Վայոց Ձորի թեմ

ՎԵՐԱԾՆՈՒՆԴ (ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՎԵՐԱՊՐԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ)

Advertisements

ՀԱՍԱՆ ՊԱՏՐԻԿ ԵՎ ՀԵՔԻՄ ԽԱՆ

Հովհաննես Ալեքսանդրյան (1902-1988թթ.)

Հաջորդ օրը առավոտյան, սովորականի նման դեռ արևը չծագած, մեր քարավանն սկսեց առաջ շարժվել: Այն կանայք, որոնց հարազատները երեկոյան տարել էին և չէին վերադարձել, քարավանին ուղեկցող ժանդարմներից հարցնում էին իրենց հարազատների մասին, թե ուր են և ինչ արեցին նրանց: Ժանդարմները հեգնանքով պատասխանում էին` շուտով կմիանաք նրանց:

Պետք է նշել նաև, որ այն բոլոր քարավաները, որոնք անցել են, մեզանից առաջ կամ վերջը, այդ քուրդ կոչված բորենիների որջից հասան Չելեպի կոչված գյուղից, մեզ նման կողոպտվել, իսկ ողջ մնացած այրերին գազանաբար սպանել են:

Այսպիսի ուղերթը վայրենի քրդերով բնակեցված վայրերով նախապես խնամքով մշակված և հրահանգավորված է լինում հրեշատիպ մարդկանցից բաղկացած Երիտ. թուրք կոչված կուսակցության ղեկավարներ Թալեաթ, Էնվեր կոչված ճիվաղների կողմից:

Այդ օրը, առանց որևէ նոր դժբախտ դեպքի, անցկացրինք բաց երկնքի տակ,  երկոտանի բորենիներից հեռու:

Հետևյալ օրը` ցերեկվա ժամը 10-11 ժամանակները, հասանք քրդաբնակ Հասան Պատրիկ գյուղը: Հազիվ գյուղից անցել էինք, չգիտեմ ինչի համար, քարավանը կանգնեց: Մեր սայլը գտնվում էր գյուղից 100 քայլ հեռավորության ճամփի աջ եզրից 2 մետր այն կողմ` թփերով ծածկված ձորին: Հանկարծ թփերի տակից մի քուրդ դուրս եկավ, հարձակվեց ինձանից 10-15 քայլ հեռու կանգնած հայ մի ծերունու վրա ու գլխին գավազանի մի հարված հասցնելով՝ զոհին քարշ տվեց ու թփերի մեջ անհետացավ:

Ես սարսափեցի և անմիջապես անցա սայլերի հակառակ կողմը, որտեղ  հորս և եղբորս գտա, տեսածս պատմեցի և զգուշացրի, որ ձորին չմոտենան: Ես սարսափից դեռ չէի սթափվել, ուստի ոճիրի կատարված վայրը անապահով համարելով՝ սկսեցի առաջանալ կառքերի հակառակ կողմով: Հազիվ ձորը վերջացել էր, տեսա ճամփի աջ կողմում մի քարավան իջևանել է, դրանց վրաններից մեկի մեջ մտա, որպես թե՝ վտանգից թաքնվեցի:

Հովհաննես Ալեքսանդրյանի ձեռագիրը

Որոշ ժամանակ անցնելուց հետո՝ հուսալով, որ վտանգը ինձանից հեռացել է, վրանից դուրս եկա և սկսեցի մերոնց որոնել, բայց նրանք չկային: Գնում եմ մինչև քարավանի սկիզբը, մերոնց չեմ տեսնում, գնում եմ հակառակ կողմի մինչև վերջը, դարձյալ մերոնք չկան: Նորից սկսեցի դեպի քարավանի սկիզբը գնալ և հազիվ հասել էի քարավանի մեջտեղը, հանդիպեցի Մելիքի տղա Հովհաննեսին` ձի նստած, քարավանիհակառակ ուղղությունից գալը, ձայն տվեցի, կանգնեց, ինչ որ տեավ, սկսեց պատմել, թե մերոնք որքան անհանգստացած են ինձ համար, արդեն ինձ սպանված են համարում ու իմ կորուստն են ողբում: Մելիքի տղան ինձ վերցրեց ձիու գավակը և սլացավ դեպի մերոնց գտնված տեղը: Խեղճ մայրս ինձ, որ տեսավ, փաթաթվեց ու սկսեց լաց լինել: Ես նրան մխիթարում էի, որ եկել եմ, ողջ եմ, իսկ մայրս ասում էր. «Ով ինձ կապահովեցնի, որ քիչ հետո կամ վաղը բոլորիցդ չեմ զրկվելու»:

Եվ այսպես, հոգեպես ընկճված, բարոյալքված վերջին երկու օրվա ընթացքում մեր աչքի առաջ կատարված ոճիրների, վայրագությունների տպավորության տակ, յուրաքանչյուրն իր կորուստի կսկիծը սրտին, թախծալի խորհրդածություններով գնում էինք դեպի ահավոր, անվերջանալի տառապանքի ճամփան: Այդ նույն օրը գիշերեցինք Հասան Պատրիկ գյուղից քիչ հեռու դաշտում, որտեղ գիշերն անցկացրինք՝ առանց դժբախտ դեպքի:

Հաջորդ օրը՝ երեկոյան, մենք հասանք Հեքիմ խան գյուղը: Այդտեղ ձիու սայլերով խմբին հատկացրին պանդոկի մի բակ, իսկ քարավանի մեծ մասը՝ գյուղից դուրս: Հազիվ մի քիչ հանգստացել էինք գյուղի եղեռնագործերից մի խումբ եկան մեզ մոտ և սկսեցին մեզ և մեր ունեցվածքն աչքի անցկացնել: Արդյոք սիրուն աղջիկ կամ կին չեն տեսնի կամ արժեքավոր իրեր: Գրիգոր վարդապետին տարան, որին ծեծել և տանջել էին: Հաջորդ օրերին մեծերի խոսակցությունից պարզվեց, որ այդ գիշեր մի քանի աղջիկների բռնաբարել, մի մեծ գումար հավաքել և տվել էին այդ տեղի գիշատիչներին՝ որպես հյուրընկալության վարձ: Այսպես յուրաքանչյուր բնակավայր, որտեղից անցնում էինք, կողոպուտի իրենց բաժինը վերցնում էին:

Հետևյալ օրը՝ առավոտյան, սովորականի նման դեռ արևը չծագած, քարավանը շարժվեց: Գնում էինք հսկայական մի դաշտավայրով, որը կոչվում էր Յազը խան: Ամբողջ ճամփի ընթացքում մինչև Թոխմախ գետ հասնելը ջուր չկար, իսկ օրը սաստիկ տաք էր: Հունիսի վերջերին ճամփին ջուր չլինելը ժողովուրդը չգիտեր, իսկ մեր բարբարոս ուղեկից ժանդարմները մեզ չզգուշացրին, որ գոնե անհրաժեշտ քանակությամբ ջուր վերցնեինք: Առավոտյան՝ ժամը 10-ի ժամանակները, շոգն սկսեց մարդկանց նեղել, և ժողովուրդն սկսեց ջուր որոնել, բայց, իզուր, ճամփի եզերքում կամ մոտակայքում ջուր չկար, եթե մոտերքում ջուր էլ լիներ, չէինք կարող օգտվել, որովհետև քրդերը կրնկակոխ բորենիների նման հետևում էին մեր քարավանին, վայ նրան, որ քարավանից դուրս էր գալիս կամ հետ էր մնում, գիշատիչ անգղների նման քրդերը տեղն ու տեղը սպանում և մերկացնում էին:

Քրդերը տիկերով ջուր էին բերել և վաճառում էին բաժակը 5 ղրշ.: Ջուր վաճառողների շուրջը հավաքվել էր անհամար բազմություն, որոնք իրար կոտորում էին՝ մի բաժակ ջրի համար: Հայրս, չգիտեմ ինչպես, մի թաս ոչ լիքը ջուր էր ճարել, որը, առանց խմելու, բերեց և մեզ բաժանեց, բայց որքան կարող է օգնել մի ումպ ջուրը, ծարավից պապակվող մարդուն: Բերանս չորացել էր և լեզուս բերնիս մեջ չէր շարժվում:

Երկու փոքր քույրերիս թողել էինք մեր սայլի վրա, իսկ մեծերս ոտքով գնում էինք, չգիտեմ ինչու, մերոնցից բաժանվեցի, քայլերս արագացրի, հասա քարավանի սկիզբը: Հազիվ էի հասել, մեկ էլ տեսնեմ` ճամփի ճիշտ մեջտեղը սևացած, ուռած մի դիակ, որի ծննդյան գործարանի մեջ խրել են երկար մի ձող` ի տես այդ ահավոր տեսարանի: Սարսափահար հետ վերադարձա, մերոնց գտա ու տեսածս պատմեցի: Հայրս թե՝ այստեղից այն կողմ, երևի յուրաքանչյուր քայլափոխի, այդ տեսակ դիակների հանդիպենք: Մինչ այդ մայրս սկսեց հոգնածության նշաններ ցույց տալ. եղբայրս և ես, մորս թևերից բռնած, մի կերպ քարշ էինք տալիս, բարեբախտաբար, քիչ հետո հանդիպեցինք Յաղջյան Արթինի ընտանիքի 2 ձի լծված կառքին: Արթինի կինը՝ տիկին Մարիձան, տեսնելով մորս դրությունը, վերցրեց իր կառքի մեջ, ուրախությամբ մորս բարձրացրինք կառք, իսկ մենք էլ անսահման շնորհակալություն հայտնեցինք տիկին Մարիձային: Երկար չտևեց մեծ քույրս՝ Մարոն, նույնպես սկսեց հոգնել: Երկու եղբայրներս և քրոջս թևերից բռնած՝ սկսեցինք քարշ տալ: Հայրս թուրք մի սայլապանի 20 ղրշ. տվեց.  և քրոջս նստեցրինք սայլին: Եղբայրս ու ես շունչ քաշեցինք, իսկ հայրս ու մենք կարող էինք ճամփան շարունակել մինչև տեղ հասնելը:

Հայրս ճիշտ էր ասում, ինչքան առաջ էինք գնում, այնքան ճափին ընկած դիակների քանակը ավելանում էր: Ժամը 12-ի ժամանակներն ընկնում էին, եթե օգնող չունեին, այլևս վեր կենալ չէին կարողանում: Ժամը 3-4-ի ժամանակները դրությունն ավելի վատացավ. պատկերացրեք երկու հորիզոնական գծով իրարից 15-20 մետր հեռավորությամբ շարժվող եզան սայլերի շարասյունը, մեջտեղից էլ դանդաղ շարժվող ժողովուրդը, շարժվող սայլերի անիվների, կենդանիների և մարդկանց քայլերից առաջացած փոշին շնչել հնարավոր չէր: Օդը հագեցած էր փոշիով և դիակների գարշահոտությամբ: Դրանց ավելացրեք վախը, շոգը, հոգնածությունն ու ծարավը, ապա դուք կունենաք այդ սարսափելի պայմանների ահավոր պատկերը: Այդ դժնդակ պայմաններում, ով որ թույլ էր, և տղամարդու օգնությունից զուրկ, ընկնում և այլևս վեր կենալ չէր կարողանում: Տեսնում ես` մի տեղ մայրն ընկել ու չի կարողանում վեր կենալ, իսկ անչափահաս տղան կամ աղջիկ՝ լալով օգնում է, իր թույլ բազուկներով փորձում է մորը մի կերպ բարձրացնել, բայց ուժը չի հերիքում: Մի ուրիշ տեղ երեխան ընկած է, մայրը աշխատում է օգնել, անցորդներից խնդրում է, որ իրեն օգնեն, բայց, իզուր, քանի որ յուրաքանչյուրը մտածում է իր և յուրայինների մասին: Մայրը երեխին անկարող է օգնել, աղջիկը կամ տղան իր մորը թողնում են տկար, քայլելու անկարող իրենց հարազատին ու շարունակում ճամփան: Քարավանից հետ չմնալու, ինչպես արդեն ասել եմ, քարավանից հետ մնացողներին քարավանին հետևող քրդերը գիշատիչ գազանների նման սպանում ու մերկացնում էին:

Այսպիսի ահավոր երթի պայմաններով երեկոյան` ժամը 7-ի ժամանակները, հեռվից երևաց Թոխմախ գետը` իր 40 կամարներով (Քրք կէօզ) կամուրջը: Ժողովուրդին զսպել հնարավոր չէր, նրանք, որոնց վրա քիչ թե շատ ուժ մնացել էր, սկսեցին քարավանից բաժանվել և վազքով առաջ հասնել կենարար ջրին: Մեզ ուղեկցող ժանդարմներն ուզեցին արգելք հանդիսանալ և սկսեցին հրացաններից օդին կրակել, բայց չօգնեց, ոչ մի արգելքի առաջ կանգ չէին առնում, վազում էին դեպի ջուրը:

Ես նույնպես քարավանից բաժանվեցի: Գետին չհասած՝ մի քանի  հարյուր քայլ հեռու՝ ճամփի եզերքին, առաջացել էր ջրափոս և խոտ էր բուսնել: Խոտերի արանքում՝ անասունների ոտատեղերում, ջուրը լճացել էր, ընկնում եմ այդ ջրափոսերից մեկի վրա, ուզում եմ խմել, բայց հազիվ մի ումպ առնում գարշահոտությունից զզվում եմ և հետ եմ քաշվում, վեր կենում և հասնում գետին: Հազիվ գետին հասած՝ մի թուրք ճամփաս կտրում, ուզում է ինձ բռնել և ջուրը գցել: Հուսահատությունը, վախը ինձ թևեր են տալիս: Այնքան արագ եմ վազում, որ թուրքը չի կարողանում հասնել ինձ, գնում-խառնվում եմ գետեզերք եկող բազմությանը ու թուրքի հետապնդումից ազատվում եմ: Հասնում եմ ջրին, փռվում ջրի վրա, սկսում ագահորեն խմել, չեմ հագենում, փորս ուռչում է, իսկ բերանս ու կոկորդս չոր, տեսնում եմ, որ այլևս չեմ կարողանում խմել, հետ եմ քաշվում: Մինչ այդ մեր քարավանը հասել էր կամուրջին ու սկսել կամուրջն անցնել: Կամուրջից անցնելը նույնպես վտանգավոր էր, քանի որ կամուրջի մեջտեղը կանգնել էին մի քանի քուրդ երիտասարդներ, անցնողներից աչքի ընկնող պատանիներին բռնում և գցում էին ջուրը ու զվարճանում՝ ջրում խեղդվողի մաքառումը դիտելով: Իսկ նրանք, որոնք լողալով գետափ դուրս գալու փորձ էին անում, այդպիսիններին վերևից ատրճանակից կրակում էին և սպանում: Ինձանից 20-25 քայլ առջևից գնացող իմ հասակակից պատանուն բռնեցին ու գցեցին ջուրը: Մինչ նրանով զբաղվելը ես անցա սայլերի հակառակ կողմը և վազքով հեռացա այդ վտանգավոր կետից: Կամուրջն ապահով անցնելուց հետո մերոնց գտա և փառք տվինք Աստծուն, որ այդ չարաբաստիկ վայրից կարողացել ենք անցնել՝ առանց մարդկային կորուստի, բայց իրենց կորուստը ողբացողներ շատ կային:

Մեր քարավանը գետի ձախ ափին կանգ առավ և հայտնեցին, որ այդտեղ մնալու ենք մի քանի օր:

                                                                                                          Շարունակելի…

Ձեռագրի վերծանումը, համակարգչային
շարվածքն ու խմբագրումը` Սիրան Սարգսյանի:

 

Advertisements