Ուխտագնացություն դեպի Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի


Մայիսի 10-ին Երևանի մի խումբ հավատացյալ ուխտավորներ՝ առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանի և Արժանապատիվ Տ. Ոսկան քհն. Հովհաննիսյանի այցելեցին Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ձեռամբ Հայր Աղանի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչ հոգևորականն իր խոսքում նշեց. «Մեր քրիստոնեական կյանքն իր բնույթով մի մեծ ու տևական ուխտագնացություն է, ճանապարհ է, որ մեզ տանում է Տիրոջ առաջ: Բայց և այդ մեծ ընթացքի մեջ մենք միշտ փորձում ենք գնալ մեր հինավուրց ու սքանչելի, լեռներին բազմած վանքերը: Եվ մյուսները, ինչու չէ նաև մենք, կարող ենք հարց տալ՝ ինչու գնալ հարյուրավոր կիլոմետր ճանապարհ անցնել աղոթելու կամ Սուրբ Պատարագի մասնակցելու համար, որովհետև այդ նույնը կարող ենք անել նաև մեզ ավելի մոտ գտնվող եկեղեցիներում: Սակայն ուխտագնացությունն ունի երեք հիմնական նպատակ.

Առաջին՝ մենք գալիս ենք այս հեռավոր վանքերն ու եկեղեցիները, որտեղ մշտական քահանա չկա, Սուրբ Պատարագ չի մատուցվում, մշտական աղոթք չի հնչում:

Երկրորդ՝ գալիս ենք մեր հայրերի հավատի վկայարանները տեսնելու և նրանցով ներշնչվելու և մեր հոգևոր կյանքում օրինակ դարձնելու: Զարմանում ենք, թե մենք, որ այսօրվա տեխնիկայի զարգացման շրջանում դժվարությամբ ենք հասնում այս վանքերը, մինչդեռ դարեր առաջ մեր հայրերը իրենց հավատի զորությամբ եկել և կառուցել են Աստծու այս Սրբազան Տաճարները:

Երրորդ՝  գալիս ենք լեռների բարձունքներին վեր խոյացող այս վանքերը, որ կարծես թե երկրի ու երկնքի, մարդու Աստծու հետ հանդիպման վայրն է: Բոլոր ժամանակներում մարդը Տիրոջը հանդիպելու համար միշտ աշխարհի կյանքից, աշխարհիկ հոգսերից ու մեղքից հեռացրել է իրեն և բարձրացել լեռներ, որպես աշխարհից հեռու և վեր լինելու խորհրդանիշ»:

Advertisements