ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Խաչքարային հորինվածքի կառուցվածքը պայմանավորված է ձգված համամասնություններով  սլով (որը ենթադրում է հորինվածքի ուղղաձիգ առանցքի շեշտվածությունը) և հորինվածքի կենտրոնական առանցքը կազմող քառաթև խաչով (որը ենթադրում է հորինվածքի ծավալում ուղղաձիգ և հորիզոնական առանցքներով): Ուղղաձիգ առանցքի գերակայությունը պայմանավորված է նաև կենտրոնական խաչի ձգված համամասնություններով, որի դեպքում խաչի ստորին թևը երկու և ավելի անգամ երկար էր վերին և հորիզոնական թևերից: Խաչը հորինվածքի ուղղաձիգ առանցքում ոչ միայն կենտրոնական, այլև միջակա դիրք է գրավում: Այն հենվում է ուղղաձիգ (և/կամ հորիզոնական) արմավազարդի և նրանից ներքև գտնվող վարդյակի (եռանկյունու, պատվանդանի, աստիճանների, կամարաշարի, եկեղեցական կառույցի և այլնի) վրա: Խաչից ներքև կամ խաչի ներքնահատվածում) են պատկերվում Ադամը և մահկանացուները, կենդանիները, ջրային կամ գետնակյաց թռչունները, սողունները: Խաչի վերնամասում են տեղադրվում խաղողի ողկույզները, նռան քանդակները կամ դրանք նմանակող զարդերը: Խորանի վերնամասում կամ վերև գտնվող քիվի վրա պատկերվում են արևը և լուսինը, Քրիստոսը, Աստվածածինը, զանազան սրբերը, բարձր սավառնող կամ դրախտային համարվող թռչունները: Խաչից ներքև և վերև տեղադրվող այս բաղադրիչներն ու տարրերը հավաստում են, որ խաչքարային հորինվածքն ունի ուղղաձիգ եռամաս կառուցվածք :

Խաչքարային հորինվածքի բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ եռամաս կառուցվածքը հստակորեն դիտելի է նաև հորիզոնական առանցքով: Ընդ  որում, այդ եռամասնությունն էլ ոչ միայն ենթադրելի է՝ շնորհիվ խաչի կառուցվածքի (ուղղաձիգ առանցք և աջ ու ահյակ թևեր), այլև տեսանելի է՝  շնորհիվ մի շարք հորինվածքային բաղկացուցիչների՝ աջ ու ձախ արմավազարդեր (խաղողի ու նռան պտուղներ, լուսային նշաններ, զույգ թռչուններ և այլն), աջ ու ահյակ խաչեր, ուղղաձիգ եզրագոտիները և այլն: Այս եռամասնությունը կարելի է վավերացնել նաև հորինվածքի ուղղաձիգ այլ բաղկացուցիչների՝ քիվի և խաչատակի մակարդակով:

Բազմաթիվ խաչքարերում հորինվածքը, եթե նկատի չունենանք տեխնիկական շեղումները կամ անկատարությունը, ներկայանում է որպես կառուցվածքային և զարդային համաչափության օրինակ: Բայց քիչ չեն և այն խաչքարերը, որոնց հորինվածքում՝ հորիզոնական կառուցվածքային համաչափության պայմաններում, ակնհայտ է զարդային անհամաչափությունը: Վերջինիս հիմքում աջի և ձախի քրիստոսաբանական ընկալումն էր:
Այսպիսով՝  խաչքարային հորինվածքը, որպես սկզբունք, ունի ուղղաձիգ և հորիզոնական եռամաս կառուցվածք, հորիզոնական կառուցվածքային (երբեմն էլ զարդային) համաչափություն և ուղղաձիգ կառուցվածքային և զարդային անհամաչափություն:

ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸՈւՂՂԱՁԻԳ «ՇԱՐԺՈՒՄԸ» ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔՈՒՄ, ԽԱՉԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՋՆՈՐԴ: Խաչքարային հորինվածքը՝ Continue reading

Advertisements