Այսօր Վայոց ձորի մարզում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Երկրապահի օրվան


Այսօր Երկրապահի օրն է: Ն. Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ծայրագույն Պատրիարքի բարձրագույն տնօրինությամբ Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սբ. Պատարագ և կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների:

Այսօր Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սբ. Պատարագին ներկա էին Երկրապահ կամավորական միության անդամներ, ազատամարտիկներ, հավատացյալներ:

Սբ. Պատարագի ավարտին Եղեգնաձորի Երկրապահ կամավորների հուշարձանի մոտ, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի, տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների և զոհված Երկրապահ կամավորականների:

Այնուհետև օրհնությամբ հանդես եկավ Հայր Սուրբը:

Այս հանդիսավոր արարողությանը ներկա էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, մարզպետարանի պաշտոնեությունը, Երկրապահ կամավորական միության անդամներ, ազատամարտիկներ և այլք:

Գեղեցիկ ելույթներով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզի սաները (տնօրեն՝ Գոհար Պողոսյան):

Վերջում իրենց անզուգական ելույթներով հանդես եկան Եղեգնաձորի թիվ 2 հիմն. դպրոցի սաները: Այս գեղեցիկ միջոցառման կազմակերպիչն էր դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշան Ավետիսյանը:

Վայքի Սբ. ՏրդատՎայքի Սբ. Տրդատ եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Մարտիրոս ավագ քհն. Ավետիսյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց: Հավարտ Սբ. Պատարագի կատարվեց Հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների:

Սբ. Պատարագ մատուցվեց Ջերմուկի Սբ. Գայանե եկեղեցում: Պատարագիչն էր Ջերմուկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Գալուստ քահանա Սահակյանը: Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Գալուստը: Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ զոհված ազատամարտիկների:

Այնուհետև Ջերմուկի երիտասարդները, ձեռք ձեռքի բռնած, հպարտ եռագույններով իրենց քայլերն ուղղեցին դեպի Արցախյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար, որտեղ սպասում էին համայնքի բնակչությունը, զոհվածների հարազատները:
Մեկ րոպե լռությամբ հարգելով Արցախյան զոհերի հիշատակը՝ ողջույնի խոսքով հանդես եկան զոհված հերոսների հարազատները, քաղաքի բնակիչները և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

Զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելուց հետո Ջերմուկի հանրակրթական դպրոցների աշակերտները ներկաների առաջ հանդես եկան հայրենասիրական երգերով և բանաստեղծություններով: Երկրապահ կամավորականներին, ինչպես նաև զոհված ազատամարտիկների ծնողներին ուղղված շնորհավորանքի խոսքով հանդես եկան զոհված հերոսների հարազատները, քաղաքի բնակիչները և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:

«Մայիսի 9-ը ոչ միայն Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի օրն է, այլեւ Շուշիի ազատագրման օրն ու ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օրը: 1992 թվականի մայիսի 9-ին, Հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողության իրականացման շնորհիվ, ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին՝ որը Ղարաբաղյան ազատագրական պատերազմում արմատական և դեպի հաղթանակ տանող կարևորագույն քայլ էր: Ջերմորեն և սրտանց շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օրվա առթիվ, մաղթելով որ հայ մարդու նախանձախնդրությունն ու հավատարմությունն առ հայրենիք երբեք չպակասի: Փա′ռք ու պատի′վ մեր բոլոր հերոսներին…»,- ներկաներին ուղղված շնորհավորական խոսքում նշեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
«Մեզ բախտ վիճակվեց ունենալ այսպիսի անկախություն, այսպիսի հաղթանակ: Աստված պարգևեց այդ տղաներին՝ քաջերին ովքեր կարողացան մեզ համար հաղթանակ կերտել՝ իրենց կյանքի, իրենց՝ արյան գնով եւ մենք պետք է շնորհակալ լինենք հերոսների մայրերին, որ ազգին արժանի հերոսներ են պարգևել »,- ներկաներին ուղղված իր խոսքում նշեց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:

«Յուրաքանչյուր ազգի հարատևելու նախապայմաններից մեկը ազգային հիշողությունն է, և մենք այսպիսի միջոցառումներով փորձում ենք թարմացնել ազգային հիշողությունը և դրանով նպաստել մեր ժողովրդի, մասնավորապես հայ երիտասարդության միասնությանը և համախմբմանը»,- նշեցին միջոցառման կազմակերպիչները:
Կազմակերպված միջոցառումները վերաբերում էին հաղթական հերոսամարտերից մի քանիսին՝ 1945թ. մայիսի 9-ին, 1992 թ. մայիսի 9-ին Շուշիի ազատագրմանը: Անդրադարձ եղավ մայիսյան մյուս հաղթանակներին, քանի որ մայիսը հայոց պատմության ամենապայծառ ամիսն է ՝սկսած հինգերորդ դարից, երբ հայ ժողովրդը կանգնած էր հավատի և ազգային ինքնության կորստի վտանգի առջև, և ամսի 26-ին մեզ պարգևվեց փառավոր Ավարայր։ Այնուհետև , երբ 1918 թ. մենք արդեն կուլ էինք գնում դաժան ու ոխերիմ թշնամուն, և թվում էր ՝ Հայաստանը այլևս փրկվելու ոչ մի հույս չունի, հայոց բանակը, կռվելով աննախադեպ քաջությամբ, Սարդարապատի ճակատամարտում հաղթեց թուրքական 6-7 անգամ գերակշիռ ուժերին։ Հերթական հաղթանակն ու բերկրալի խաղաղությունը հայոց մայրերին այցելեցին 1945թ. մայիսի 9-ին, մեր սուրը, իրապես «փառքով դրեցինք պատյան», մեծ թվով հայ մարշալների, գեներալների և հերոսների սխրագործությունների, ավաղ նաև բազմահազար զոհերի գնով։ Բայց սրանով չընդհատվեց մայիսյան հաղթանակների շղթան… Արցախի քաջորդիները իրենց սուրբ ավյունի և արյան գնով ազատագրեցին հինավուրց հայոց բերդաքաղաքը, անառիկ Շուշին:

Միջոցառմանը ներկա էին, համայնքի բնակիչները, Արցախյան զոհերի այրիները: Միջոցառումը կազմակերպվել էր Ջերմուկի երիտասարդական կենտրոնի կողմից՝ աջակցությամբ Ջերմուկի քաղաքապետարանի:

Նարեկ Միրզոյան

ՆորավանքՀոգեհանգստյան արարողություն տեղի ունեցավ նաև Նորավանքում:

Թող մեր հայրենյաց պաշտպանների հավիտենական հիշատակն օրհնությամբ լինի. Ամեն:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements