ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)


ՀԱՍԱՆ ՉԵԼԵՊԻ ՔՐԴԻ ԳՅՈՒՂԸ

 

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Երկու օր Ղանղալում մնալուց հետո երրորդ օրը առավոտյան մեր քարավանը շարժվեց առաջ՝ դեպի  Հասան Չելեպի կոչված քրդաբնակ գյուղը: Այդ գյուղից սկսվում է Խարբերդի նահանգը: Ըստ մորեղբորս գուշակության՝ այդտեղից էլ սկսվելու էր ողբերգությունը:

Մեր քարավանը դանդաղ շարժվում էր առաջ՝ առանց կասկածելու, թե այդ օրն ինչ ահավոր դեպքերի են հանդիպելու: Դեռ Քեոթյուի խան կոչված վայրը չհասած՝ մեզ հասան 10-15 զինված ձիավորներ, որոնք Սեբաստիայի հայտնի ոճրագործ կողոպտիչներն էին՝ գլխավորությամբ Խալիս և Համիդ բեկ կոչված եղեռնագործների: Նրանք էին, որ գլխավորել են Սեբաստիայի բանտարկված հայ տղամարդկանց զանգվածային ջարդերը և Սեբաստիայի քարավանների կողոպտիչներն ու մինչև այդտեղ ողջ հասած տղամարդկանց կոտորողները: Երբ հասան մեր քարավանին, կանգնեցրին, և քարավանի ընթացքը փոխեցին ու առաջնորդեցին գլխավոր ճանապարհից քիչ հեռու՝ Քեոթյուի խան կոչված վայրում: Այնուհետև կարգադրեցին այդտեղ մի քիչ հանգստանալ և հազիվ մի քանի րոպե անցել էր, հրամայեցին բոլոր տղամարդիկ 10 տարեկանից բարձր դուրս գան քարավանից: Հլու-հնազանդ քարավանում եղած տղամարդիկ, առանց բացառության, դուրս եկանք քարավանից մոտ 25-30 հոգի (դա Սեբաստիայի հայ կաթոլիկների փոքրիկ 20-25 ընտանիքից բաղկացած քարավանն էր) և մեզ առաջնորդեցին պանդոկի խուցերից մեկը, որ իրենք էին զբաղեցրել այդտեղ: Չերքեզ Էմիր բեկի տղան՝ Համիդ կոչեցյալ սրիկան, վեր կացավ  բացատրեց, թե ինչու մեզ հավաքեցին այդտեղ: Ասաց, որ այստեղից այն կողմ սկսվում է քրդերով բնակեցված գյուղերը: Քրդերը կարող են ձեզ կողոպտել, ուստի Սեբաստիայի կուսակալ Մուանվերի հրամանով եկել ենք ձեր ունեցած թանկարժեք զարդեղենները և դրամները վերցնել, որ քրդերին բաժին չդառնա, իսկ հետո Սեբաստիայից փոստով կուղարկեն Մալաթիա և այնտեղ հետ կվերադարձնեն մեզանից վերցրածները: Իհարկե, վերջին անպատկառ ստին ոչ ոք չհավատաց, բայց այնքան բարոյալքված ու հուսահատված էին, որ ոչ թե դրանց, որոնք Սեբաստիայի հայտնի ազդեցիկ թուրքերից էին, այլ եթե պատահական մարդիկ էլ լինեին, դարձյալ առանց առարկության, կենթարկվեին և ունեցած չունեցածներն կտային:

Համիդի ճառից հետո իրենց հետ վերցրին մեր մեջ եղած ծերերից 4-5 հոգի, այդ թվում՝ և հորս, ապա գնացին քարավանը կողոպտելու: Մնացածների վրա հսկիչ թողին Խալիս բեկին, որ, հրացանը ծունկերի մեջտեղը դրած, բազմոցի վրա թիկնած, նիրհում էր, իսկ  գլխավերևում դրված էր իր ընկերների հրացանները, իսկ ելքի դռանը որպես պահակ, հրացանով կանգնած էր Քյութուկի  տղան՝ Հյուսեինը:

Ես նստած էի հորս քեռու տղի՝ Տիշտիշյան Կարապետի աջ կողմը, իսկ ձախ կողմը նստած էր փռնգնիկցի կառապան Պալյան մելիքը: Առաջինը՝ նիհարակազմ, ֆիզիկապես թույլ, իսկ Մելիքը հակառակը՝ հաղթանդամ, արտակարգ ուժի տեր, թիկնեղ մի տղամարդ:

Տիշտիշյան Կարապետը թեքվեց Մելիքի կողմը և ասաց. «Սրանք մի մեծ սխալ գործեցին, որ իրենց հրացանները 2 հոգու հսկողության թողին: Դուրս եկան, արի, առիթից օգտվենք. դու եղբորդ տղի՝ Ստեփանի հետ դռան մոտ կանգնած պահակի վրա կհարձակվես, իսկ ես՝ մնացած տղաներով՝ սրա, այսինքն՝ Խալիսի հաշիվը կը մաքրեմ, հրացանները վերցնենք դուրս գանք և դրսինների հաշիվն էլ մաքրենք, եթե այդ մեզ հաջողվի, կը մտածենք, թե հետո ինչ կանենք, հակառակ դեպքում՝ կռվում տղամարդու նման կը զոհվենք»: Իսկ գիտեք ինչ պատասխանեց ճուտի սիրտ ունեցող թզուկը. «Խենթացել ես, ինչ է, ուզում ես մեր բոլորի մահվան պատճառը դառնալ, ձայնդ կտրի, ես չեմ մասնակցի այդ գործին»:

Տիշտիշյանը նրան պատասխանեց, որ միևնույն է, քանի որ մենք վաղվա արշալույսը չենք տեսնի, բայց Մելիքը իր որոշումը չփոխեց, իսկ խեղճ Կարապետը մենակ ոչինչ չէր կարող անել:

Հովհաննես Ալեքսանդրյանի բազմանդամ ընտանիքը

Հովհաննես Ալեքսանդրյանի բազմանդամ ընտանիքը

Չանցավ մեկ ժամ մեր կողոպտիչները վերադարձան խուրջինի երկու աչքերը՝ թանկարժեք զարդերով ոսկի, արծաթ դրամով լցրած ու սկսեցին ներսի եղածներիս խուզարկել: Իմ բաճկոնի քղանցքում թաքցրած 20 ոսկին գտան, իսկ եղբորս մոտ եղածները մնացին, որովհետև բաճկոնը հանել էր ու վրան նստել: Կողոպուտը վերջանալուց հետո մեզ ազատ արձակեցին և մեր քարավանին թույլատրեցին ճամփան շարունակել:

Մեզ կողոպտողները մեզանից առաջ և հետո այդ ճամփով անցնող բոլոր քարավաններին անխտիր թալանել են և տղամարդկանց սպանել: Չհասկացվեց, թե ինչ պատճառով մեր քարավանի այրերին ազատ թողեցին: Երեկոյան՝ ժամը 5-6-ի ժամանակները, մեր քարավանը մոտենում էր Հասան Չելեպի կոչված քուրդ բորենիների որջին: Հեռվից տեսնում էինք, որ դեպի մեր կողմն է գալիս մի բազմություն՝ բաղկացած չափահաս տղամարդկանցից և կանանցից՝ զինված բահով, բրիչով, սուրով և հրազենով: Մեզ ուղեկցող ժանդարմներն սկսեցին օդ կրակել իրենց հրացաններով: Չհասկացանք մեզ պաշտպանելո՞ւ, թե՞ խուժանին հարձակման ազդանշան տալու: Խուժանը, առանց ուշադրություն դարձնելու օդի կրակոցներին, գոռում-գոչյունով հարձակվեց մեր քարավանի վրա, և սկսվեց կողոպուտն ու սպանությունները: Ինչ որ տեսնում էին, քաշում ու վերցնում էին: Վա՜յ նրան, որ  կհամարձակվեր ընդդիմություն ցույց տալ, տեղն ու տեղը սպանում էին: Միևնույն ժամանակ քարավանը շարժվում էր առաջ: Մեկ ժամ չտևեց, որ մեր քարավանը մերկացրին, և ով գիտի՝ որքան մարդ զոհվեց: Այս վայրագությունները կատարողները քրդերն էին, որ հետագայում մեր բախտին պիտի արժանանային: Մեր 2 ավանակներն իրենց բեռներով տարան, որոնց վրա գտնվում էր մեր սննդամթերքն ու հագուստները: Այլևս ո՛չ սննդամթերք և ո՛չ էլ բավարար դրամ ունեինք: Այս դրությամբ քարավանը մոտեցավ գյուղին, իսկ կողոպտիչ ոճրագործին քուրդերը թողեցին և հեռացան իրենց ավարներով:

Գյուղում՝ պանդոկանման մի շենքում, մեր խմբին հատկացրին սենյակներ: Յուրաքանչյուր սենյակում 2-3 ընտանիք. մեր սենյակում մեզ հետ էր Տիշտիշյան Կարապետի ընտանիքը, իսկ քարավանի մեծամասնությունը տեղավորվել էր գյուղից դուրս բաց դաշտում: Տեղավորվելուց հետո մեծերն սկսեցին օրվա դեպքերի մասին խոսել և իրենց կորուստները հաշվել: Հաշվից պարզվեց, որ մեր ընտանիքի ամբողջ ունեցվածքից մնացել էր 24 ոսկի և 2 անկողին (հարկավոր է նշել, որ տնից դուրս գալուց ունեցել ենք 200 ոսկի), փառք տվինք, որ դեռ մի բան մնացել էր, մի քանի ժամանակ ևս մեր գոյությունը պահելու:

Երեկոյան դեռ չմթնած, տիշտիշյան Կարապետը և իր քրոջորդին` Ռուբիկը, որ միաժամանակ մեծ քրոջս՝ Մարոյի նշանածն էր, պատրաստվում էին փախչել, երբ վերջին հրաժեշտն էին տալիս, Կարապետի զոքանչ մայրն սկսեց փեսին հանդիմանել` ասելով. «Թքած այդպիսի տղամարդուն, որ իր կնոջը, երեխին ու հարազատներին թողնում է քրդերի ողորմածությանը և փախչում՝ իր գլուխը փրկելու»:

Այդ, որ լսեց խեղճ մարդը, ձեռքի փոքր կապոցը ցած դրավ և այսպես պատասխանեց. «Չե՛մ գնա, բայց իմացի՛ր, որ լավագույն դեպքում մեզ ձեզ մոտ կը թողնեն, 2-3 ժամ մեզ կը տանեն, ինչպես նաև քարավանում մնացած բոլոր տղամարդկանց և կսպանեն: Դուք վաղը առավոտ այստեղից կը հեռանաք` առանց մեզ: Ես չեմ գնում, որ հետագայում ինձ չանվանեք թուլամորթ և անձնասեր»:

 Իսկապես, մեկ ժամ չանցած, եկան բոլոր տղամարդկանց տարան: Կարապետը սենյակից դուրս գալուց առաջ հետ դարձավ դեպի զոքանչը և ասաց. «Այս էր ուզածդ ու դուրս եկավ սենյակից»:

 Սկսվեց լացն ու ողբը. կանայք մղկտում, լաց էին լինում և լավ հասկանում էին, որ իրենց սիրելիներն այլևս չեն վերադառնալու: Քիչ հետո հայրս  և ուրիշ մի քանի 50-ը անց ծերերն ու կաթոլիկ վարդապետը հետ վերադարձան: Քարավանի կանայք այդ գիշերը լուսացրին՝ իրենց սիրելիների կորուստը ողբալով:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

Advertisements