Վայոց Ձորի թեմ

Ուխտագնացություն դեպի Գնդեվանք

Advertisements

Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության նախաձեռնությամբ Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի սաները մասնակցեցին «Հարյուր տարվա սպասում» խորագրով նկարների ցուցահանդեսին: Ցուցահանդեսի 42 մասնակիցներին սպասվում էր անակնկալ. նրանց համար մայիսի 1-ին կազմակերպվեց ուխտագնացություն դեպի Գնդեվանք և Վայքի Սբ. Տրդատ եկեղեցի:

Երեխաները, առավոտյան օրհնություն ստանալով Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանից, ճանապարհվեցին դեպի Գնդեվանք: Այնտեղ մասնակցեցին Ճաշու ժամերգությանը: Ապա Գագիկ սարկավագ Հակոբյանը ներկայացրեց Գնդեվանքի պատմությունը և նրա մասին ժողովրդական ավանդապատումները:

Տպավորությունը մեծ էր: Երեխաները հետաքրքրությամբ շրջում էին միջնադարյան հոյակերտ տաճարի կամարների ներքո և հիանում վանական համալիրի շքեղությամբ: Վերադարձին այցելեցին Վայքի Սբ. Տրդատ եկեղեցի և միասնական աղոթքով ավարտեցին ուխտագնացությունը:

Ուխտագնացությունը հայ մարդու անհատական կամ հավաքական կյանքի հոգևոր դաստիարակման լավագույն միջոցներից մեկն է: Չպետք է մոռացության մատնենք մեր ազգին հոգևոր հաց պարգևող համազգային սրբավայրերը, քանզի մոռանալով նրանց՝ մենք մեզ ենք մատնում մոռացության:

Երիտասարդաց միություն

Advertisements