ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ


ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ Խաչքարային հորինվածքի կառուցվածքը պայմանավորված է ձգված համամասնություններով  սլով (որը ենթադրում է հորինվածքի ուղղաձիգ առանցքի շեշտվածությունը) և հորինվածքի կենտրոնական առանցքը կազմող քառաթև խաչով (որը ենթադրում է հորինվածքի ծավալում ուղղաձիգ և հորիզոնական առանցքներով): Ուղղաձիգ առանցքի գերակայությունը պայմանավորված է նաև կենտրոնական խաչի ձգված համամասնություններով, որի դեպքում խաչի ստորին թևը երկու և ավելի անգամ երկար էր վերին և հորիզոնական թևերից: Խաչը հորինվածքի ուղղաձիգ առանցքում ոչ միայն կենտրոնական, այլև միջակա դիրք է գրավում: Այն հենվում է ուղղաձիգ (և/կամ հորիզոնական) արմավազարդի և նրանից ներքև գտնվող վարդյակի (եռանկյունու, պատվանդանի, աստիճանների, կամարաշարի, եկեղեցական կառույցի և այլնի) վրա: Խաչից ներքև կամ խաչի ներքնահատվածում) են պատկերվում Ադամը և մահկանացուները, կենդանիները, ջրային կամ գետնակյաց թռչունները, սողունները: Խաչի վերնամասում են տեղադրվում խաղողի ողկույզները, նռան քանդակները կամ դրանք նմանակող զարդերը: Խորանի վերնամասում կամ վերև գտնվող քիվի վրա պատկերվում են արևը և լուսինը, Քրիստոսը, Աստվածածինը, զանազան սրբերը, բարձր սավառնող կամ դրախտային համարվող թռչունները: Խաչից ներքև և վերև տեղադրվող այս բաղադրիչներն ու տարրերը հավաստում են, որ խաչքարային հորինվածքն ունի ուղղաձիգ եռամաս կառուցվածք :

Խաչքարային հորինվածքի բնութագրական կողմերից մեկն էլ այն է, որ եռամաս կառուցվածքը հստակորեն դիտելի է նաև հորիզոնական առանցքով: Ընդ  որում, այդ եռամասնությունն էլ ոչ միայն ենթադրելի է՝ շնորհիվ խաչի կառուցվածքի (ուղղաձիգ առանցք և աջ ու ահյակ թևեր), այլև տեսանելի է՝  շնորհիվ մի շարք հորինվածքային բաղկացուցիչների՝ աջ ու ձախ արմավազարդեր (խաղողի ու նռան պտուղներ, լուսային նշաններ, զույգ թռչուններ և այլն), աջ ու ահյակ խաչեր, ուղղաձիգ եզրագոտիները և այլն: Այս եռամասնությունը կարելի է վավերացնել նաև հորինվածքի ուղղաձիգ այլ բաղկացուցիչների՝ քիվի և խաչատակի մակարդակով:

Բազմաթիվ խաչքարերում հորինվածքը, եթե նկատի չունենանք տեխնիկական շեղումները կամ անկատարությունը, ներկայանում է որպես կառուցվածքային և զարդային համաչափության օրինակ: Բայց քիչ չեն և այն խաչքարերը, որոնց հորինվածքում՝ հորիզոնական կառուցվածքային համաչափության պայմաններում, ակնհայտ է զարդային անհամաչափությունը: Վերջինիս հիմքում աջի և ձախի քրիստոսաբանական ընկալումն էր:
Այսպիսով՝  խաչքարային հորինվածքը, որպես սկզբունք, ունի ուղղաձիգ և հորիզոնական եռամաս կառուցվածք, հորիզոնական կառուցվածքային (երբեմն էլ զարդային) համաչափություն և ուղղաձիգ կառուցվածքային և զարդային անհամաչափություն:

ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸՈւՂՂԱՁԻԳ «ՇԱՐԺՈՒՄԸ» ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔՈՒՄ, ԽԱՉԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՋՆՈՐԴ: Խաչքարային հորինվածքը՝ շնորհիվ խաչասալի ուղղաձիգության և կենտրոնական խաչի վեկտորայնության (որի հորիզոնական թևերը «տեղաշարժված» են դեպի վեր) ունի ընդգծված ուղղաձիգություն: Եթե իրար հետ համեմատենք խաչի հորիզոնական թևերից ներքև և վերև տեղադրված մոտիվները, կերպարներն ու զարդերը, ապա կարող ենք վավերացնել, որ խաչի հորիզոնական թևերից ներքև ավելի շատ են թփային-տերևային-ծաղկային մոտիվները, իսկ վերև պտղային մոտիվները, խաչի հորիզոնական թևից ներքև ավելի շատ են ջրային, ստորգետնյա, երկրակյաց սողունները, չորքոտանիները, թռչունները, իսկ վերև «երկնային» թռչունները, խաչի հորիզոնական թևից ներքև ավելի հաճախ են պատկերվում մահկանացուները, իսկ վերև անմահներն ու սրբերը: Կարող ենք եզրակացնել, որ խաչքարային հորինվածքում շարժումը ներքևից դեպի վերև շարժում է արմատից դեպի պտուղը, երկրայինից դեպի երկնայինը, աշխարհիկից դեպի սրբազանը, մասնավորից դեպի ընդհանուրը, անցյալից դեպի ապագան, մահից դեպի անմահությունը: Խաչն իր ներքին թևով հենվելով ներքևի խորհրդանշանների վրա, իսկ վերին թևով ձգվելով դեպի վերևի խորհրդանշանները տեսանելիորեն իրար է կապում այդ երկու ոլորտները՝ հանդես գալով որպես այս ոլորտների միջև համըդհանուր կապի իրագործող իր վեկտորային տեսքով շեշտելով վերին ոլորտի գերակայությունը ստորինի հանդեպ:

Նկատի ունենալով խաչքարային արձանագրություններում խաչին տրված բնութագրերը, որոնք սուրբ նշանը ներկայացնում են որպես հավատացյալների հույսն ու օգնականը, բարեխոսը և առաջնորդողն առ Աստված, նրանց հոգիների փրկության գրավականը կարելի է փաստել, որ խաչքարային հորինվածքում խաչը նախ և առաջ ընկալվում էր որպես համընդհանուր միջնորդ հավատացյալի և Աստծո միջև: Փաստորեն, այն, ինչն արձանագրությունն արտահայտում էր խոսքով հորինվածքն արտահայտում էր կառուցվածքով: Եվ սա խաչքարային հորինվածքի առաջնային, ամենահիմնական իմաստաբանությունն է:

 ԱՅԳԻ-ԽԱՂՈՂՈՒՏԸ: Խաչքարային հորինվածքը պահպանեց և լայնորեն կիրառեց դեռ վաղմիջնադարում մշակված խաչի՝ որպես խաղողի որթի և հնձանի պատկերագրությունն ու խորհրդաբանությունը: Երկու դեպքում էլ խաղողն ուներ նաև աստվածային պտղի և արյան խորհրդաբանություն, որի վկայություններն են պտուղները վայելող և հավատացյալներին խորհրդանշող զանազան թռչունները, խաղողի ողկույզների համադրումը գինու սափորների հետ, կամ էլ ողկույզների փոխարինումը գինու սափորներով: Նույնը կարելի է ասել և նռան քանդակի մասին, որը լայն կիրառություն գտավ 12-րդ դարից սկսած: Քննությունը ենթադրելի է դարձնում, որ խաչքարային հորինվածքում նռան պտուղների նման ընդարձակ կիրառությանը գինեբեր լինելու ընկալումներից զատ, նպաստել է և նռան պտուղների՝ դառը կեղևի տակքաղցր հատիկներ թաքցնելու քրիստոնեական այլաբանությունը: Խաղողի որթն ու ողկույզները, նռնածառերն ու պտուղները զուտ քրիստոսաբանական խորհրդաբանությունից զատ, նաև լավագույն վկայությունն են հայերի այգային աշխարհընկալման, որը ձևավորված ենք գտնում առնվազն ուրարտական ժամանակներից սկսած, և որի կայուն զարգացումը դիտելի է համարյա ողջ միջնադարի ընթացքում:

ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՀՈՐԻՆՎԱԾՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸԵթե նկատի ունենանք, որ երկնային այգին ժամանակների վերջում տիպաբանորեն նույնական էր Ադամի մեղքով կորուսված այգու հետ, ապա կարող ենք հավաստել, որ խաչքարերի խորանների վերնամասն ու քիվը՝ իրենց խաղողա-նռնային պատկերագրությամբ և այգին վայելող զանազան թռչուններով ներկայացնում են երկնային դրախտը, ուր պիտի հայտնվեն արդար հավատացյալների հոգիները: Այսպիսով կարելի հավաստել, որ խաչքարային հորինվածքը ներկայացնում է և հայ ինքնության ամենահայտնի համալիրներից մեկը՝ այգի-խաղողուտը խաչին տալով խաղողի վազի կամ հնձանի, իսկ խաչքարի վերնամասին ու քիվին երկնային դրախտի իմաստաբանություն:

 ՀԱՐՈՒԹՅԱՆ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: Խաչքարային մի շարք հորինվածքներում խաչի ստորին թևի երկու կողմերում տեղադրվող արմավազարդերը վերածվում են զույգ «թռչնաթևերի», որոնց ստորին փետրիկները նման են սողունների, միջնափետուրները՝ թռչնաձագերի, իսկ վերնափետուրը վեր է ածվում կտուցը կուրծքը մխրճող թռչնի: Այս հորինվածքների քննությունը՝ միջնադարյան մեկնողական աղբյուրների ներգրավումով, հնարավորություն է ընձեռում պարզել, որ դրանք հավալուսն կամ փյունիկ թռչունների միջոցով ներկայացնում են Քրիստոսի և նրա հետևությամբ ընդհանրապես հավատացյալների հարության այլաբանությունը: Ինչպես որ հավալուսն թռչունն է իր կողը պատռում և արյունով կենդանացնում ձագերին, այնպես էլ Քրիստոսը խաչի վրա պատռեց իր կողը և հեղեց արյունն ի փրկություն մեղավոր մարդկության: Կամ էլ՝ ինչպես որ փյունիկն իրեն հրկիզելու համար կտուցով պատռում է կուրծքը, հրդեհում իրեն և վերածնվում՝ այնպես էլ Քրիստոսը հարություն առավ ի փրկություն մարդկության:

Հեղինակ՝ Համլետ Լ. Պետրոսյան

Advertisements