, եկեղեցու ու խաչի նկատմամբ, քանզի  ամեն մեկիս կյանքը խաչի ճանապարհ է և այդ ճանապարհին մեզ հանդիպող դժվարությունները մենք կարող ենք հաղթահարել Տիրոջ օրհնությամբ, Նրա պատվիրանների օգնությամբ և Նրա կենարար խաչի հավատարմությամբ:

Պատարագից հետո ուխտավորները հավաքվեցին սիրո ճաշի:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements